ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված աղմակահարույց ձայնագրության կապակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով եւ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հարցաքննվել են ԲԴԽ նախկին նախագահ պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վադազարյանը, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը: Մինչ օրս քրեական վարույթով Ռուբեն Վարդազարյանը տուժող չի ճանաչվել, եւ դեռ ավելին՝ գործով մինչ օրս չկա մեղադրյալ:

 

Ինչո՞ւ է լռում նախաքննական մարմինը:

Հիշեցնենք, որ, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա, Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ աղմկահարույց ձայնագրությունից ու Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ, եւ առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով:

Աղմկահարույց ձայնագրության մասին զրուցել ենք Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ:

-Ես պարոն Վարդազարյանի հետ մասնակցել եմ հարցաքննությանը,  որի մասին հրապարակել եք, եւ դրանից հետո ոչ մի գործողության չենք մասնակցել եւ չենք տեղեկացվել: Առերեսումներ չեն եղել, որը ենթադրում եմ՝ պետք է լիներ: Նման ենթատեքստով բողոքները պահանջում են առերեսումներ, սակայն նորից եմ կրկնում՝ նման առերեսումներ դեռեւս չեն եղել, եւ նման խոսակցություններ դեռ չկան: Չեմ կարող անգամ ասել՝ արդյոք պարոն Վարդազարյանը պետք է տուժողի կարգավիճակ ունենա այս գործով, թե ոչ: Գիտեմ, որ քրեական գործը ընթացքի մեջ է, սակայն որեւէ տեղեկատվություն չունենք ընթացքի մասին. մի քանի անգամ խոսել եմ քննիչի հետ, բայց ոչ մի հստակ խոսք չկա:

-Այսինքն՝ առերեսում չկա՞, վկաները հարցաքննվեցին ու վե՞րջ:

-Սպասում ենք իրենց ընթացքին, այսինքն՝ հստակ ոչինչ չկա:

-Իսկ քննիչը ի՞նչ է ասել Ձեզ:

-Որ դեռեւս գործը քննության փուլում է, իսկ պարոն Վարդազարյանի մասնակցությամբ առայժմ գործողություն չկա անելու:

-Պարոն Վարդազարյանից պահանջել էին ձայնագրության ամբողջական տարբերակը եւ այս պահով ստացել էին համապատասխան մերժում. ո՞րն էր  նրանց նպատակը:

-Այդ ամենը իր դիրքորոշումն է՝ ինչպես  մյուս վարույթների շրջանակում, այնպես էլ այս վարույթով չներկայացնել  ձայնագրությունը, քանի որ այնտեղ պարունակում է տվյալներ շատ ուրիշ անձանց վերաբերյալ, եւ դրանք ոչ իրավական են, եւ նա չի ցանկացել՝ դա հրապարակվի:

-Ձեր կարծիքով՝ արդյոք նախաքննական մարմինը կունենա՞ համարձակություն՝ Բարձրագույն խորհրդի նախկին դատական համակարգի նախագահին առաջադրելու մեղադրանք:

-Այդ հարցը պետք է ուղղել իրենց: Ես պատասխանել չեմ կարող:

-Դուք սպասելիքներ ունե՞ք:

-Որպես իրավաբան, այո, ակնկալիք ունեմ, քանի որ հիմքերը տեսնում եմ: Արդյոք իրենք կանեն, թե ոչ՝ դա իրենց տիրույթն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երեւան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Արարատի մարզի Խաչփար գյուղի 37-ամյա մի բնակչի՝ իր վարած «ԲՄՎ X5»-ով, եւ Երեւանի 36-ամյա մի բնակչի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ժամացույց, ոսկյա մատանի եւ ականջօղեր՝ գնապիտակներով, ու բջջային հեռախոսներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ նրանք նոյեմբերի 4-ի ժամը 14.00-ի սահմաններում փորձել էին գողություն անել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ» մակնիշի մեքենայի սրահից եւ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի եկեղեցու ավտոկայանատեղիում կայանված «ՎԱԶ-2115»-ի սրահից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Իսկ խուզարկությամբ հայտնաբերված ոսկյա զարդերը գողացել էին եկեղեցու ավտոկայանատեղիում կայանված «Մազդայի» սրահից: Հանգամանքները պարզվում են:

Տղամարդիկ, կազմված փաստաթղթերը եւ գողոնը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

 

 

 

ՎՐԱԵՐԹ

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան եւ Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, դեպքով չպարզված անձը անհայտ ավտոմեքենայով նշված փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա Ա. Պետրոսյանին (հաշվառված է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում), որը փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ձախ քունքային շրջանի գծային կոտրվածք,  ասպերացիոն թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ Ա. Պետրոսյանին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վ. Սարգսյանը (հաշվառված է Շուշի քաղաքում) «Նիսսան տիդա» ավտոմեքենայով:

Քաղաքացուն վրաերթի ենթարկելուց հետո վերջինս, թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի: Վ. Սարգսյանը բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Նա գտնվում էր 0.719մգ/լ ոչ սթափ վիճակում: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

 

ՏՈՒԺԵԼ Է 8 ՔԱՂԱՔԱՑԻ

Երեւան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել է 8 քաղաքացի. տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:

Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, եւ տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով:

 

 

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԴԻ

«Հիմա ոչինչ ասել չեմ կարող, քննությունը կպարզի. ես այնքան եմ տեղեկացված այս պահին, որքան Դուք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ղեկավար Օնիկ Ոսկանյանը:

«Լսել ենք, որ ծակող-կտրող գործիքներով հարվածներ են ստացել, բայց հաստատ ոչինչ ասել չեմ կարող, ավել մանրամասների չեմ տիրապետում»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի տներից մեկում երեկ  հայտնաբերվել է 31-ամյա կնոջ եւ երկու անչափահաս երեխայի դի։

«Ոստիկանությունը ժամը 13։45-ին ահազանգ է ստացել, որ 911 ծառայությունից հաղորդում են ստացել, որ Պեմզաշեն գյուղում կա փակ դուռ, մեկնել է օպերատիվ խումբ, նշված հասցեում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ եւ երկու անչափահաս երեխայի դի, եղել են նաեւ արնանման հետքեր։ Այս պահին օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է, կատարվում են համապատասխան գործողություններ»,- փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՇՆԵՐ

Օրերս տարբեր սոցիալական հարթակներում եւ ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

«Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ եւ սատկել են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,-նշվում է հայտարարության մեջ։

 




Լրահոս