ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 133

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը: «Նախկին իշխանության ներկայացուցիչներ կան՝ ասում են, որ Լաչինի միջանցքը էսքան պետք է լիներ… էսքան կիլոմետր լայնություն։ Բանակցային ոչ մի փաստաթղթում էդպիսի բան չկա»,- հայտարարել էր Փաշինյանը: Նման հայտարարություն նա արել էր նաեւ ապրիլի 14-ին Ազգային ժողովում՝ կրկին պնդելով, որ Լաչինի միջանցքի լայնությունը որեւէ փաստաթղթում չի նշվել։ «Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպես պետք է լիներ, Լաչինի միջանցքն այսպիսին պետք է լիներ. Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա: Դա հետո պիտի քննարկվեր»,- այդ անգամ նշել էր Փաշինյանը: Իսկ ո՞րն է իրականությունը. 1997 թվականին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն։ «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ազատ, անխոչընդոտ եւ անվտանգ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհի երկայնքով սահմանվում է տարանցիկ գոտի՝ 20 կմ միջին լայնությամբ»,- ասվում է փաստաթղթում։ Լայնության մասին խոսել էր նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա իր՝ 2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ, Քի Վեսթի փաստաթղթով, Լաչինի միջանցքը ունենալու էր 42 կմ լայնություն եւ նույն կարգավիճակը, ինչ կունենար Արցախը։ Սակայն Լաչինի միջանցքի լայնության մասին չի նշվում Մադրիդյան (2007) եւ Կազանյան (2011) փաստաթղթերում։ Ամեն դեպքում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անհիմն, չճշտված տեղեկություններն է հրապարակել, քանի որ Լաչինի լայնության մասին գոնե մի քանի փաստաթղթերում նշված եղել է:

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է  ներկա եղել:  Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ Փաշինյանին անհասկանալի կարգավիճակով ուղեկցել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, առանց փողկապի էր դիմավորել ու ուղեկցել վարչապետին, ինչն արարողակարգային կոպիտ խախտում է: Դրա վրա ուշադրություն չեն դարձրել, գլխավորը նոր օլիգարխի բիզնես կարողությունների զարգացումն է, որը ապահովվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Նարեկ Նալբանդյանը, նշենք, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի, «Ման-Հոլդինգ» ընկերության սեփականատերն է, զբաղվում է ներկրումներով ու բիզնես այլ գործունեությամբ: Այս տարվա մարտին հենց գնեց  ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձնատունը։ Նալբանդյանը Աբրահամյաններին, սակայն, տան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2?452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս ամիսը պետք է վճարեր։ Նույնպիսի՝ «փակովի» տարբերակով» նա ձեռք էր բերել նաեւ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը: Նախկին ոստիկան Նարեկ Նալբանդյանը, ըստ երեւույթին, բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները, կարողանում է նաեւ ձվի շուկայի մյուս խաղացողներին խեղճացնել ու մոնոպոլ դիրք զբաղեցնել: Հենց դրանով է պայմանավորված, որ «Շիրակի» արտադրած ձվի գինը շուկայում պարբերաբար 20-30 դրամի է հասնում, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդման հանգեցնի: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, որն իշխանության էր գալիս օլիգարխիան ու մոնոպոլիան մերժելով, այժմ շուկայում հենց այդպիսի դիրք զբաղեցնողների հետ է տալիս-առնում, նրանց հյուրասիրած աղուհացը կիսում ու ամեն բան անում նորօրյա օլիգարխների ապահով առաջընթացի համար:

 

 

Շուրջ 1 տարի կալանքի տակ գտնվող «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը իրեն քաղբանտարկյալ է համարում: Այս մասին նա հայտարարել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Մեր այն հարցին, թե այս ամիսների ընթացքում արդյոք հասկացել է, թե որն է իր մեղքը, որ կալանքի տակ է, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ընտրվել եմ, երեւի թե դա էր իմ մեղքը»։ Ինչպես հայտնի է, 11 ամիս առաջ՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել ՀՀ ՔԿ-ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու որոշումը: Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ: Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը:

 

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում անարդարության մթնոլորտը շարունակում է թեւածել՝ պայմանավորված կուսակցության վերջին համագումարին հաջորդած վարչության ընտրություններով։ Այս ընտրությունը՝ նախապես գրված ցուցակներով, պլանավորված կեղծվել է: Նախ՝ հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ ՔՊ-ն նոր էր իշխանության եկել, համագումարին հրավիրել էին լրագրողներ, ավելին՝ վարչության անդամների ընտրությունների հաշվարկը ուղիղ եթերով հեռարձակվում էր։ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների գործողությունները ավելի քան թափանցիկ էին, եւ որեւէ կասկած չկար, որ իշխող կուսակցությունը կարող է ունենալ ոչ լեգիտիմ վարչություն: Սակայն հիմա ՔՊ-ն աշխատում է նախկիններից ավելի վատ ու մերժելի կանոններով, բարքերով. խուսափում են լրագրողների հետ շփումներից, առանձին ներկայացուցիչներ վիրավորում են հրապարակավ լրագրողներին: Բացի այդ, այսօր ՔՊ-ն աշխատում է զերո թափանցիկությամբ: Կեղծված վերջին ընտրություններից հետո շատ ՔՊ-ականներ միմյանց հետ զրույցներում պնդում են, որ եթե կուսակցության վարչության կազմի ընտրությունները կեղծող իշխանականները չպատժվեն, ուրեմն մեր երկիրը չի կարող գնալ զարգացման ուղղով: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ական պատգամավորները հայտնում են, որ թեեւ Արսեն Թորոսյանն իրենց կուսակցության ամենաչսիրված կերպարներից է, այնուամենայնիվ, նրա նկատմամբ իրականացված կեղծիքը եթե մարսեցին ՔՊ-ականները, ուրեմն բոլորը մտածելու խնդիր ունեն: Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Կոնկրետ հրահանգ է եղել Նիկոլ Փաշինյանի անունից՝ ում ընտրել, ում ոչ մի դեպքում չընտրել: Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը եղել են սեւ ցուցակում: Կայացած խայտառակ վերահաշվարկի արդյունքում միայն Արսեն Թորոսյանը ընտրվեց ՔՊ վարչության անդամ, իսկ Համբարձում Մաթեւոսյանը եւ Հայկ Կոնջորյանը դուրս մնացին:




Լրահոս