ԳՆԱՃԻ ՏԵՄՊԸ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի պետական բյուջեի նախագիծը մեծ իմաստով նույն տրամաբանությունն ու կառացվածքն ունի, ինչ նախորդ տարիների պետական բյուջեներն են ունեցել: Բնական է՝ թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի մասով ավելացում կա, սակայն գլոբալ տրամաբանության, վարվող տնտեսական, քաղաքական մոտեցումների ու, առհասարակ, բյուջեի կառավարման իմաստով էական տարբերություներ չկան. տեսակետը տնտեսագետ Կառլեն Խաչատրյանինն է: Ողջունելի է, ասում է, որ պաշտպանության ծախսերը մոտ 45 տոկոսով ավելի են նախատեսված, բայց պետք է փաստենք, որ այս քայլն ուշացած է:

 

«Պատերազմից միայն երկու տարի անց պաշտպանական բյուջեն էապես մեծացնելն իրապես ուշացած է, բայց, այնուամենայիվ, ողջունելի է, որ թեեւ երկու տարի ուշացումով, իշխանություններն, այուամենայնիվ, գնացել են այդ քայլին»,-  նշում է մեր զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ, սոցիալական ոլորտում, կարծում է տնտեսագետը, ճիշտ համամասնությամբ չեն գումարները բաշխվել, քիչ ավելացում է նախատեսվում, դրանք ընդամենը 11 տոկոսով են բարձրացել, ընդ որում՝ սոցիալապես այնպիսի խոցելի խավերը, ինչպիսիք են նպաստառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց տրվող նպաստները որեւէ կերպ չեն վերանայվել: «Սոցիալական ծրագրերում հիմնականում գերակշռում է կենսաթոշակառուների թոշակը 3100 դրամով բարձրացնելու էֆֆեկտն ու դրա հաշվին սոցիալական ծախսերը, նախորդ տարվա համեմատ, 11 տոկոսով ավելի են: Ու այս ֆոնին երբ տեսնում ենք, որ ոստիկանության ծախսերը մոտ 20 տոկոսով ավելացվում են, բնականաբար հարց է առաջանում, թե այս պահին արդյոք դա էր առաջանահերթ»,- հավելում է նա:

Ըստ տնտեսագետի՝ գլոբալ առումով եթե ուսումնասիրենք, բյուջեում նաեւ կապիտալ ծախսերի էապես աճ է նախատեսվում, բայց միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ծախսերի կատարողականը մոտավորապես 55 տոկոս է իրականացվել, այսինքն՝ պլանավորածի կեսն է միայն կյանքի կոչվել: Ընդ որում՝ նույն միտումն ունեցել ենք նաեւ նախորդ մի քանի տարիներին: «Իշխանությունը ավանդաբար թերակատարում է հատկապես կապիտալ ծախսերը, դրանով հանդերձ տարեցտարի ավելի շատ գումար է նախատեսում կապիտալ ծախսերի համար, ինչը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ, ավելին՝ տնտեսական քաղաքականության տրամաբանության շրջանակներում դիտարկելիս էֆեկտիվ չի: Գլոբալ առումով, այո, կապիտալ ծախսերի ավելացումը կարեւոր է զուտ ենթակառուցվածքների ավելացման, հետագա տնտեսական զարգացման պոտենցիալ ձեւավորելու իմաստով, բայց դրանք նախատեսելն ու չկատարելը շատ ավելի վատ հետեւանքների է հանգեցնում»,- ասում է Կառլեն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է անդադար նկատվող գնաճին, ապա մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանում դոլարը գնալով արժեզրկվում է, դրամը՝ արժեւորվում, ու, մոտավոր հաշվարկներով, եթե Հայաստանում դոլարը միջինում 5-7 տոկսով արժեւորվեր, ոչ թե մոտ 20 տկոսով արժեզրկվեր, ապա մեր երկրում գնաճը 10-ի փոխարեն 18.5-19 տոկոս կլիներ: Ու այդ ֆոնին պատկան գերատեսչությունների պնդումները, թե մեզ մոտ գնաճն այդքան էլ բարձր չէ, ըստ տնտեսագետի՝ ճիշտ չէ: Գնաճային գործոններն, ասում է, բազմազան են. դրանք երբեմն պայմանավորված են ոչ տնտեսական, այլ, օրինակ, անվտանգային ու քաղաքական գործոններով, որոնք որոշակի ռիսկեր են առաջացնում, բիզնեսն էլ այդ ռիսկերի պայմաններում ավելի բարձր հավելագին է պահանջում:

