ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՈԳՆԵԼ Է ԲՈԼՈՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները, այսօր հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Խորհրդարանական ընդդիմության հանրահավաքները հետզհետե ավելի սակավամարդ են դառնում, եւ սա այն դեպքում, երբ նրանք, ի տարբերություն արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի, ունեն մեծ հնարավորություններ. ԱԺ ամբիոն, դրանով նաեւ՝ մուտք հեռուստաեթեր, իսկ ՀՅԴ-ն էլ ունի իր սեփական հեռուստաալիքը, որը սփռվում է ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Ավելին, այս երկու խմբակցությունների անդամներն էլ իրենց պարտքն են համարում ելույթներ ունենալ անխտիր բոլոր նախագծերի առնչությամբ:
Արտաշատում շաբաթ օրը տեղի ունեցած ՀՅԴ հանրահավաքում ժողովրդի սակավամարդությունն, ըստ էության, սպասելի էր ու հերթական անգամ եկավ ապացուցելու, որ այս կուսակցությունը` որպես ընդդիմություն, համառորեն չի ընկալվում հասարակության կողմից: Արտաշատում եւս քիչ մարդիկ էին եկել ՀՅԴ հանրահավաքին, չնայած Երեւանից նրանք բավական ներկայացուցչական կազմով էին մեկնել՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյան, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյան եւ այլք:
Ուշագրավն այն է, որ սեպտեմբերի սկզբին ՀՅԴ-ն ազդարարեց մարզերում հանրահավաքային շարժում սկսելու մասին: Բայց Գյումրիում տեղի ունեցած հենց առաջին հանրահավաքում ձախողվելով` ՀՅԴ-ն շտապեց սրբագրել ասածները. իրենք շատ ժողովուրդ հավաքելու խնդիր չեն դրել, եւ ընդհանրապես, այդ հանրահավաքները «Քվեն ուժ է» շարժման շրջանակներում են ընթանում: Երեկ, երբ մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանին, վերջինս ասաց, թե ինքն արդեն 40 անգամ պատասխանել է այդ հարցին, ու պատասխանը չի փոխվել: Իսկ նախկին անգամներն ընկեր Արտյուշան ՀՅԴ հանրահավաքների սակավամարդությունը մեկնաբանել էր այսպես. «Այդ հանրահավաքներն ունեն մարդկանց մեր հռչակած ծրագիրը բացատրելու նպատակ, այսինքն` բացատրել ընտրական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը: Դրա համար էլ նպատակ չկա` շատ լինեն մարդիկ, քիչ լինեն»: «Եթե ուզում են շատ մարդ բերել, նպատակը դա է դառնում, եթե ինքնանպատակ է, ապա փողով են մարդ բերում: Մենք փողով մարդ չենք բերում, ՀՅԴ-ն նման բան չի անում»,-ասաց Շահբազյանը՝ մոռանալով, թե ինչպես ժամանակին մամուլում հրապարակվեց մի լուսանկար, երբ հանրահավաքից հետո ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հենց Մոսկվա կինոթատրոնի մոտ գումար էր տալիս միտինգի եկած մի տղամարդու, թեեւ հետո ՀՅԴ-ականները դա մեկնաբանեցին, որ տրանսպորտային ծախսերն են հոգացել:
Իսկ մեկ այլ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, թե իրենց չի անհանգստացնում, որ թեեւ ՀՅԴ-ն ունի խորհրդարանական ամբիոն ու հեռուստատեսություն, այնուամենայնիվ, հանրահավաքներին քիչ մարդ է գալիս, ասաց. «Ո՛չ, չի անհանգստացնում: Տանը նստածների ֆիզիկական գոյությունը դեռ ոչինչ չի նշանակում»:
Թերեւս նույն վիճակում է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Ավելին, ի տարբերություն ՀՅԴ-ի` «Ժառանգություն»-ը հասարակության կողմից ավելի շատ ընկալվում է ոչ թե որպես քաղաքական կուսակցություն, այլ ընդամենը որպես ԱԺ խմբակցություն, քանի որ հասարակությունը, «Ժառանգություն»-ից բացի, ԱԺ պատգամավորներից լավագույն դեպքում կարող է ճանաչել կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին ու քարտուղար Կարինե Հակոբյանին, այն էլ նրանց պարբերաբար ասուլիսների արդյունքում: ԱԺ ներկայացված բոլոր նախագծերի մասին անխտիր ելույթներ ունեցող «Ժառանգություն»-ն այսօր այնքան միօրինակ ու կանխատեսելի է դարձել, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներն են կատակներ անում: Երեկ, օրինակ, մինչեւ ԱԺ նիստը սկսվելը, անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Տիգրան Թորոսյանը «փորձել են գուշակել», թե ինչպես կսկսվի ԱԺ նիստը, եւ եկել են համատեղ եզրակացության, որ «Ժառանգություն»-ը, վարման կարգի վերաբերյալ ձայն վերցնելով, հերթական անգամ հարցնելու է, թե արդյոք ժամանակը չէ ԱԺ օրակարգից հանելու հայ-թուքական արձանագրությունները: Մի քանի րոպե անց կանխատեսումները դարձան իրականություն. Ստեփան Սաֆարյանը հերթական անգամ տվեց այդ հարցը: Երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին հարցրինք, թե իրենց հանրահավաքներին ինչու է քիչ մարդ մասնակցում, վերջինս ասաց. «Ժողովուրդը հոգնել է բոլորից` ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ իշխանությունից: Հոգնել է խոսքերից, գործ է ուզում տեսնել»:
Մի խոսքով, իսկապես, խորհրդարանական ընդդիմության օրն էլ մի օր չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս