ՍԻՐՈՒՄ ԵՆ՝ ՇԵՆԱՑՆԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիքը սիրում են՝ այն ճանաչելով, երկիրը սիրում են՝ այն շենացնելով…». հենց այս խոսքերով կյանքում առաջնորդվեց եւ հայրենիքին անձնուրաց նվիրվեց ու հերոսաբար զոհվեց ֆանտաստիկ Գեւորգ Արշակյանը:

 

«Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, եւ իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:

Գեւորգն ընդամենը 24 տարեկան էր, բայց հասցրել էր միաժամանակ սովորել եւ կարմիր դիպլոմով ավարտել Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Աշխատում էր «Հայ ասպետ» դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ։

Շատերը Գեւորգին կհիշեն հենց «Ամենախելացին» խաղից, որում տղան իր ողջույնի խոսքը եզրափակեց Գարեգին Նժդեհի խոսքերով. «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։

Այս ֆենոմենալ մարդու անուն-ազգանունը դեռ շատ երկար կհնչի երիտասարդների շուրթերին, քանի որ նրա հիմնադրած «Գիտելիքի դպրոց»-ը ուղիղ շարունակությունը պետք է լինի նրա թողած գործի: Չնայած երիտասարդ տարիքին՝ Գեւորգը կարողացավ ուրույն հետք եւ ժառանգություն թողնել գալիք սերունդին:

ArmLur.am-ը ներկա է գտնվել Եռաբլուրում Գեւորգ Արշակյանի հիշատակի արարողությանը: Վերջինիս շիրիմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել բաձրաստիճան պետական այրեր, ուսանողներ եւ պարզապես քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Գեւորգ Արշակյանը գերազանց սովորել ու ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության, ապա Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետեւ՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2020 թ. օգոստոսին ավարտել է ժամկետային զինվորական ծառայությունը, որից հետո ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի մագիստրատուրա, սակայն պատերազմի լուրը լսելուն պես մեկնել է Արցախ։ 2020 թ. նոյեմբերին Շուշիի մատույցներում վիրավորվել է եւ անմահացել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐԶՉԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ: 2023 թվականի ամռանն անցկացվելիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների՝ Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Արեգ Վաթյանը փորձառու մասնագետ է: Նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ բազմիցս ելույթ են ունեցել միջազգային մրցասպարեզում: 2017 թվականին գլխավորել է տղաների՝ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն, իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն: Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը կշարունակի Զորիկ Իսաջանին: Նա երկար տարիների մարզչական փորձ ունի: 2007- 2009 եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015թթ.՝ Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից է Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատուն է։ 2022 թվականին նրա գլխավորությամբ տղաների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

 

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԸ

Երեւանի «Փյունիկ»-ի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի խփած գնդակը Բրատիսլավայի  «Սլովան»-ի դարպասը հավակնում է դառնալ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի լավագույն գոլը: ՈՒԵՖԱ-ի կայքում քվեարկություն է սկսվել`  որոշելու համար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի լավագույն գոլը: Հրապարակված գոլերի թվում է նաեւ Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը: Յուսուֆ Օտուբանջոն «Սլովան»-ի դարպասը գրավել է սեպտեմբերի 15-ին Երեւանում կայացած խաղում: Նա աչքի ընկավ խաղի 26-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2-0:

 

 

 

2023 Թ.-Ի ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: «Աշխարհի 2023 թվականի առաջնությունը կլինի լավագույնների մեկը պատմության մեջ, քանի որ առաջնության մրցանակային ֆոնդը կլինի ռեկորդային: Արդեն եղել եմ Տաշքենդում: Նրանք կարող են լավ օրինակ ծառայել աշխարհի մի շարք երկրների համար»,- ասել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը: Բռնցքամարտի 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը կայացել էր Երեւանում:

 




Լրահոս