Անվտանգային, քաղաքական հարցերը, ասում է տնտեսագետը, թույլ չեն տալիս, որպեսզի բիզնեսներն ընդլայնեն ծավալներն ու արտադրական հզորությունները, ներկրման ծավալներն է՛լ ավելի մեծանան: Գնաճային գործոնները բազմազան են, դրանք պայմանավորված են ոչ թե տնտեսական, այլ անվտանգային գործոններով, քաղաքական անկայունությամբ, որոնք որոշակի ռիսկեր են բերում, բիզնեսն էլ այդ ռիսկերի պայմաններում ավելի բարձր հավելագին է պահանջում:

Բնականաբար, շեշտում է, նաեւ տնտեսական գործոններ կան՝ պայմանավորված, օրինակ, Ռուսաստանից Հայաստան եկած մեծաթիվ մարդկանցով, որ իրենց հետ վճարունակ պահանջարկ են ձեւավորել, եւ փաստացի դրանով, երբ ապրանքների քանակը չի փոխվում, բայց դրանց նկատմամբ պահանջարկը մեծանում է, գնաճային որոշակի երեւույթներ են առաջ գալիս տնտեսության մեջ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ 2 ՏԱՐԻ ԱՆՑ

Ամեն գնով խաղաղության գնացող իշխանությունը լեգիտիմացնում է ամեն գնով իշխանափոխությունը. այս մասին նոյեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

 

Նա նկատեց, որ իշխանությունը միավորվելու կոչ է անում, որպեսզի միասին հանձնվենք թշնամուն այն դեպքում, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է Հայաստանը ոչնչացնելը։

Ներկայիս ստատուս քվոյի պայմաններում չի կարող փաստաթուղթ ստորագրվել, որը բարենպաստ կլիներ Հայաստանի համար։ Ռուստամյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի թուլացման պատճառով, որը բախվել է աշխարհի քարտեզի վրա իր ներկայությունն ամրապնդելու էքզիստենցիալ խնդրի հետ, ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է՝ հօգուտ Հայաստանի հակառակորդների, ուստի անիմաստ է սպասել Հայաստանի համար օգտակար մի բանի։

«Խոսվում է այն մասին, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ, բայց այդ ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվի, Իսկ Հայաստանը կարող է բախվել անդառնալի հետեւանքների։ Ուստի պետք է աշխատել այն երկրների հետ, որոնց համար Հայաստանի զիջումները նույնպես կենսական նշանակություն ունեն։ Իրանը գիտի, որ դա իր համար «կարմիր գիծ» է, եւ ամեն գնով կպաշտպանի այն»,-ասաց պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ հանրության զգալի մասն ընդունել է այն թեզը, որ Ղարաբաղը հանձնելով՝ հանգիստ կապրենք։ «Կապիտուլյացիան կենսական շահերի զիջում է, որը իշխանությունն անվանում է «միակ հնարավոր լուծում»։ Բայց Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելը Հայաստանը կդարձնի ագրեսոր, որը պարտավոր կլինի անընդհատ ինչ-որ բան զիջել»,-նշեց Ռուստամյանը։

«Հանրությունը չի գիտակցում՝ ինչ է սպասվում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու դեպքում, ուստի պետք է հրաժարվել իշխանության եւ ընդդիմության միջեւ պարզունակ պայքարից»,-հավելեց Ռուստամյանը։

Նա վստահ է, որ Հայաստանը միշտ արտաքին խաղացողներին հետաքրքրել է երեք գործոնով՝ Ղարաբաղով, Սյունիքով  եւ ԱԷԿ-ով։ Դեռ 1996-ին Հայաստանի վրա ճնշում է եղել նշաձողն իջեցնելու, եւ զուգահեռ ճնշում է եղել նաեւ հակառակ կողմի վրա: Այս հարցին երեկ՝  «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ, անդրադարձել է փաստաբան Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ բանակցությունների ժամանակ երկու կողմին էլ փորձում են համոզել, որ նշաձողն իջեցնի, որ համաձայնություն կայանա. «Հիմա մեզ ասում են՝ իջեցրե՛ք նշաձողը: Եթե մենք ամեն անգամ, երբ մեզնից մի բան են ուզում, տանք, Հայաստան չի մնա, կամ Հայաստան շատ վաղուց մնացած չէր լինի: Միջազգային հարաբերություներում միշտ էլ դիմացինդ մի բան ուզում է: Հիմա եթե վաղը միջազգային հանրությունը մեզ ստիպի, որ Սյունիքի կեսը տանք Ադրբեջանին, եթե մենք գնում, ասում ենք՝ Ադրբեջանը սենց բան արեց, վայ, բա ի՞նչ ենք անելու, հետո վերցնում ենք այդ փաստարկը օգտագործում ենք ներքին օպոնենտների դեմ, ամեն անգամ կրկնում ենք ադրբեջանական թեզերը եւ ամեն ինչ անում ենք, որ դա լինի, պարզ է, որ պարտվելու ենք»,-ասաց նա:

 

 

ԱՎԱԳԱՆԻՆ՝ ՆՈՐ «ՄԱՀԱԿՈՎ»

Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխել Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքն ու ավագանուն առաջին հայացքից աննշան, իրականում, սակայն, մահակի դեր կատարող լիազորությամբ օժտել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանի «դեռեւս օրակարգում չընդգրկված» նախագծերի փաթեթների շարքում է վերնոշյալ օրենքը, որ ենթադրում է Երեւանի ավագանու լիազորությունների վերջին կետը հետեւյալ կերպ խմբագրել. «Սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երեւան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջներն եւ սահմանափակումները»: Այսինքն՝ եթե Երեւանի ավագանին փողոցում անցկացվող միջոցառումների կարգն էր միայն սահմանում, ապա այժմ կարող է այն կանոնակարգել ու, ըստ անհրաժեշտության, սահմանափակել այն: Նշենք, որ վերոնշյալ օրենքն այս տարի՝ 2022-ին, մեկ անգամ արդեն իսկ փոփոխվել է: Օգոստոս ամսին այն խորհրդարանում քննարկվել ու ընդունվել էր հետեւյալ բովանդակությամբ. «Ավագանին սահմանում է Երեւան քաղաքի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) անհատների եւ խմբերի կողմից ստեղծագործական գործունեության (ելույթների) իրականացման կարգը»: Այժմ, փաստորեն, կառավարության անդամները ցանկանում են արգելողի մահակով օժտել Երեւանի ավագանուն, որ ոչ ցանկալի միջոցառումնեի դեպքում օրենքի համապատասխան դրույթին հղում անեն ու մերժեն հայտատուի՝ բացօթյա միջոցառում անցկացնելու դիմումը:

 

 

 

ՔԱՇԱԹԱՂԸ՝ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանրային քննարկում էր կազմակերպել Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչների խնդիրների թեմայով, որին մասնակցում էին պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հենց Քաշաթաղի շրջանի բնակիչներն էին դիմել պատգամավորին եւ ներկայացրել իրենց խնդիրները, եւ Թագուհի Թովմասյանը որոշել էր հնչեղություն տալ այդ հարցին: Քաշաթաղցիները ահազանգում են` պետությունը նրանց 10 մլն դրամ է առաջարկում տուն գնելու համար, իսկ շուկայում այդ գնով տուն գնել չեն կարող։ «Այսօր 18 000 քաշաթաղցիներ մնացել են անօթեւան։ Հարցն այն է, որ դեռ այն ժամանակ` 1990-ականներին, միջազգային կառույցներում տեղյակ չէին, որ Քաշաթաղը վերաբնակեցվում է։ Ըստ էության, մենք այսօր շատ խոցելի վիճակում ենք, քանի որ ստացվում է, որ տեղի է ունեցել ապօրինի վերաբնակեցում, որի նպատակն էր փողերի լվացումը»,- ասաց քննարկման մասնակիցներից մեկը: Նրա խոսքով` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է սահմանամերձ գոտում բնակեցնել քաշաթաղցիներին։ Սակայն, ըստ տղամարդու, «ծակ գրպանով» քաշաթաղցին ի՞նչ է անելու սահմանամերձ գոտիում. ո՛չ գույք ունի, ո՛չ էլ ինչ-որ գործ ձեռնարկելու միջոցներ։




Լրահոս