ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ «ԽԱՂԱՂ ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի եւ ավելի լայն տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար: Այս մասին երեկ՝ կառավարության նիստի սկզբում, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները եւ պարտավորությունները չկատարելու համար մեղադրել Հայաստանին եւ կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: «Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի եւ սույն թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով»,- նշում է  Փաշինյանը::

ՀՀ վարչապետը նաեւ թվային տվյալներ է ներկայացրել: Ըստ այդմ, 2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ եւ Հին թաղեր բնակավայրերը եւ հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, եւ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:

«Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաեւ 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի եւ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, եւ հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի», – հավելում է նա:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով՝ հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: «Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, եւ փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները: 2021 թվականի նոյեմբերի 26-ի եւ  2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարեւոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը: Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով եւ այս արձանագրումներն անելուց հետո, առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլեւ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստություն», – շարունակում է նա:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի, ո՛չ որեւէ տեղանվան հիշատակում: «Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլեւ 5 կիլոմետր լայնությամբ տարածք: 9-րդ կետում որեւէ նման տարածքի հիշատակում չկա, եւ խոսք է գնում միայն հաղորդակցության՝ տրանսպորտային հաղորդակցության մասին:

«Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: 9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ  Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է, մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում:

ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի եւ ֆրանսիացի այլ գործընկերների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաեւ Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Խաղաղություն օրհնված Հայաստանի հոգուն եւ երկնքին»:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Աշխատանքային այցով եվրոպական երկրներում գտնվող ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ միջազգային կապերի Եվրոպայի գրասենյակի պատասխանատւ Գասպար Կարապետյանի եւ նույն գրասենյակի աշխատակից Սարինե Աբրահամյանի ուղեկցությամբ, նոյեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի սոցիալիստական կուսակցության ղեկավարության՝ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալներ Յոնեք Պոլենի, Սաար Վան Բյուրենի եւ գործադիր վարչության անդամ Քարոլին  Ջենեզի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայ հեղափոխական դաշնակցության» եւ Եվրոպայի սոցիալիստական կուսակցության հարաբերությունների ընդլայմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ  Հայաստանում սոցիալ-դեմոկրատիայի ուժեղացման հեռանկարները։ Ընդգծվել է «Հ. Յ. Դաշնակցության» եւ եվրոպական գաղափարակից կուսակցությունների կապերի խորացման անհրաժեշտությունը։

Առաջիկայում ձեռնարկվելու են գործնական քայլեր՝ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԱՅՑԻՑ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Այս մասին պարզ դարձավ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածվեց:

ՌԴ նախագահը Հայաստան կգա նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար: Կրելմի մամուլի ծառայությունը եւս հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի առնչությամբ եւ նշել, որ  ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողով է լինելու, սակայն Պուտինի այցի վերաբերյալ տեղեկություն չի տարածվել:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի վարչության ղեկավար Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի Երեւանին եւ Բաքվին սատարել խաղաղության հասնելու եւ Հարավային Կովկասում կայունություն ու բարգավաճում ապահովելու գործում:

Խոսելով Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հասցեին ադրբեջանական մամուլում տեղ գտած քննադատական մեկնաբանությունների մասին՝ Զախարովան ասել է, թե Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել այդ զորախմբի դերը:

 

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները կարող են դրական լինել միայն այն դեպքում, եթե կարգավորվեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, թե հայկական կողմի հետ  վերջին հանդիպումը եղել է Պրահայում, որի ժամանակ Հայաստանի ղեկավարին ասել են, որ Ադրբեջանի հետ դրական հարաբերություններից հետո  Թուրքիայի հետ հարաբերությունները եւս կընթանան դրական ուղղությամբ։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, բայց ամսաթվի հարցում որոշակիություն առայժմ չկա։

Հիշեցնենք, որ մինչ Էրդողանի հետ հանդիպումը կայացել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, ինչպես նաեւ Փաշինյան-Էրդողան-Ալիեւ ոչ ֆորմալ հանդիպումը։ Իսկ դրանից առաջ վերջին անգամ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլլահ Գյուլը:

 

 




Լրահոս