Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում կմասնակցի ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ, ներդրվելու է ծառայության նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով, «Պաշտպան հայրենյաց» ծրագիր անվամբ, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի: Կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, թե Պաշտպանության նախարարության կողմից ներդրված նախկին ծրագիրը, որը շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում էր ենթադրում եւ ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում, ինչպես նաեւ ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում, չի արդարացրել իրեն:
Մասնավորապես, այդ ծրագրից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չի բավարարել ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:
Նոր օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով եւ կարգով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված, սահմանվում են անցումային դրույթներ:
Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 1-ին ու 9-րդ կետերի պահանջների՝ արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի աստիճանաբար անցման, պարտադիր զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, զինծառայողների աշխատավարձերի եւ այլ վճարների բարձրացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.1 ենթակետի պահանջների կատարման հետ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տեւողությամբ, 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը ներառյալ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նաեւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը 12 օրով արձակուրդ է մեկնել:
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը երեկ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել եւ անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը:
Մրցույթին դիմել եւ մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Անահիտ Մանասյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ:
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը: նոյեմբերի 8-ին ՏԱՍՍ-ին հաղորդել է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կոմիտեի նախագահ, Գլխավոր շտաբի պետ – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանապետության զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոեւը»,- հայտնել Է Շչեգրիկովիչը:
ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հավելել Է, որ կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ դրանց հակազդման միջոցները, ՀԱՊԿ-ի խաղաղարար ներուժի զարգացումը, այդ թվում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու առումով, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման եւ ապահովման կատարելագործումը, մի շարք այլ հրատապ հարցեր»:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿ
Հայաստանի բնակչությունն ավելացել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 970 հազար 600 մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 895 հազար 100 մարդ, եւ գյուղականը՝ 1 մլն 75 հազար 500 մարդ: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին մեր հանրապետությունում մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2 մլն 967 հազար 100 մարդ. մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թվաքանակը 3500-ով ավելացել է։ Երեւանում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում 300-ով է ավելացել. այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Երեւանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 96 հազար 400՝ նախորդ տարվա 1 մլն 96 հազար 100-ի դիմաց։
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ որոշ մարզերում բնակչության թվաքանակն ավելացել է՝ տարբեր տեղաշարժերի հաշվին։ Արմավիրի մարզում 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 800, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 265 հազար 900 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 257 հազար 500-ից հասնելով 258 հազար 200-ի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 700-ից դարձել է 125 հազար 300 մարդ:
Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 900-ով:
Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը նույնն է մնացել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզերում, իսկ Շիրակի եւ Լոռու մարզերում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է։ Լոռիում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով, իսկ Շիրակի մարզում բնակչության թվաքանակը պակասել է 100-ով՝ 230 հազար 400-ից դառնալով 230 հազար 300:
ՁԻՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔ
Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։ Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ, եւ հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի վաղ ArmLur.am-ը անդրադարձել էր թեմային՝ գրելով, որ տեսանյութում երեւում է, թե ինչպես է Գյումրիում հայտնի ֆայտոնի ձին ուժասպառ եղել եւ արնաքամ վիճակում չի կարողանում քայլել: