ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին:

 

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր:

Ըստ նախարարի տեղակալի՝ առաջարկվում է ներդնել ատեստավորման եւ տարակարգերի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան փոխելու ՄԿՈՒ ոլորտում աշխատողների դրույքաչափը, ինչպես նաեւ սահմանելու հավելավճարներ: Այս փոփոխությունների ընդունմամբ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ: Կսահմանվի նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների եւ դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաեւ կներդրվեն վարձատրության մեխանիզմների բարելավման հետ փոխկապակցված մանկավարժների մասնագիտական զարգացման եւ ատեստավորման ճկուն համակարգեր:

«Վերոնշյալ իրավական ակտերի ընդունումից հետո կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների եւ դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեխանիզմներ: Կարեւոր փոփոխություններից մեկը մանկավարժների մասնագիտական զարգացման եւ ատեստավորման համակարգերի ներդրումն է, որի նպատակն է բարելավել ոլորտում աշխատող մասնագետների վարձատրությունը՝ ապահովելով հավելավճարների կայուն մեխանիզմներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Ըստ նախարարի տեղակալի՝  օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը եւ ԿԳՄՍ նախարարությանը նոր իրավական ակտեր ընդունելու լիազորություն է տրվել, որոնց հիման վրա կմշակվեն ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների վերապատրաստման, ատեստավորման, տարակարգերի տրամադրման նոր կարգերը: Դրանց արդյունքում կբարձրանա մանկավարժների աշխատավարձը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նաեւ ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ ուսանողների եւ դասախոսների համար: Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով օրենքի նախագծում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին, նշել է, որ քոլեջները եւ ուսումնարանները, բացի ՊՈԱԿ-ից, կարող են ունենալ նաեւ օրենսդրությամբ նախատեսված կազմակերպաիրավական այլ ձեւ: Ըստ նրա՝ դրանով կստեղծվի իրավական հնարավորություն մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։ Փոփոխություններ կիրականացվեն նաեւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքին վերաբերող հավաստագրման ընթացակարգում: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նիստը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ս.Հ.

 

 

 

ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԴԱՀԼԻՃԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի եւ նրա ընկերների ջանքերով հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը:

 

Մարզադահլիճի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Մանվել Խոյեցյանը եւ այլք։

Միջոցառման մեկնարկին մարզադպրոցի բակում տեղի է ունեցել արցախյան հերոսամարտում Սպիտակի տարածաշրջանից զոհված մարզիչ-մարզիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի օրհնության կարգ՝ ձեռամբ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է մասնավոր կառույցների եւ բարերարների օժանդակությամբ իրականացվող աշխատանքները:

«Մարզադահլիճի բացումը երկու խորհուրդ ունի՝ հարգել այն մարդկանց հիշատակը, որոնք ամեն ինչ արել են՝ հանուն հայրենիքի, եւ մեկնարկը տալ մի մարզադպրոցի, որտեղ կկոփվեն շատ մանուկներ: ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտում հսկայածավալ շինարարություն է իրականացնում. կառուցվում են նոր մարզական դպրոցներ, համալիրներ: Որքան էլ պետությունն ահռելի միջոցներ է ներդնում, մասնավորի օժանդակությունը շատ կարեւոր է: Շնորհակալ եմ մեր անվանի բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանին եւ նրա ընկերներին, որ այսպիսի ներդրում են կատարել հայկական սպորտում: Վերջերս բարերարների ջանքերով հիմնանորոգվեց նաեւ Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը: Սպորտում ներդրումներն անհրաժեշտ են առողջ սերունդ դաստիարակելու համար»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ գործարարներին հորդորելով աջակցել սպորտի ոլորտի պետական քաղաքականությանը՝ ներդրումներ կատարելով սպորտային ենթակառուցվածքների զարգացման ասպարեզում:

Հիմնովին վերանորոգված մարզադահլիճը հագեցվել է անհրաժեշտ մարզագույքով, տեղադրվել է պրոֆեսիոնալ ռինգ, որտեղ իրենց մարզումներն առավել արդյունավետ անցկացնելու հնարավորություն կունենան բազմաթիվ պատանիներ:

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհակալագիր է հանձնել «Անդրանիկ Հակոբյան եւ ընկերներ» բարեգործական հիմնադրամին «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում բռնցքամարտի մարզադահլիճը հիմնովին վերանորոգելու համար:

 

 

 

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ

Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր առաջարկները եւ զարգացնել հաճախորդներին համալիր ծառայություններ մատուցելու կոնցեպտը, հայտարարում է իր մասնաճյուղերից TCL հեռուստացույց ձեռք բերելու հնարավորության մասին։

Բաժանորդագրվելով ընկերության Cosmo եւ Combo փաթեթներից որեւէ մեկին 12 ամսով՝ Team-ի հաճախորդները կարող են գնելTCL 7-րդ սերնդի սմարթ հեռուստացույց 197000 դրամ աննախադեպ գնով ու դիտել մեծ ֆուտբոլը՝ Աշխարհի առաջնությունը, մեծ էկրանին։

TCL 55” անկյունագծով Android TV-ի գլխավոր հատկանիշներն են 4K UltraHD էկրանը, ձայնային կառավարումը, Dolby VisionգAtmos տեսաձայնային տեխնոլոգիան, ինչպես նաեւ YouTube, խաղեր եւ այլ պահանջված հավելվածներ Play Market-ից ներբեռնելու հնարավորությունը։

Հեռուստացույցի համար տրամադրվելու է 1 տարվա երաշխիք, իսկ ձեռք բերել կարելի է եւ՛ կանխիկ, եւ՛ ապառիկ եղանակով։ Նշենք նաեւ, որ այս հեռուստացույցներում արդեն առկա է Team TV հավելվածը եւ դրա օգտագործման համար անհրաժեշտ չէ հավելյալ սարք։ Ի դեպ, հեռուստացույցը հնարավոր է ձեռք բերել նաեւ առանց բաժանորդագրության՝ 277 000 դրամով։

2021 թվականին TCL-ի Android Smart TV-ն ճանաչվել է ամենավաճառվողը, իսկ TCL Electronics-ը LCD հեռուստատեսային բրենդերի շարքում երկրորդն է աշխարհում։

 

 

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Առողջության առաջնային պահպանման օղակում բուժաշխատողների աշխատավարձը 2023 թվականին կբարձրանա: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ սա պասիվ աշխատավարձի բարձրացում չի լինելու: «Այսինքն՝ չի լինելու այնպես, որ ունենք այսքան գումար եւ այն բարձրացնելու ենք ու դառնալու է իքս գումար: Փոխարենը բուժաշխատողի պարտականությունները պատշաճ կատարելու պարագայում նա կստանա բոնուսներ, ըստ այդմ էլ՝ կբարձրացվի աշխատավարձը»,-ասաց Արտակ Ջումայանը: Արդեն իսկ այդ բոնուսային համակարգը կա, սակայն նախարարի տեղակալը նշեց, որ գնահատվող ցուցանիշներն են թերի, ինչպես նաեւ ֆինանսավորումն է փոքր: Ներկայում աշխատանք է տարվում այդ ցուցանիշների առավել հստակեցման ուղղությամբ, որ շոշափելի լինի բուժառուի հետ աշխատանքը, հեշտ լինի նախարարության կողմից իրականացվող վերահսկողությունը: «Այս պահին ունենք 32 տեսակի գնահատման ցուցանիշ. դրանք վերանայում ենք: Աշխատել բուժառուի հետ, անհրաժեշտության դեպքում ուղղորդել այս կամ այն նեղ մասնագետի մոտ, հետեւել ընթացքին, ներգրավել սքրինինգային ծրագրերում եւ այսպես շարունակ. ամբողջ շղթան պետք է վերահսկվի ու մեզ համար տեսանելի լինի: Ճիշտ ու պատշաճ աշխատանքի արդյունքում կփոխանցվեն համապատասխան բոնուսներ, որոնց հիման վրա էլ կբարձրացվի աշխատավարձը»,-ասաց Արտակ Ջումայանը:

 




Լրահոս