Դատավորները համոզված են, որ միայն օրենսդրական փոփոխություններ կատարելով է հնարավոր նվազեցնել դատարանների գերծանրաբեռնվածությունը: Դատավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով քննարկմանը:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է նաեւ դատավորների մասնագիտական գործունեության իրականացմանը, դատավորների կողմից դատական ակտերի կայացման ողջամիտ ժամկետի պահպանմանը: «Գաղտնիք չէ, որ դատարանների ծանրաբեռնվածությունը, նույնիսկ առանց վիճակագրական տվյալների մեջբերումների, անընդհատ եւ հաճախ անգամներով աճելու միտում ունի»,-ասաց Թովմասյանը:
Պատգամավորի խոսքով՝ դատական ակտերը այս պահի դրությամբ կայացվում են ամիսներ, նույնիսկ տարիներ անց, որոշ դեպքերում դատավորները կայացնում են ոչ այնքան խորը պատճառաբանություն ունեցող ակտեր, որոնք դառնում են թույլ եւ խոցելի:
Քննարկմանը մասնակցող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը նշեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ըստ նրա՝ օրենսդրական դաշտում փոփոխություններով կարելի է համակարգային ձեւով խնդրին լուծում տալ: «Դատավորի գործառույթի մեջ այսօր ներառված է կատարողական թերթերի տրամադրում: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու է այդ գործառույթը վերապահվել դատարաններին, ապա որեւէ ողջամիտ պատճառ չենք կարողանա վկայակոչել: Ես պնդում եմ, որ այդ փուլում դատավորի կողմից որեւէ բովանդակային գործառույթ չի իրականացվում, զուտ տեխնիկական աշխատանք է, որը տանում է դատավորի աշխատաժամանակի գերակշիռ մասը»,- ասաց դատավորը՝ առաջարկելով դատարաններին, դատավորներին չվերապահել կատարողական թերթերի տրամադրումը եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը Հարկադիր կատարման ծառայություն ներկայացնել:
Այսօր գումարի բռնագանձման պահանջներով հայցերը կազմում են ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացվող հայցերի ոչ պակաս, քան 80 տոկոսը: Դատավորի խոսքով՝ հայցագների միջին չափը տատանվում է մինչեւ 500 հազարի դրամի շրջանակներում: Այս առնչությամբ նա առաջարկում է, որ գումարի բռնագանձման պահանջներով հայցերն առհասարակ դատական քննության առարկա չդարձվեն, դրանք հանձնարարվեն նոտարներին:
Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի կարծիքով՝ հնարավոր է դատարանների գերծանրաբեռնվածությունը նվազեցնել՝ զրոյական ֆինանսական միջոցներ ծախսելով, ընդամենը կատարելով օրենսդրական փոփոխություններ: Վարչական դատարանում գրավոր ընթացակարգ նախատեսված չէ, բացառությամբ որոշ կոնկրետ դեպքերի: «Եթե օրենսդրությամբ նախատեսենք, որ Վարչական դատարանում գործերը կարող են քննվել գրավոր ընթացակարգով, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, վստահեցնում եմ, որ Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ավելի քան 30-40 տոկոսով կնվազի»,-ասաց Ազրոյանը:
Ըստ Վարչական դատարանի դատավորի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը մեծամասամբ պետք է դուրս գան իրենց վերահսկողությունից, օրինակ՝ տեսչական մարմինը ոչ թե պետք է գնա դատարան՝ ասելու, որ անձին տուգանեն, այլ ինքը պետք է այդ պատասխանատվության միջոցը կիրառի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Մ. Ն.-ն, հանդիսանալով «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված, հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակություն:
Մասնավորապես, Մ.Ն.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Մ.Ս.-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Ս.-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու եւ ավել վճարվելիք գումարները Վ.Ս.-ին վերադարձնելու շուրջ: Վերոնշյալ արարքի կատարման համար Գլխավոր դատախազությունը Մ.Ն.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել:
Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հանցավոր արարքի կատարում:
Մ.Ս.-ի նկատմամբ եւս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք Երվանդ Քոչարի փողոցի թիվ 15 շենքի բակում վիճում են ու ծեծում իրար։ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանց մոտ զենքեր ու դանակներ են եղել: Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեցին միջադեպի մասնակիցների ինքնությունը եւ կատարվածի որոշ հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ Երեւանում բնակվող մի խումբ տղամարդիկ հնչեցրել էին սեռական բնույթի հայհոյանքներ, քարերով, փայտե մահակներով հարվածներ էին հասցրել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում բնակվող մի խումբ տղամարդկանց։ Այդ ընթացքում երեւանցիներից մեկը նաեւ դանակով խփել էր Արմավիրի մարզում բնակվող 40-ամյա տղամարդուն, ապա փայտե մահակներով եւ քարերով վնասել էին նրա մեքենան: Արագ արձագանքման շնորհիվ ոստիկանության ծառայողներին հաջողվել է ձերբակալել մասնակիցներից մի քանիսին։ Այդ ընթացքում նրանցից մեկը մեքենայով փախուստի փորձ է արել՝ փորձելով վրաերթի ենթարկել ոստիկանության ծառայողներին, իսկ ձերբակալվելու ժամանակ կծել է ոստիկաններից երկուսի ձեռքերը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մարտական թմբուկավոր ատրճանակ, պարկուճ, «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ 2 ատրճանակ կար, եւ այլն։ Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ոսկետափ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 30-ամյա տղամարդու՝ «աջ ստորին վերջույթի հրազենային կոտորակային վիրավորում» ախտորոշմամբ՝ Վեդու բժշկական կենտրոն, այնուհետեւ Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։25-ին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: 30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Պարզվել են նշված վնասվածքը ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն բնակավայրի 37-ամյա բնակիչ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 37-ամյա տղամարդուն, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: