Բլից զրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Պարո՛ն Ծառուկյան, վերջին շրջանում հատկապես Ձեր նկատմամբ քննադատությունների հոսքը մեծացել է. հոդվածներ են հրապարակվում, տարբեր ակտիվիստներ նույնիսկ դատական հայցերով են Ձեզ սպառնում՝ կապված Ձեր կողմից կառուցվող այն կամ այն նախագծի հետ։ Ինչո՞վ եք սա բացատրում, եւ ի՞նչ միտումների մասին է սա խոսում։
-Եթե ուշադրություն եք դարձրել, ինձ մեղադրում են մեկ բանում՝ կառուցելու համար՝ Ծառուկյանը սա է կառուցում, մյուսն է կառուցում։ Անընդհատ այդ «կառուցել» բառն է, ուրիշ բան չկա, այսինքն՝ ստացվում է, որ մեր երկրում կառուցելը հանցանք է։ Բա այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում պետության վերականգնումը, պետության զարգացումը։ Ո՞նց են պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը։ Ես ամբողջ կյանքս կառուցել եմ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, ճանապարհներ, գործարաններ, հյուրանոցներ։ Դրանք Հայաստանում են, ու այնտեղ աշխատում են մեր հայրենակիցները, գուցե նաեւ այդ հոդվածագիրների, ակտիվիստների, նրանց պատվիրատուների հարազատները։
-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր դեմ սկսված արշավը ստիպի Ձեզ փոխել պլանները։
-Արշավ ասածն էլ մի մեծ բան չէ։ Գրում են, խոսում են, ի՞նչ ասեմ, դա էլ իրենց իրավունքն է, բայց մի օր կազմակերպելու եմ այդ ակտիվիստների, հոդվածագիրների համար էքսկուրսիա որեւէ գործարան։ Թող իրենց աչքով տեսնեն՝ ինչ է ռեալ աշխատանքը, ինչպես են այնտեղ հարյուրավոր մարդիկ իրենց արդար քրտինքով վաստակում, արդար քրտինքով «պրեմիաներ» ստանում ու ընտանիքները պահում։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ ակտիվիստները իրական կյանքը չգիտեն՝ ինչ բան է, չեն պատկերացնում՝ ինչ դժվար է բան կառուցել, պահել, աշխատացնել, ինչ ահռելի պատասխանատվություն է դա հազարավոր ընտանիքների հանդեպ։ Ինչ վերաբերում է պլանները փոխելուն. ի՞նչը պիտի փոխվի, իմ գենե՞րը, իմ տեսա՞կը։ Իրոք չեմ հասկանում։ Իմ ծնողները 80-անց մարդիկ են, ամեն օր գնում են աշխատանքի։ Ամեն օր։ Ես իմ կողմից կառուցվող նախագծերին երբեք կողքից չեմ նայել, միշտ եղել եմ ակտիվ մասնակից, բանվորի հետ գործ եմ արել, ճարտարապետի հետ աշխատում եմ, շինարարի հետ աշխատում եմ։ Իմ ձեռքով եմ քարը քարի վրա դնում։ Իմ տղաները մեծացել են այդ մթնոլորտում, որտեղ ամոթը ծուլությունն է, որ բարիք կարելի է ստեղծել միայն աշխատանքով։ Մեր ընտանիքը կառուցել եւ կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ Եթե հարցին ավելի լայն նայենք, ապա հարցը ո՛չ Ծառուկյանն է, ո՛չ մյուսը, ո՛չ էլ երրորդ ինչ-որ մեկը, ամենակարեւորը մտածելակերպն է, տիրող մթնոլորտը: Այն երկրներում, որտեղ կառուցելը, ստեղծելը հարգված ու գնահատված գաղափար է, այդ երկրները զարգանում են, բարգավաճում, մարդիկ ապրում են լավ, իսկ որտեղ կառուցողի ու ստեղծողի հանդեպ չարանում են, արհեստական խնդիրներ են ստեղծում, այդ երկրներում չի լինում ոչ մի զարգացում, լինում է միայն աղքատություն ու չքավորություն։ Ես միշտ պատրաստ եմ լսել առաջարկներ, թե որտեղ ինչը կարելի է այլ կերպ անել, լավացնել, ինչպես եղավ Հիսուս Քրիստոսի արձանի դեպքում։ Միշտ հարգանքով եմ վերաբերվում նման նախաձեռնություններին: Եթե այսօր լինեին այնպիսի առաջարկներ, որ կառուցվելիքը, մեր աշխատանքը ավելի լավը կդարձնեին բոլորի համար, ես սիրով կլսեի ու կընդունեի, իսկ այսպես տպավորություն է, թե նպատակն ուղղակի խանգարելն է։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
2020 թվականին հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս։ Այդ առթիվ կառավարությունը նոր որոշում է ընդունել, որը նպատակ ունի կարգավորել այդ հարաբերությունները։
Բանն այն է, որ «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 26 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 71.021,6 ՀՀ դրամի չափով (26 տրանսպորտային միջոցներից 12-ն ընդհանրապես ոչնչացված են եւ առկա չեն, 2-ը կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 12-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան): Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ՀՀ կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից: Այսպիսով, որոշմամբ 26 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերն են հստակեցվում, նախատեսվում է անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել։
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով՝ խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հերթական գործուղումներին կմեկնեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններին (ըստ երեւույթին՝ դիտորդական առաքելությամբ) մասնակցելու համար այս տարվա նոյեմբերի 18-21-ը Աստանա կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Նարեկ Ղահրամանյանն ու Վաղարշակ Հակոբյանը:
ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար նոյեմբերի 13-14-ը Փարիզ՝ Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնելու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Մեկօրյա այցից հետո Վարդանյանը մոտ տասն օր անց էլ՝ նոյեմբերի 23-26-ը, Ռեյկյավիկ՝ Իսլանդիայի Հանրապետություն կմեկնի՝ մասնակցելու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին: Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանի գործուղումների հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսերը, գիշերակացի ու օրապահիկի ծախսերը, ՀՀ պետբյուջեի հաշվին են արվելու, իսկ Աստանա մեկնող ՔՊ-ականների մեկնման հետ կապված ծախսերից միայն գիշերակացի գումարն է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հոգալու:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՆԻՍՏԵՐ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ
Ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գոործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում եւ մարդկանց չի հրավիրում՝ լսելու, բացահայտումներ անելու: Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանձնաժողովին մեծ թվով փաստաթղթեր է ուղարկել, որոնք ուսումնասիրման ենթակա են: Եվ հենց դա է պատճառը, որ տեւական ժամանակ է՝ նիստեր չեն հրավիրվում, քանի որ հանձնաժողովի փորձագետները չեն հասցրել այդքան մեծ ծավալի փաստաթղթերն ուսումնասիրել հետագա գործընթացները կազմակերպելու համար: Մյուս կողմից՝ նկատենք, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժամանակն է, այլեւ այդ հանձնաժողովի անդամների եւ փորձագետների պրոֆեսիոնալիզմը, քանի որ հանձնաժողովը կառուցված է բացառապես իշխանության անդամներից, իսկ իշխանական գործիչները իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով վաղուց են հայտնի: Ու թեեւ տեւական ժամանակ է՝ ոչինչ չի արվում, այնուամենայնիվ, հանձնաժողովի գործունեության ժամկետն է սպառվում: Իհարկե, մի անգամ այդ ժամկետը վեց ամսով երկարաձգվել է եւ, ըստ էության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտին քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը 5 ամիս: Ի՞նչ կհասցնեն պարզել այդ ժամանակում: