ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվական վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը երեկ այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձեւավորելու համար 2021 թվականից մեկնարկած պետական ծրագրով բյուջեից տրամադրվում է դրամաշնորհ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքում զարգացմանը եւ կարողությունների ընդլայնմանը: Դրամաշնորհային մրցույթի կարեւոր նախապայմաններից մեկը ստեղծված ենթակառուցվածքների պահպանումն ու նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովումն է, որը պետք է իրականացնեն համայնքները:

Ֆերիկ համայնքը դրամաշնորհի համար դիմած 10 բնակավայրերից մեկն է. այստեղ արդեն հիմնված նախակրթարանում ձեւավորվել է խումբ, որտեղ հաճախում են համայնքի 4-5 տարեկան բոլոր երեխաները: Ուսումնական պլանն ամբողջովին իրականացվում է՝ համաձայն նախադպրոցական կրթության պետական ծրագրի:

Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարեւորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը. «Կառավարության ծրագրով բոլոր բնակավայրերի երեխաների համար նախադպրոցական ծառայությունները հասանելի դարձնելու խնդիր ենք դրել: Ֆերիկում նախադպրոցական հաստատություն երբեք չի եղել: Ուրախ եմ, որ արդեն տեղում հնարավոր է կազմակերպել այս կրթությունը, որը շատ կարեւոր է երեխաների հետագա զարգացման համար: Հուսով եմ՝ երեխաների թիվն էլ տարեցտարի կավելանա»: Նա նաեւ նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ծավալը՝ մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնելով առնվազն 70 տոկոսի:

Նախակրթարանի հիմնումը կարեւորել է նաեւ հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ֆարֆարյանը. «Առաջին անգամ դպրոց հաճախող երեխաները հիմնականում չէին կարողանում հայերեն խոսել եւ հաղորդակցվել, իսկ դա խանգարում էր տարբեր առարկաների ուսուցմանը: Նախակրթարանի հիմնմամբ այդ խնդիրն այսօր լուծվում է, քանի որ այնտեղ դասընթացներն իրականացվում են հայերենով»:

Ֆարֆարյանի խոսքով՝ այս պահին հիմնական դպրոցում եւ նախակրթարանում իրականացվում են ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները, ավարտվել է ջրամատակարարման ապահովումը, շուտով արդեն կվերանորոգվի եւ կկահավորվի ճաշարանը, որտեղ հունվարից կիրականացվի տարրական դասարաններում տաք սննդի ապահովման պետական ծրագիրը:

«Կատարված աշխատանքներից հետո դպրոցի առաջնային խնդիրը մարզադահլիճի եւ հանդիսությունների դահլիճի բացակայությունն է: Ամեն դեպքում, ունենք վստահություն, որ բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում լուծվելու են»,- նշում է դպրոցի տնօրենը:

Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել Ֆերիկի հիմնական դպրոցում, հետեւել տարբեր դասարաններում իրականացվող ուսումնական պրոցեսին, զրուցել մանկավարժների եւ աշակերտների հետ: Նախարարի տեղակալը կարեւորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի նկատմամբ պետական հոգածությունը՝ շեշտելով մայրենի լեզվի ուսուցանման արդյունավետության բարելավումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետությունը շարունակաբար խրախուսում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լեզվի իմացությունը՝ պետական հանրակրթական դպրոցներում ապահովելով համապատասխան կրթություն. «Եզդիերենը, ասորերենը, քրդերենն այսօր դասավանդվում են այն համայնքային դպրոցներում, որտեղ համապատասխան բնակչություն կա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, հանրակրթության պետական չափորոշչում հստակ ամրագրված է՝ ազգային փոքրմասություների մայրենի լեզուն ուսումնական պլանի մաս է կազմում: Մենք նաեւ պետական բյուջեի միջոցներով ամեն տարի տպագրում ենք անհրաժեշտ դասագրքերն ու դրանք անվճար տրամադրում դպրոցներին: Այս տարվանից ազգային փոքրամասնությունների լեզուն եւ գրականությունը դասավանդող ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը եւ օգտվելու սահմանված հավելավճարներից»:

Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել են, որ Ֆերիկի հիմնական դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ռուստամ Հասոյանը մասնակցել է կամավոր ատեստավորմանն ու հաղթահարել 70 տոկոսի շեմը, ինչի շնորհիվ աշխատավարձի բարձրացում կունենա:

«Շատ ուրախ եմ, որ այս դպրոցի ուսուցիչը մասնակցել ու հաջող արդյունք է գրանցել, այժմ արդեն կունենա բարձրացված դրույքաչափ եւ հավելավճար: Սա շարունակական քաղաքականություն է, եւ պարբերաբար այսպիսի այցեր ունենալու եմ նաեւ մյուս դպրոցներ»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: Նա Ֆերիկի միջնակարգ դպրոցի մյուս ուսուցիչներին եւս հորդորել է մասնակցել կամավոր ատեստավորմանը:

Ս.Հ.

 

 

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ Է ԹՈՒՆԻՍԻՆ

Թունիսի Ջերբա քաղաքում նոյեմբերի 19-20-ը տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողով ը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին. այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու  գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը՝ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաեւ ազգային խոհանոցի ներկայացում:

Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ եւ տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձեւավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:

Ցուցադրվելու են գորգեր (բուրդ, մետաքս) եւ ասեղնագործ նմուշներ, անցկացվելու են գորգագործության վարպետության դասեր, լինելու են շրջայցեր VR ակնոցի միջոցով, ինչպես նաեւ ներկայացվելու է «Արմաթ» ճարտարագիտական արհեստանոցների կրթական նախագիծը՝ 3D տպիչների միջոցով:

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանից հանդես կգան  «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժշտական խումբն ու պատանի քանոնահարները: Պատանի երաժիշտները նախատեսվող համերգին կներկայացնեն դասական եւ ազգային ստեղծագործությունների կատարումներ:

 

 

 

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ՝ ԴԵՊԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել հանդիպում «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ մեկնող հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական՝ երրորդ խմբի հետ։

Բարեգործական ծրագիրը, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետեւանքով ծանր վիրավորումներ ստացած նախկին զինծառայողների հոգեբանական վերականգնմանը եւ վերաինտեգրմանը նպաստելն է, մշակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի եւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի համատեղ ջանքերով։  Նախաձեռնությանը միացել եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի հետ միասին դրա իրականացման առաջնորդությունն է ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ա? Քոչարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացմանը Պաշտպանության նախարարության միանալով՝ ծրագրի առաքելությունը լրացվել է նոր իմաստով՝ ապահովել մշտական կապը բանակի եւ հայրենիքի պաշտպանների միջեւ՝ նրանց պահելով պետության ու բանակի մշտական հոգածության ներքո, ամրապնդել կապը բանակի, նրա պաշտպանների եւ եկեղեցու միջեւ։ Եվ այս խորհուրդի մարմնավորումն է այն, որ վիրավոր զինծառայողներին ուղեկցող խմբում ներգրավված են ինչպես պատերազմի բովով անցած սպաներ, այնպես էլ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը: Ուխտագնացության մասնակիցներին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը։

Ողջունելով ուխտագնացության մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Սարգսյանը Պաշտպանության նախարարության ամբողջական սատարումն է հայտնել ծրագրին, կարեւորել դրա շարունակականության ապահովումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս մեծ թվով վիրավոր զինծառայողներ հաղորդակից կլինեն ծրագրին։

Հերթական խումբը Երուսաղեմ կմեկնի նոյեմբերի 15-ին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

 




Լրահոս