ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-11-ը մասնակցում է Իսպանիայի Սեւիլիա քաղաքում անցկացվող` Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին, որը կազմակերպվել է Իսպանիայի ֆինանսների եւ հանրային ծառայության նախարարության հետ համագործակցությամբ:
Lիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների եւ պատվիրակների Գլոբալ ֆորումին անդամակցող 100-ից ավել պետություններից հարկային համագործակցության եւ տեղեկությունների փոխանակման ոլորտի առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերները քննարկելու եւ դրանց միասնական ուժերով արձագանքելու նպատակով: Ժողովի խորագիրն է՝ «Տեղեկատվության փոխանակության եւ թափանցիկության տեղափոխումը նոր մակարդակի»:
2009թ.-ին մեկնարկած ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի գործունեության ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել հարկային տեղեկությունների թափանցիկության ապահովման եւ փոխանակման ասպարեզներում: Միայն 2022 թվականի ընթացքում տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ՏՀԶԿ ստանդարտը ներդրած երկրները միմյանց փոխանակել են 11 տրիլիոն եվրո ընդհանուր արժեքով ակտիվներին առնչվող մոտ 111 տրիլիոն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: 2009 թվականից ի վեր ավելի քան 114 մլրդ եվրո լրացուցիչ հարկային եկամուտ է հայտնաբերվել ստանդարտի ներդրման շրջանակում գործարկված կամավոր հայտարարագրման ծրագրերի, օֆշորային հաշիվների ստուգումների եւ հարկային մարմինների կողմից ձեռնարկված այլ միջոցառումների շնորհիվ:
Հայաստանն անդամակցում է Գլոբալ ֆորումին 2015 թվականից եւ անցած տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՏՀԶԿ ստանդարտի ներդրմանը, իսկ 2022 թվականից մեկնարկել են տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ստանդարտի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:
Lիագումար ժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել շնորհանդեսով, որտեղ ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը եւ ձեռքբերումները: ՊԵԿ նախագահը ներկայացրել է ստանդարտների ներդրման ընթացքը, կազմակերպումը եւ արդյունքները՝ շեշտելով Գլոբալ Ֆորումի քարտուղարության կողմից տրամադրած փորձագիտական աջակցության կարեւորությունը հաջողության հասնելու համար: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՀՀ-ում ներդրված` ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հավաքագրման նոր համակարգը եւ հարկային մարմիններին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիության ապահովման համար կիրառված լուծումները:
Ներկայում, հարցումների հիման վրա, տեղեկությունների փոխանակման ՀՀ համակարգն անցնում է Գլոբալ Ֆորումի կողմից անցկացվող փորձագիտական գնահատում, որի արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանը կստանա «մեծապես համապատասխանողի» գնահատականը:
ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաեւ Գլոբալ ֆորումի Ասիայի նախաձեռնությանն անդամակցող երկրների ներկայացուցիչների նիստ, որին կմասնակցի նաեւ ՀՀ պատվիրակությունը:
Ն.Հ.
ՓՈՔՐ ԴՊՐՈՑԻ ՄԵԾ ՀՈԳՍԵՐԸ
Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, հիմք ընդունելով Բարեկամավանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար նոյեմբերի 2-ին կայացած մրցույթի արդյունքները, որոշել է Աստղիկ Ազատյանին Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակել եւ նրա հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել։
Ա. Ազատյանը անցյալ տարի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու իրավունք տվող հավաստագիր չուներ, 2022թ. ապրիլի 5-ին, Տավուշի մարզպետի որոշմամբ, Բարեկամավանի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այդ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Սմոյանը։ Ա. Ազատյանը Բարեկամավանի դպրոցում աշխատում է 1993 թվականից, 1996-ին, անսալով բարեկամավանցիների հորդորին, համաձայնվել է դառնալ դպրոցի տնօրեն։ Նա ասում է , որ զղջացել է իր այդ որոշման համար. այն ժամանակ չգիտեր, թե տարիների ընթացքում դպրոցի աշակերտների թիվը որքան է նվազելու։ 1970-ական թվականներին, երբ Աստղիկը սովորում էր Բարեկամավանի ութամյա դպրոցում, այդ կրթօջախն ուներ մոտ 330 աշակերտ, Աստղիկ Ազատյանի դասարանում 36 աշակերտ կար։ Սահմանամերձ դպրոցում տարեցտարի նվազում է աշակերտների թիվը։ 2017-ին դպրոցն ուներ 17 աշակերտ, 2021-2022 ուսումնական տարում՝ 13 աշակերտ։ Այժմ Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 12 աշակերտ։ Դպրոցի առաջին դասարանում սովորում է 3 աշակերտ, դպրոցում չկան 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ եւ 12-դ դասարաններ։ Երկու տարի առաջ դպրոցի շենքի տանիքի նորոգումը կիսատ է մնացել, անձրեւաջրերը լցվում են դպրոցի ներս՝ թրջելով պատերը։ Տավուշի մարզպետ (այժմ՝ նախկին) Հայկ Չոբանյանը ներկայացրել է, որ դպրոցի տանիքի նորոգման համար բավական է 8,5 միլիոն դրամը։ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցիները հանգանակել են այդ գումարը, սակայն գումարը չի բավարարել աշխատանքներն ավարտելու, բանվորներին վարձատրելու համար։ Առաջարկություն է եղել մնացած շինանյութը վաճառել եւ գումարն ուղղել համագյուղացի բանվորների վարձատրությանը, սակայն Ա. Ազատյանը դեմ է եղել, առաջարկը չի իրականացել։ Երկու տարի առաջ փոթորիկը պոկել է Բարեկամավանի բուժկետի տանիքի կեսը, անձրեւաջրերը լցվում են բուժկետ, այնտեղ հակասանիտարական վիճակ է։ Տավուշի մարզպետարանից առաջարկ է եղել բուժկետը տեղափոխել դպրոցի շենք։ Ա. Ազատյանը ճիշտ չի համարում, որ բուժկետի այցելուները, որոնց մեջ կան նաեւ հիվանդներ, դպրոցի աշակերտների հետ օգտվեն նույն մուտքից. դպրոցի տնօրենը համաձայն է դպրոցի տարածքում բուժկետ գործելուն, եթե բուժկետի համար առանձին մուտքի դուռ բացվի։ Բարեկամավանի դպրոցի, ինչպես սահմանամերձ Բարեկամավան գյուղի համար, խնդիր է որակյալ խմելու ջուր չունենալը։ Դպրոցը գյուղի առանձնատների նման ստանում է խորքային հորից մղվող, հակասանիտարական վիճակում գտնվող ջրավազան մղվող ջուրը, որը դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները չեն խմում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների եւ Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները:
Քաղաքապետարանից հայտնում են, որ գործընթացը լինելու է շարունակական, եւ հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների:
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստն է գումարել։ Օրակարգում երկու հարց է ընդգրկված եղել՝ առաջինը՝ 2023-ին սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին էր, երկրորդ հարցով ուժը կորցրած է ճանաչվել ԿԸՀ 2016 թվականի հունիսի 17-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 33-Ն որոշումը։
Այսպիսով, ՏԻՄ հերթական ընտրությունների օրեր են սահմանվել 2023 թվականի մարտի 26-ը, հունիսի 11-ը եւ հոկտեմբերի 29-ը։ Քվեարկությունների օրերը սահմանելու հարցը ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ նշանակված քվեարկությունների օրերը չեն վերաբերում Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ, Ընտրական օրենսգրքի համաձայն, Երեւանի ավագանու ընտրությունները նշանակում է կառավարությունը։ Մյուս հարցը ներկայացրել է ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը, ում խոսքով՝ հանձնաժողովին ներկայացված նախագիծը պայմանավորված է 2022 թվականի հուլիսին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությամբ, մասնավորապես՝ փոխվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները։ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն՝ պարզեցվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք եւ բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հրապարակային քաղաքական գործունեություն չեն ծավալում։
Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված հարցերը։