ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա օկուպացված եւ հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր եւ անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։ Armlur.am-ը հայտնում է, որ սոցիալական ցանցի իր էջում  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի բռնազավթման երկրորդ տարելիցին, գրել է. 

 

«2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր, այդ թվում՝ հայկական մշակույթի կենտրոն Շուշին։

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձեւավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը, սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923 թ.-ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձեւավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։

Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու եւ այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում՝ ինչպես 1900-ականների սկզբին, այնպես էլ 2020 թ-ին, թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը։

Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին եւ Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։

Այսօրվա օկուպացված եւ հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր եւ անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։

Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը եւ լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան եւ օկուպացիան։

Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը. այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»:

Արցախյան հարցին անդրադարցել է նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Արցախը ներքին վերադասավորումների եւ փոփոխությունների շեմին է, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետնախարարի՝ լիազորությունների առումով՝ նոր վարչապետի նշանակմամբ»,- գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արդյոք պետնախարարի նշանակմամբ փաստացի նաեւ ամբողջական իշխանափոխություն է աստիճանաբար արվում՝ դեռ վաղ է խոսել, սակայն այն, որ Արցախում ամենավերեւից քաղաքական, կադրային, մտածողության, մշակույթի, գաղափարական փոփոխության անհրաժեշտություն կա, ակնհայտ է։ Դեռ պարզ չէ, թե որոնք կդառնան կառավարության նոր առաջնահերթությունները, ինչքանով դրանք կյանքի կկոչվեն կամ Արցախում որակյալ փոփոխությունների կհանգեցնեն, բայց պետք է արձանագրել, որ Արցախի ճակատագիրը, ի թիվս մեծ թվով այլ գործոնների, շատ բանով կախված է Արցախում եղած պոտենցյալի լիարժեք իրացումից եւ արդյունավետ կառավարման համակարգից։

Արցախում պետք է արմատական փոփոխությունների գնալ. դրանք մի կողմից պետք է սահուն լինեն, մյուս կողմից՝ շատ արագ. ժամանակը շատ քիչ է։ Արցախում առկա այս իրավիճակն ու Հայաստանում հանձնողների՝ իշխանության ղեկին լինելը շարունակ նվազեցնում են Հայաստանի ու Արցախի դիմադրության ու պայքարի պոտենցյալը։ Չնայած ստեղծված բարդ իրադրությանը՝ շարունակում եմ պնդել՝ բեկում մտցնելու հնարավորություն դեռ ունենք»,- գրել է նա։

Ն.Հ.

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԿՍՏԵՂԾՎԻ

ՀՀ վարչապետը նոր որոշում է կայացրել, որով պետք է ստեղծվի բուհական ուղղությունների ցանկը եւ բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ: Այդ նույն հրամանով արդեն հաստատված է նաեւ աշխատանքային խմբի կազմը:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը պետք է   Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով.

1) նոր ձեւավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների եւ բովանդակության վերաբերյալ առաջարկություն,

2) նոր ձեւավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների եւ նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն,

3) նոր ձեւավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների եւ շրջանավարտների վերաբերյալ,

4) ակադեմիական քաղաքում նոր ձեւավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն,

5) համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների եւ գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն,

6) բուհական (ֆիզիկական, բովանդակային եւ իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն,

7) սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի փոխնախագահը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի օգնականը եւ այլք:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՈՐ ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Բերդի համայնքապետարանում տեղի կունենա սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրություններով ձեւավորված Բերդ համայնքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են  հետեւյալ երեք հարցերը՝ Բերդ համայնքի ղեկավարի ընտրություն, համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի ներկայացում, ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրվա որոշում։ Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազարությունները չարաշահելու հոդվածով, նա 2021 թվականի նոյեմբերի 9-ից գտնվում էր անազատության մեջ։ Նրա խափանման միջոց կալանքը անցած ամիս փոխվել է գրավով, եւ հոկտեմբերի 10-ից Հարություն Մանուչարյանը կրկին անցել է  համայնքի ղեկավարի իր պարտականությունների կատարմանը։ Սեպտեմբերի 25-ի ընտրությունեներում հաղթած «Զորավոր համայնք»  դաշինքի ավագանու թեկնածուների ցանկը  գլխավորող Հ. Մանուչարյանը,  կալանքի տակ գտնվելով, գրավոր դիմել է  թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ հրաժարվելով Բերդի ավագանու անդամությունից։ Նույնկերպ ավագանու անդամությունից հրաժարական է տվել Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, «Զորավոր համայնք»  դաշինքի  ավագանու թեկնածուների ցանկի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը, որը սեպտեմբերի 30-ից գտնվում է կալանքի տակ։ Ս. Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքի  Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին քարոզչություն հարկադրելու համար։ Հ. Մանուչարյանի եւ Ս. Հովսեփյանի կողմից ավագանու անդամությունից հրաժարվելը  գործարք չէր իշխանության հետ, այլ քայլ, որը հնարավորություն կտա սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք»  դաշինքի ավագանիների ցանկից նոյեմբերի 10-ի նիստում ընտրել  Բերդ խոշորացված  համայնքի նոր ղեկավարի։ Բերդ համայնքից՝ հավաստի աղբյուրից, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ նոյեմբերի 10-ին  Բերդ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվելու  «Զորավոր համայնք»  դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի  3-րդ համար, 52-ամյա  Աստղիկ Հակոբյանը, որը  ՀՕՖ-ի երեխաների իրավունքների պաշտպանության «Մարտիգյան» կենտրոնի ղեկավարն է։  «Զորավոր համայնք»  դաշինքում այդ ընտրությունը պատճաբանում են  նրանով, որ դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի առաջին երկու համարները ավագանու թեկնածությունից հրաժարական են տվել, ուստի արդար է, որ դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի  3-րդ համարը ընտրվի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս