ԱԼԻԵՎԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին՝ կառավարության նիստի ժամանակ, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Շուշիում արած հերթական հայտարարություն-հոխորտանքներին, հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու եւ նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար: Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն համոզմանն է, որ նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե անհանգստանում է արցախցիների համար, բայց արցախցիները Նիկոլ Փաշինյանին լավ են ճանաչում:

 

Ինչ վերաբեում է Ալիեւի՝ Արցախը հայաթափելու կամ այնտեղ ապրողներին ցեղասպանելու ցանկությանը, ապա, մեր զրուցակիցը վստահ է, Ադրբեջանի նախագահը դա երբեք էլ չի թաքցրել: Այդ ամենը նաեւ Արցախում բնակվող հայերն են հասկանում, բայց եւ գիտակցում են, որ միայն Արցախում ապրելով կարող են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: Արցախի համար խաղաղության գրավականը, ասում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, մեր զինված ուժերը, բանակն ու ազգաբնակչություն են: Իսկ Նիկոլ Փաշինյանը, շարունակում է, ոչ թե նոր է հասկացել, այլ առհասարակ չի էլ գիտակցում, որ որեւէ պայմանավորվածություն ու պայմանագիր նոր ոճրագործություններին ճանապարհին Ալիեւին չեն կանգնեցնելու:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու եւ նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար: Այս հայտարարությունից հետո Արցախում խուճապ կա՞, արցախցիներն այս հայտարարությանն ինչպե՞ս են վերաբերվում:

-Նիկոլ Փաշինյանը իր այդ հայտարարությամբ ցանկանում է ժողովրդին ցույց տալ, որ մտահոգվում  է Արցախում բնակվող ժողովրդի համար, սակայն Արցախում բնակվող քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ասածին: Ամեն օր Ալիեւի անունից հնչում են սպառնալիքները՝ Արցախին ուղղված, սակայն Արցախում բնակվող քաղաքացիները խուճապի չեն մատնվում եւ չեն մատնվի, քանի որ  գլոբալ առումով որ  վերցնենք, դա հնչում է սուտասան Նիկոլ Փաշինյանի շուրթերից: Ալիեւը երբեք էլ չի թաքցրել իր ցանկությունները, եւ նա միշտ ցանկացել է հայաթափել Արցախը, բայց արցախահայությունը միշտ էլ գիտակցել է, որ ապրելով եւ շենացնելով Արցախը՝ կարող է ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

-Փաշինյանն Ալիեւի ելույթը տխրահռչակ է համարում ու ընդգծում, որ դրանով Ադրբեջանի ղեկավարը կոպտորեն խախտել է օրեր առաջ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից ու  ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։ Փաշինյանը, ըստ Ձեզ, նո՞ր է հասկանում, որ Ալիեւի հետ ինչ պայմանավորվածություն էլ ձեռք բերի, նա շարունակելու է սպառնալ ու հոխորտալ:

-Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը ոչ թե նոր է հասկանում, այլ, իմ կարծիքով, չի էլ հասկացել մինչեւ այժմ: Անգամ այդ «խաղաղության պայմանգիր» կոչվածը, որը տանում է կապիտուլյացիայի, Ալիեւին չի կանգնեցնելու իր նպատակներից: Այս ամենից ելնելով՝ ոչ թե պետք է խոսել խաղաղության դարաշրջան ստեղծելուց, այլ  անհրաժեշտ է  հստակ քայլերի գնալ, որպեսզի ապահովվի մեր երկրի անվտանգությունը, եւ մեր անվտանգության գրավականը պետք է լինի  մեր զինված ուժերը, մեր բանակը եւ մեր ազգաբնակչությունը:

-Չնայած ամենօրյա լարվածությանը, Ալիեւի սպառնալիքներին ու բռունցք թափ տալուն՝ ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության պայմանագրից ու դրա՝ կյանքի կոչումից: Արցախում, ի վերջո, դա ինչպե՞ս են պատկերացնում: Արցախի իշխանությունները, մի կողմից, հայտարարում են, թե ՀՀ իշխանության գործելաոճն իրենց համար անընդունելի է, մյուս կողմից՝ Փաշինյանի հասցեին որեւէ թթու խոսք ասել չեն ուզում:

-Այո,  ցավալի է, որ Արցախի իշխանությունների կողմից չի հնչում համարժեք պատասխան Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ նրանք համաձայն չեն միայն Արցախի մասով, իսկ Հայաստանի Հանրապետությունում վարած քաղաքականության հետ կապված՝ Արցախի իշխանությունը ոչ թե ձեռնպահ է մնում, այլ վախենում է որեւէ գնահատական տալ, եւ այդ ամենը քողարկում են նրանով, որ իրենք չենք ցանկանում խառնվել նրա՝ Հայաստանում վարած քաղաքականությանը: Հիմնավորում են իրենց ասածը նրանով, որ նրան ընտրել է Հայաստանի բնակչությունը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ չկա Արցախի հարց, չկա Հայաստանի հարց, այլ կա Նիկոլ Փաշինյան, որը պատուհաս է դարձել հայ ժողովրդի համար: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք բոլոր քայլերին՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Նիկոլ Փաշինյանին չպետք է թույլ տալ՝ կարմիր գծերը անցնի, որը բազմիցս նա անցել է, սակայն Արցախի իշխանությունները դեռ չեն հասկացել, բայց հուսով եմ՝ դեռ կհասկանան:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Արցախ կատարած այցից հետո հանդիպեցի ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին: Մեր ռազմավարական դաշնակից պետության դեսպանի հետ քննարկեցինք հայկական երկու հանրապետություններին՝ Հայաստանին եւ Արցախին պատուհասած վտանգները: Անհանգստացնող երեւույթները, ցավոք, շարունակաբար ավելանում են:

 

Ականատեսի աչքերով ներկայացրի Արցախի ժողովրդի առօրյա անհանգստությունները, քանի որ օրեր առաջ եմ վերադարձել Արցախի Հանրապետությունից: Մարդիկ այնտեղ հստակ ունեն մեկ պայման ու պահանջ. ռուս խաղաղապահները պետք է շարունակեն մնալ ներկայացված Արցախի Հանրապետության տարածքում: Նրանց առաքելության ժամկետի երկարաձգումը խիստ անհրաժեշտություն է՝ արցախահայության կյանքի իրավունքի իրացման տեսանկյունից:

Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաեւ ՀՀ սահմաններում առկա իրավիճակին առ այն, որ ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում է ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատվածների ապօրինի բռնազավթումը։ Միաժամանակ ընդգծեցի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելուց չարամտորեն հրաժարվելու՝ Ադրբեջանի վարքագծի անթույլատրելիությունը։ Դեռ ունենք անթաղ դիեր:

Քննարկեցինք նաեւ ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների եւ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքներին առնչվող տարաբնույթ հարցեր:

 

 

 

«ՄՈՌԱՑԵԼ ԵՆ» ՆՇԵԼ

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կան պետական կառույցներ, որոնք աշխատակիցների եւ կադրերի պակաս ունեն: ArmLur.am-ը նոր շարքի շրջանակներում կփորձի ներկայացնել, թե ինչ է կատարվում նախարարություններում:  Ուշագրավ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում անգամ թերի տեղեկատվություն է առկա:

Նախարարության «Կառուցվածք» բաժնից բացակայում են անգամ նախարարի մասին տվյալները: Պաշտոնական կայքից անգամ չես կարող պատկերացում կազմել, թե ով է ՀՀ արտաքին գործերի նախարարը: Առկա են միայն նախարարի երեք տեղակալների մասին տեղեկություններ, չորրորդ տեղակալի մասին տեղեկությունը եւս բաց է:

Այլ տեղեկություններ կայքում եւս բաց են. նախարարությունը չունի Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի վարչության պետ, Քաղաքական ծրագրավորման վարչության պետ եւ Ներքին աուդիտի բաժնի պետ:

Նկատենք՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին է Արարատ Միրզոյանը նշանակվել նախարարի պաշտոնում, սակայն մինչեւ հիմա անգամ կայքում անհրաժեշտ կարգավորումները չեն կատարվել:

 

 

 

ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է

Դոլարի փոխարժեքի նվազումից դժգոհող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են հատուկ հիմնադրամ ստեղծել, ինչի միջոցով ծրագրավորողները կկարողանան աշխատավարձ ստանալ արտարժույթի ավելի շահեկան փոխարժեքով, այսինքն, ավելի պարզ ասած, դոլարի համար հստակ փոխարժեք սահմանել ու այդ փոխարժեքով աշխատավարձ տալ ծրագրավորողներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք ծրագրավորողներ նման առաջարկի հրատապությունը բացատրեցին նրանով, որ ՏՏ ոլորտում ներդրում կատարած ընկերությունները շարունակեն Հայաստանում  գործունեություն ծավալել: Մեր տեղեկություններով՝ ծրագրավորողների այս առաջարկը պետական մի քանի գերատեսչություններով անցել, քննարկվել է՝ կառավարությունից մինչեւ Կենտրոնական բանկ ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական կառույցներից միայն ԲՏԱ նախարարությունն է եղել, որ առարկել ու չի համաձայնել այդ առաջարկին՝ նշելով, թե դա հավելյալ ծախսեր է ստեղծելու պետբյուջեի վրա: Սա այն նախարարությունն է, որը կոչված է գրավիչ դարձնելու բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում:

Նախարարությունից, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ իրենք գրավոր կամ բանավոր կերպով նման նախագիծ կամ առաջարկ չեն ստացել:

 




Լրահոս