ԴՈՒԵՏ՝ ՍԼՈՎԱԿ ԵՐԱԺՇՏԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնե Սիլվերը երկար դադարից հետո հանդես է եկել նոր աշխատանքով: Երգչուհին այս անգամ համատեղ աշխատանք է ներկայացրել ազգությամբ սլովակ երաժիշտ Dee Pete-ի հետ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Սոնեն:

 

Սոնեի խոսքով՝ սլովակ երաժշտի հետ համագործակցության առաջարկությունը եղել է հենց նրա կողմից. «Առաջարկությունը՝ համատեղ աշխատանք ներկայացնելու, ստացել եմ հենց Dee Pete-ից, քանի որ նա հավանել էր իմ ձայնային տվյալները եւ ցանկություն էր հայտնել ինձ հետ համագործակցելու: Իրականում մեր համագործակցությունը շատ հեշտ է ստացվել, ինչի համար շատ ուրախ եմ: Երգի հետ կապված շատ դրական եւ գեղեցիկ արձագանքներ եմ լսել: Եթե հիշում եք, ես իմ երաժշտական կարիերան սկսել եմ անգլերեն երգերով, սակայն 2019 թվականից սկսեցի երգել նաեւ հայերեն: Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի համար կարեւոր է իր լսարանի արձագանքը»:

Երգչուհին մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին բավականին գերծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում. «Աշխատում եմ իմ սիրելի մասնագիտությամբ, դասավանդում եմ «Շառլ Ազնավուրի»  արվեստի պետական քոլեջում, դրան զուգահեռ անում եմ նոր ձայնագրություններ, նկարահանումներ: Այս ամենին զուգահեռ, իհարկե, չեմ մոռանում նաեւ սպորտով զբաղվելու մասին»,-նշեց երգչուհին՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ  աշխատում է մի քանի հետաքրքիր նախագծերի վրա եւ պատրաստվում է թողարկել նոր ալբոմ:

Ի՞նչ է սպասվում առաջիկայում. Սոնեն ասաց, որ այս պահին աշխատում է մի քանի հետաքրքիր նորությունների վրա, սպասվում են տարբեր համագործակցություններ, որոնց մասին փակագծեր բացել չի ցանկանում:

«Այնպես որ, կարծում եմ՝ իմ հանդիսատեսին այնքան էլ շատ սպասեցնել չեմ տա»,-հավելեց նա:

Նշենք, որ ավելի վաղ Սոնեն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սիրելինե՛րս, մեծ ուրախությամբ ձեզ եմ ներկայացնում մեր նոր աշխատանքը ազգությամբ սլովակ տաղանդավոր երաժիշտ, գործիքավորող Dee Pete -ի հետ:

Սիրով եմ ընդունել առաջարկը, քանի որ deep house ժանրը իմ տարերքն է, ու ես հավերժ երգելու եմ նաեւ այս ժանրում: Երգը թողարկվել է աշխարհահռչակ Warner Music label-ին պատկանող Power House label-ում»,- հայտնել է նա:

Սոնե Սիլվերի փոխանցմամբ՝  երգը կարճ ժամանակահատվածում հասցրել է  սիրվել արտասահմանյան լսարանի կողմից, ինչը մեծ ձեռքբերում է նրա համար. «Ուզում եմ՝ դուք եւս գնահատեք եւ գրեք ձեր կարծիքները»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՄԵԿՆԵՆ

ԳԵՐՄԱՆԻԱ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես է եկել գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, որի հրավերով նվագախումբը մեկնել է Գերմանիա։ Որպես մենակատար հանդես է եկել Գինեսի ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը, ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Միրզոյան։ Գերմանիայի Դաշնությունում հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, նվագախումբը Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում՝ Լանդթագում, հանդես կգա «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաեւ երեք համերգով կմասնակցի «Իկինգ» փառատոնին։ Նախատեսված է եւս երկու համերգ Նաումբուրգ եւ Մագդեբուրգ քաղաքներում։

 

 

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔ

Sotheby’s աճուրդում վաճառվել է լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի «Ֆերարի» F2003-GA բոլիդը, որով նա նվաճել էր 6-րդ չեմպիոնական տիտղոսը «Ֆորմուլա-1»-ում։ Գրանցվել է ռեկորդային գին այսպիսի մեքենաների համար՝ 14,8 միլիոն դոլար։ Սպասվում էր, որ բոլիդը կվաճառվի 9,3 միլիոն դոլարով, սակայն 40 րոպե տեւած սակարկման ժամանակ զգալիորեն աճել են առաջարկները։ Նախորդ ռեկորդը «Ֆորմուլա-1»-ի բոլիդների համար գրանցվել էր  5 տարի առաջ, երբ 7,5 միլիոն դոլարով վաճառվել էր «Ֆերարի» F2001։

 

 

 

ԲԵՆԶԵՄԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի մասին, որն ընդգրկվել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում եւ կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։ Ազդրի վնասվածքից հետո Բենզեման մի քանի շաբաթ դուրս չի եկել խաղադաշտ։ «Բենզեման հիասթափված է, քանի որ լավ մարզավիճակում չի մեկնում աշխարհի առաջնության: Նա չի ունեցել խաղային պրակտիկա եւ լավ վիճակում չէ։ Քարիմն անհատական մարզումներ է անցկացնում։ Բենզեմային անհանգստացնում է այն, որ չունի հնարավորություն օգնելու մեր թիմին վերջին խաղում մինչեւ աշխարհի առաջնությունը»,-ասել է Անչելոտին: Հոկտեմբերի 19-ից հետո Բենզեման մասնակցել է մեկ հանդիպման՝ կես ժամ անցկացնելով շոտլանդական «Սելթիկի» (5:1) դեմ Չեմպիոնների լիգայում։ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալը» նոյեմբերի 10-ին կընդունի «Կադիսին»։

 

 




Լրահոս