«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկիի եւ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Շառլ Դյութուայի համերգը: Երեկոյին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 2», Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիա» ստեղծագործությունները:
Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով, «բրավո», «բիս» վանկարկումներով մի քանի անգամ ստիպեց երաժիշտներին վերադառնալ բեմ, եւ Նիկոլայ Լուգանսկին արդեն առանց նվագախմբի նվագակցության նվագեց՝ նորից արժանանալով ջերմ ծափահարությունների:
Ավել վաղ Շառլ Դյութուան, որն ավելի քան 40 միջազգային մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմմի»-ի դափնեկիր է, նշել էր, որ 15 տարի առաջ որպես զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: «Երեւանը տարիների ընթացքում ավելի է գեղեցկացել: Այստեղ հաճախ ես հանդիպում ժպտերես ու երջանիկ մարդկանց»,- նշել էր Դյութուան:
Որպես դիրիժոր նա առաջին անգամ էր հանդես գալիս Երեւանում: Երաժիշտը խոստովանել էր, որ իրեն դուր է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքը, Նիկոլայ Լուգանսկիի հետ ելույթ ունենալը:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Նիկոլայ Լուգանսկին էլ շեշտել էր, որ բազմաթիվ հայ երաժիշտների հետ է համագործակցում եւ բարձր է գնահատում աշխարհահռչակ հայ կոմպոզիտորներին, մենակատարներին: «Արամ Խաչատրյանն իմ սիրած կոմպոզիտորներից է: Չեմ կարող չհիշել նաեւ Բաբաջանյանին, Տերտերյանին, որոնց գործերը շատ հետաքրքիր են: Մոսկվայում շատ են հայ երաժիշտները, որոնց հետ աշխատում եմ: Նրանցից են թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Բաբայանը, որը ֆանտաստիկ դաշնակահար է»,- ընդգծել էր Լուգանսկին:
Նա պատմել էր, որ իր ծնողները երաժիշտներ չեն, սակայն շատ են սիրել երաժշտություն: Ընտանեկան լեգենդի համաձայն՝ երիտասարդ տարիքում Լուգանսկիի մայրը դաշնակահարի հորը հրավիրել է Մոսկվայի մեծ թատրոն՝ ունկնդրելու Վերդիի «Տրավիատա» օպերան: Դաշնակահարի հոր ամենասիրելի օպերան հենց «Տրավիատա»-ն է եղել, եւ նրան այնքան է տպավորել այն հանգամանքը, որ երիտասարդ աղջիկն իրեն հրավիրել է դիտելու այդ օպերան, որ որոշ ժամանակ անց նրան ամուսնության առաջարկություն է արել: «Ինքս դժվարանում եմ ասել, թե որ ստեղծագործությունն է ինձ շատ ոգեւորել ու կարեւոր որոշումներ կայացնելու առիթ տվել, սակայն հիշում եմ, որ իմ կյանքում կար մի շրջան, երբ ընկճված էի: Հենց այդ ընթացքում ունկնդրում էի Սիբելիուսի 7-րդ սիմֆոնիան, ինչն ինձ երջանկացնում էր»,- խոստովանել էր դաշնակահարը:
ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻՑ
«Մենք ենք մեր սարերը» արձանը, որը կառուցվել է 1967 թվականին, հասարակության շրջանում հայտնի է որպես «Պապիկ, տատիկ», իսկ արցախի բարբառով՝ «Դեդո, բաբո»:
Արձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, իսկ ճարտարապետը` Յուրի Հակոբյանը: Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի եւ ժողովրդի արմատների միջեւ արյունակցական կապը:
Հուշարձանը ներկայացնում է հասուն տարիքի արցախցի ամուսինների` հայկական տարազով: Այն տեղակայված է բլրի գագաթին, կարծես այն ճեղքել եւ դուրս է եկել:
Հուշարձանը կանգնեցնելու մտահղացումը եղել է Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանինը, ինչին, սակայն, դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը:
Կոթողի պատկերով նաեւ ՀՀ հուշադրամ է հայտնվել:
ՆՈՐ ՖԻԼՄ՝ ՀԱՐԻ ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ
Warner Bros. Discovery ընկերության գործադիր տնօրեն Դեւիդ Զասլավը ներդրողներին հայտնել է, որ ձգտում է Հարի Փոթերի մասին ավելի շատ ֆիլմեր թողարկել, եթե բրիտանացի գրող, Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը տա իր համաձայնությունը. հաղորդում է The Hollywood Reporter-ը։ «Մենք Հարի Փոթերին չենք նկարել արդեն 15 տարի։ DC-ի ֆիլմերը եւ ֆիլմերը Հարի Փոթերի մասին վերջին 25 տարում մեծ եկամուտներ են բերել Warner Bros.-ին»,- ասել է Զասլավը՝ նշելով, որ դրա համար պարտադիր է Ռոուլինգի համաձայնությունը։
Հարի Փոթերի մասին պատմող յոթ գրքերը լույս են տեսել 1997-2007 թվականներին՝ համաշխարհային հռչակ բերելով Ռոուլինգին։ Շուրջ 80 լեզվով թարգմանված գրքերը տպագրվել են ավելի քան 500 միլիոն օրինակով։ Գրքերի հիման վրա նկարահանվել է ութ ֆիլմ։
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
«Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակն «Էմպոլիի» նկատմամբ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։ «Նապոլին» 38 միավորով առաջատարն է եւ երկրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է 8 միավոր։ «Հասանք կարեւոր հաջողության, բայց Իտալիայի առաջնությունը շատ երկար է։ Ուրախ եմ, որ մեր թիմի ֆուտբոլը գովում են եւ համարում գերազանց, բայց այդ կարծիքները պետք է չազդեն մեզ վրա։ «Նապոլիի» հեռանկարներն ու երազանքները շատ հստակ են։ Այս երեք միավորը մեզ կօգնեն համարձակ գնալ առաջ։ Չեմպիոնության հավակնորդները նախկինի նման յոթն են։ Ոչինչ չի փոխվում»,- ասել է Սպալետին: Աշխարհի առաջնությունից առաջ վերջին հանդիպումը «Նապոլին» կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ ընդունելով «Ուդինեզեին»։ Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունվարի 4-ին։
ԴԱԴԱՐԻ ԵՆ ԳՆՈՒՄ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 2:1 հաշվով կամային հաղթանակը «Օսասունայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի արտագնա խաղում։ 31-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր կատալոնական թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 0:1 հաշվի ժամանակ։ Երկրորդ խաղակեսում Պեդրիի եւ Ռաֆինյայի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային»։ «Շատ եմ հպարտանում մեր թիմով։ Մեր հանդերձարանում ընտանիք է։ Ամեն ինչ մեզ դեմ էր՝ մրցավարի որոշումները, բաց թողած գոլը, 10 ֆուտբոլիստով մնալը, բայց մենք շատ խելացի խաղացինք եւ շատ լավ օգտագործեցինք մեր պահերը։ Սա ոսկե հաղթանակ է, դադարի ենք գնում առաջատարի դիրքում։ Սա ամբողջ թիմի հաղթանակն է»,- ասել է Չավին: «Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ Արքայական թիմը նոյեմբերի 10-ին կընդունի «Կադիսին»։ Իսպանիայի առաջնությունը աշխարհի առաջնությունից հետո կվերսկսվի դեկտեմբերի 31-ին։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉԸ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դրվատանքով է խոսել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։ «Անչելոտին լավագույն մարզիչն է «Ռեալի» համար։ Նա կատարյալ է հասկանում մեր արժեքներն ու գաղափարները։ Դրա շնորհիվ խաղացողները զգում են նույնը։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք, նա կատարյալ մարզիչ է մեր ակումբի համար»,- ասել է Պերեսը։ Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորեց անցած տարվա հունիսին։ Թիմը նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը (2022), Չեմպիոնների լիգայի գավաթը (2022), Եվրոպայի սուպերգավաթը (2022):