Armlur.am-ը ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկացավ երեկվա արտահերթ նիստում ընդունված որոշումների մասին, որտեղ օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակում կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ:
Գործադիրը որոշել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում եւ համապատասխան որոշման մեջ եւ 1,449,852.0 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին: Որոշման նպատակը Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումն է. հատկացվող գումարը կուղղվի շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով բյուջետային աջակցության ծրագրի ներքո Հայաստանին կտրամադրվեն 100 մլն եվրո վարկային միջոցներ, որոնք կուղղվեն «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը եւ այլն:
Գործադիրի որոշումներով՝ «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Դրիմի դոմս», «Բեստպակ», «Բարսիս», «Ալեքս Սոկս» ՍՊԸ-ները եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես՝ ներմուծման մաքսատուրքից: Նշված արտոնության կիրառումը կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, տեղական արտադրությունն ու արտահանումը:
Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը եւ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել են Սահմանադրական դատարան:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Փոփոխությունները պայմանավորված են դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «ԵԱՏՄ մասին» պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչը թույլ կտա ապահովել ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում։
Կառավարությունը որոշում է ընդունել Ժնեւի ազգագրության թանգարանին ցուցադրության համար երկու հայկական դուդուկ նվիրաբերելու մասին: Որոշումն ուղղված է համաշխարհային քաղաքակրթության համատեքստում հայկական հնագույն մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, ինչպես նաեւ մեր տարածաշրջանի հարեւան երկրների կողմից հայկական դուդուկի մշակութային պատկանելության հնարավոր յուրացման սպառնալիքների չեզոքացմանը:
Գործադիրի որոշմամբ հաստատվել է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը, որով հստակ սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կացարանով ապահովման մեխանիզմները եւ միջոցները:
Ն.Հ.
ԿՈՅՈՒՂԻՆ ԾԱԾԿԵԼ Է ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԸ
Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով է անցնում Երեւանի գլխավոր կոյուղատար համակարգը: Հսկայական խողովակների վնասվելու պատճառով կոյուղաջուրը լցվել է հարակից գերեզմաններ ու ամբողջությամբ ծածկել: Ճահճացած տարածքին մոտենալն անհնար է:
Կոյուղաջուրը նաեւ հոսել է հարակից մշակովի հողատարածքներ: Քաղաքապետարանը «Վեոլիա ջուր» ընկերության հետ նախաձեռնել է լուծել տասնամյակների խնդիրը: Այժմ ջրի հոսքը դադարեցվել է մինչեւ խնդրի վերջնական լուծումն ու տարածքի բարեկարգումը:
Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից՝ նշելով, որ այժմ ջրի հոսքը դադարեցվել է:
«Կոյուղու վնասվելու պատճառով մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ»,- նշել է գերեզմանատան վարիչը:
Խնդիրն ավելի քան տասը տարվա պատմություն ունի: Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել էր տարածքի մաքրում, սակայն խողովակաշարի վերականգնումն ու կոյուղատարի սպասարկումը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է:
««Վեոլիա ջուր» ընկերությունն է պատը դրել, որ կոյուղաջուրը գերեզմանատեղիներ չհոսի, մինչեւ հետագայում իրենք մրցույթով խնդիրը լուծեն: Մեր կողմից էլ հետագայում հսկողություն կսահմանվի, որ այդպիսի դեպք չկրկնվի»,- նշել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հրաչյա Նազարյանը:
«Ուզում ենք ճահճի չորացումից հետո մաքրել ու բացել տարածքը: Գերեզմանատերերն էլ են պահանջում, որ այս խնդիրը լուծվի»,- ասել է գերեզմանատան վարիչ Սուրեն Ասպոյանը:
Կոյուղաջրի հոսքը պահող պատը ժամանակավոր լուծում է. այն հոսում, լցվում էր հարակից Արարատի մարզի մշակովի հողատարածքներ: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ ամիսներ առաջ հողաթմբով պատնեշել էր ջրի հոսքը, բայց մի գիշերում այն կրկին բացվել էր: Թե ով էր արել եւ ինչու՝ չգիտեն, իսկ հարակից տարածքների բնակիչներն ասում են, որ նախկինում իրենց տարածքը ոռոգել են հենց այդ ջրով:
Օրերը տաքանալուն պես գարշահոտությունն այստեղից տարածվում է հարակից բնակավայրեր: Բնակչության անվտանգության եւ քաղաքի բնապահպանական խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը պատրաստ է կիրառել հնարավոր բոլոր միջոցները:
ԲԵՐԴԻ ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ
Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ձերբակալվել է Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, որը 2021 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ 2022թ. հոկտեմբերի 9-ը անազատության մեջ էր։ Հ. Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանին հայտնի չէ, թե ինչ պատճառով են ձերբակալել Հ. Մանուչարյանին։ Հ. Մանուչարյանը նոյեմբերի 10-ին պետք է վարեր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, Հ. Մանուչարյանի ձերբակալվելու պատճառով ավագանու նիստը վարել է նորընտիր ավագանու անդամներից տարիքով ավագը՝ Համայակ Ադամյանը։ Սեպտեմբերի 25-ին կայացած Բերդի ավագանու ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքը ավագանու առաջին նիստում Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի 3-րդ համար, 52-ամյա Աստղիկ Հակոբյանին, որը ՀՕՖ-ի երեխաների իրավունքների պաշտպանության Մարտիգյան կենտրոնի ղեկավարն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Վահրամ Սուքիասյանի, «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ Արթուր Սաֆարյանի թեկնածությունը։ Բաց քվեարկությամբ 11 քվե է ստացել եւ Բերդ համայնքի ղեկավար ընտրվել Ա. Հակոբյանը, Վ. Սուքիասյանը ստացել է 8, Ա. Սաֆարյանը՝ 2 քվե։ Ա. Հակոբյանի երդմնակալությունը կկայանա նոյեմբերի 13-ին, Բերդի ավագանու հաջորդ նիստը՝ նոյեմբերի 16-ին։
ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ներկայումս Դիլիջան քաղաքում ընթանում են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի 5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Վերանորոգվող հատվածը սկիզբ է առնում Դիլիջանի ոլորաններից եւ ձգվում մինչեւ Դիլիջանի օղակաձեւ հատված՝ Մ-4 եւ Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, անվտանգության տարրերով ճանապարհի կահավորում։ Պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։ Նախատեսված է հիմնանորոգումը ավարտել մինչեւ ընթացիկ տարվա վերջ։ Հայտնի չէ, թե ճանապարհաշինական որ ընկերությունն է կատարում այդ աշխատանքները. այդ մասին հիմնանորոգվող հատվածում տեղեկատվական ցուցանակներ տեղադրված չեն։ Դիլիջան քաղաքում ընթացող ճանապարհի հիմնանորոգումն անհարմարություն է պատճառում մասնավոր ավտոմեքենաներով եւ հասարակական տրանսպորտով երթեւեկողներին։ Նորոգման պատճառով ճանապարհաշինարարները պարբերաբար փակում են ճանապարհը, որի հետեւանքով ավտոմեքենաների մեծ կուտակումներ են լինում։ Երեւան-Իջեւան երթուղային միկրոավտոբուսի վարորդը հայտնեց, որ ճանապարհի նորոգման պատճառով մի քանի օր առաջ ինքը ստիպված է եղել փակված հատվածի մոտ մոտ մեկ ժամ սպասել, մինչեւ որ ճանապարհաշինարարները բացել են ճանապարհը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