ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՄ-Ի ՀԱՄԱՐ՝ ՖԻՔՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոփոխություններով նպատակ է առկա վերանայել կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները։

 

Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններ ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։

Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը՝ ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղեւորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող եւ պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար:

Առաջարկվող կարգավորման արդյունքում ուղեւորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե, եւ փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղեւորների քանակից: Հարկ է նշել, որ նման մոտեցում սահմանված է նաեւ համայնքի կողմից մատուցվող մյուս ծառայությունների համար:

Բացի այդ, առաջարկվում է վերանայել երթուղային ցանցերի համաձայնեցման եւ միասնական երթուղիների չվացուցակների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը, ինչպես նաեւ խոշորացված համայնքների տրանսպորտային սպասարկման գործընթացը համայնքի ղեկավարի դիմումի համաձայն լիազոր մարմնի կողմից միասնական երթուղային ցանցի շրջանակներում կազմակերպելու հնարավորությունը։

Առաջարկվում է կանոնակարգել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների սպասարկման գործընթացը, նաեւ փոփոխել եւ սահմանել, որ օպերատոր է հանդիսանում փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն: Վերանայվում է «օպերատոր» հասկացությունը։

Այսինքն՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնող օպերատորը, կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն է ունենալու կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռբերման համար, ինչպես նաեւ ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար՝ շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղեւորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Բացի այդ, տվյալ դեպքում համայնքի ավագանին հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղեւորների համար՝ ըստ սոցիալական խմբերի, ինչպես նաեւ սահմանելով փոխադրման վճարի չափը՝ ինքնուրույն որոշել այն բարձրացնել՝ հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար՝ իր մյուս միջոցների հաշվին փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Երեւանի մանկան տուն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների եւ հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը:

 

Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք հիմնախնդիրներ`

-արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել: Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ,

-հագուստը, այդ թվում՝ ներքնազգեստը, անհատականացված չէ, ինչի պատճառով բացառված չէ, որ դրանք լվանալուց հետո նույն հագուստը կամ ներքնազգեստը կարող են կրել տարբեր երեխաներ,

-որոշ խմբասենյակներում սպասքի, օրինակ՝ բաժակների, այդ թվում՝ ծծակով շշերի անհատականացումն անընթեռնելի է եղել, ինչը պատճառաբանվել է նրանով, որ ախտահանող լուծույթի պատճառով գրառումները մաքրվում են,

-որոշ խմբասենյակներում սպասքի ախտահանման համար նախատեսված լուծույթով տարաները, էլեկտրական սալիկները դրված են եղել հատակին կամ երեխաների համար հասանելի բարձրության վրա, ինչը վտանգավոր է երեխաների անվտանգության տեսանկյունից,

-պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորման սպառման հետեւանքով 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հնարավոր չի եղել իրականացնել մի շարք բժշկական հետազոտություններ, օրինակ՝ օրթոպեդիկ, ակնաբուժական ոլորտներում։

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված այս եւ այլ խնդիրները՝ լուծումների առաջարկներով, կուղարկվեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ

Պառավաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Ղայթմազյանը նոր ուսումնական տարվա սկզբից՝ սեպտեմբերի 1-ից՝ ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ից, փակել է տվել դպրոցի դռները, եւ բոլոր ուշացած աշակերտները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու դասերին։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթի անունից գրավոր հարցում եմ ուղարկել՝ հարցնելով՝ դպրոցի տնօրեն Ն. Ղայթմազյանի այդ գործողությունը օրինական է, թե անօրինական։ Մարզպետի գրավոր պատասխանում նշված է, որ դպրոցի ծնողխորհուրդների նախագահների առաջարկությունը հաշվի է առնվել, «Պառավաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առավոտյան ժամը 9:00-ին ժամանակավորապես փակվել է մուտքի դուռը մինչեւ 1-ին դասաժամի ավարտը, չի թույլատրվել աշակերտների մուտքը դպրոց, որոշումը կայացվել է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների նիստերում՝ աշակերտների ուշացումները կանխելու եւ կարգապահությունը բարձրացնելու նպատակով: Պառավաքարի դպրոցից հայտնում են, որ ուշացած, դպրոցի դռների փակ լինելու պատճառով առաջին դասաժամին չմասնակցած աշակերտներին դպրոցի տնօրինությունը համարում է ամբողջ օրը դասերից բացակայած։ Պառավաքարի դպրոցի ծնողխորդի անդամ Գոհար Ալավերդյանը հայտնում է Պառավաքարի դպրոցում կատարվող անթույլատրելի երեւույթների մասին. «ՀՀ տարածքում այդքան դպրոցներից կարո՞ղ եք նշել այնպիսի մեկը, որտեղ բռնանում են աշակերտների ազատությանը. ո՞ր դպրոցում են աշակերտները ջուր խմում զուգարանի ծորակից, ո՞ր կրթական հաստատությունում են աշակերտի առաջ դուռ փակում, ո՞ր դպրոցում են ուսուցչին ազատում աշխատանքից՝ պատճառաբանելով, թե թափուր հաստիք չկա, բայց ամիսներ անց նույն մասնագիտությամբ հեռակա սովորած այլ աշխատողի ընդունում աշխատանքի: Պատճառը հաստիք չլինելը չէ, այլ այն, որ աշխատողը ներկայիս տնօրենի համախոհը չի եղել ու չի սատարել նրան տնօրենի ընտրության ժամանակ: Կարող եմ փաստել, որ այս ամենը գալիս է իրենց սեփական շահից: Երեխա եք կրթում, դաստիարակում, որ վաղը երբ գա աշխատանք խնդրի իր սեփական դպրոցից, հեռացնե՞ք»: Դպրոցական աշնանային արձակուրդների ավարտից հետո՝ հոկտեմբերի 31-ին եւ դրանից հետո մնացած օրերին, Պառավաքարի դպրոցի տնօրեն Նաիրա Ղայթմազյանը չի կարգադրել առավոտյան ժամը 9-ից փակել դպրոցի մուտքի դռները, սակայն  նոյեմբերի 8-ին Նաիրա Ղայթմազյանը կրկին կարգադրել է փակել դպրոցի դռները։ Պառավաքարի դպրոցից  զանգահարել, բողոքել են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչություն, որից հետո Ն. Ղայթմազյանը դպրոցի մուտքի դռները բացել է տվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Ն. Փաշինյանի որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը աչք է փակում, նույնիսկ արդարացնում է Պառավաքարի դպրոցի տնօրեն Ն. Ղայթմազյանի  կատարած ակնհայտ ապօրինությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս