Հաջորդ տարի «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն, բազմաթիվ ֆիլմերի, սիթքոմների, հեռուստանախագծերի ռեժիսոր եւ պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանը հանդիսատեսին կներկայացնի նոր ֆիլմ՝ իրավիճակային քոմեդի ժանրում։ Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ֆիլմի սցենարիստը Աշոտ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։
-Պարո՛ն Բաբախանյան, Ձեր նախորդ ֆիլմերը` «Պահանջվում է միլիոնատեր»-ը, «Poker.am»-ը, «Փեսացուն կրկեսից»-ը, «Հյուսիս հարավ»-ը, կինոմանները բարձր գնահատեցին։ Արդյոք քոմեդի ժանրը շարունակո՞ւմ է պահանջված լինել։
-Որպես 4 ֆիլմի ռեժիսոր՝ վստահ կարող եմ արձանագրել, որ մեր երկրում գեղարվեստական ֆիլմերում հումորային ժանրը մնում է ամենապոպուլյարը։ Վերջին տասնամյակում այս ժանրը ամենադիտվող ֆիլմերի հնգյակում է։ Այս նոր ֆիլմը պարտավորված է գերազանցել սահմանած նախորդ նշաձողը։ «Շարմ» ընկերության թիմը, որի հետ աշխատում ենք, արդեն երկար տարիների պատմություն ունի։ Վստահ եմ, որ ստեղծելու ենք տարբերվող, գունավոր եւ տարբեր արկածային իրավիճակներով լի ֆիլմ, որը կարող է մեր քաղաքացիներին մի փոքր կտրել առօրյա հոգսերից։
-Ինչպիսի՞ն պետք է լինի լավ ֆիլմը։
-Լավ ֆիլմը մեկ անգամ դիտելուց հետո պետք է ցանկություն ունենաս դիտել նաեւ 10-րդ անգամ։ Մեր բոլորի կողմից սիրված խորհրդային ֆիլմերը՝ «Բաղնիքդ անուշ», «Աշխատանքային սիրավեպը», «Կովկասի գերուհին», մինչեւ օրս դիտում ենք յուրաքանչյուր Ամանորին։ Ֆիլմը՝ որպես արվեստի գործ, ուժեղ է, երբ մարդիկ ցանկանում են այն անընդհատ դիտել։ Այն որքան հնանում է, կոնյակի նման դառնում է ավելի մնայուն. սա այն դեպքն է, երբ «փոշին» կադրին տալիս է արժեք։ Ֆիլմը եթե անցնում է ժամանակի միջով ու դիմակայում է, ստանում է ավելի մեծ արժեք։
-Ինչպիսի՞ն է մերօրյա կինոն։
-Մենք գտնվում ենք «ՁցՐոցսպվՑվՏրՑՖ»-ում, ժամանակն է թելադրում՝ ինչ ստեղծել։ Կարելի է ասել «ֆասթ ֆուդի» շրջան է, ամեն բան արագ փոխվում է, կյանքի ռիթմը այլ է, ինչն էլ թելադրում է իր պահանջները կինոյից, որը կարող է այդքան էլ որակյալ չլինել։ Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կարողանում են կանգնեցնել ժամանակը ու ստեղծել որակյալ եւ մնայուն արտադրանք։
-Ո՞րն է Ձեր երազանքի ֆիլմը, որ ցանկանում եք նկարահանել։
-Ֆիլմ, որը կմնա պատմության մեջ։ Մարդուն հիշում են աշխատանքով, որը մնում է սերունդների հիշողության մեջ։ Չգիտեմ՝ ժամանակի ճակատամարտում ինչ ապագա կունենան իմ ֆիլմերը, բայց այդ մեկ ֆիլմը ես դեռ պետք է նկարահանեմ….
-«Արմենիա» հեռուստաընկերությունը վերջին տարիներին ներկայացավ հետաքրքիր ձեւաչափով եւ հեռուստադիտողին ներկայացրեց 24-մասանի հեռուստաֆիլմեր։ Ինչպե՞ս են ստեղծվում նման ֆիլմերը։
-Այո, մենք ներկայացրինք 24-մասանի հեղինակային հեռուստաֆիլմեր, ի դեպ՝ 50-ից ավելի, որոնք հայկական հեռուստաեթեր բերեցին որակային նոր նշաձող։ Պատմական, սոցիալական եւ հասարակության համար խնդրահարույց տարբեր թեմաների շուրջ («Հին արքաներ», «Դեպի վայրէջք», «Դեբեդի գաղտնիքը», «Երկրորդ կյանք», «Ոսկե հանքեր» եւ այլն) հեռուստաֆիլմեր, որոնք նաեւ հասարակության համար կրում են կրթական բնույթ։ «Արմենիա» հեռուստաընկերությունը ունի սեփական արտադրությունը, ինչպես նաեւ մշակել է գործակցության տարբեր մոդելներ փոքր ու միջին արտադրող ընկերությունների հետ։ Մենք հնարավորություն ենք ստեղծում նաեւ այլ ընկերություններին իրենց աշխատանքը ներկայացնել հեռուստաընկերության եթերացանցում։ Այդպես խթանում ենք նաեւ նոր զարգացող ընկերություններին եւ ստեղծագործական խմբերին՝ ներկայացնելով նրանց հեռուստաարտադրանքը եթերում։
-Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ռեժիսորական վարպետություն խմբի ղեկավարն եք: Ամենակարեւոր մեսիջը ո՞րն է, որ փոխանցում եք Ձեր ուսանողներին։
-Եթե անկեղծ, դասավանդման որոշումս փոքր-ինչ էգոիստական էր։ Ավարտել եմ Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ 1995 թվականից աշխատել եմ ֆիլմարտադրության բնագավառում։ Ամեն անգամ՝ մինչեւ լսարան մտնելը, ահռելի նախապատրաստական աշխատանք եմ անում. շատ կարեւոր է տիրապետել նաեւ մանկավարժական հմտություններին։ Կարող ես լինել լավ մասնագետ, բայց չկարողանաս փոխանցել քո հմտությունները։ Իմ ուսանողներին փոխանցում եմ գործնական գիտելիքներ, պրակտիկա եւ, իհարկե, սովորում եմ նաեւ իրենցից։ Երիտասարդների թարմ մտածելակերպը օգնում է նաեւ ուշ ծերանալ ու միշտ լինել թրենդի մեջ։ Ու քանի որ կինոմանների ամենամեծ աուդիտորիան հենց երիտասարդներն են, նաեւ օգնում են, որ չկորցնեմ մասնագիտական հոտառությունս։ Հպարտ եմ, որ ունենք այսքան տաղանդավոր, խելացի, ինտելեկտուալ երիտասարդներ, ինչպիսին իմ ուսանողներն են։
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես է եկել գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, որի հրավերով նվագախումբը մեկնել է Գերմանիա։
Որպես մենակատար հանդես է եկել Գինեսի ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը. ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Միրզոյան։
Գերմանիայի Դաշնությունում հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, նվագախումբը Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում՝ Լանդթագում, հանդես կգա «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաեւ երեք համերգով կմասնակցի «Իկինգ» փառատոնին։ Նախատեսված է եւս երկու համերգ Նաումբուրգ եւ Մագդեբուրգ քաղաքներում։
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Ֆրանսիայի Նիս, Լիոն, Վալանս, Գրենոբլ, Ռոման քաղաքներում հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը հանդես է եկել համերգներով: Հայ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել են նաեւ վարպետության դասեր: Վալանս քաղաքի քաղաքապետի հրավերով պատանի հայ եւ ֆրանսիացի երաժիշտները հյուրընկալվել են քաղաքապետարանում, որտեղ ելույթ են ունեցել լարային քառյակի կազմով: Նշենք, որ 2014թ. Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի եւ Ռոմանի կոնսերվատորիայի միջեւ ծավալված ակտիվ գործունեության եւ փոխհամագործակցության արդյունքում ստեղծվել է հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը։ 2014 թվականից ի վեր կազմակերպվում են փոխայցելություններ եւ համատեղ համերգներ Ֆրանսիայի եւ Հայաստանի տարբեր քաղաքներում։
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Դորտմունդի «Բորուսիայի» 33-ամյա պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի հայտացուցակում չընդգրկվելը։ Նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ «Առանց որեւէ մեկին վիրավորելու. սա իմ կարիերայի գլխավոր հիասթափությունն է։ Կերկրպագեմ մեր հավաքականին աշխարհի առաջնությունում եւ կօգտագործեմ այս մեկ ամիսը մարզումներին կատարելագործվելու համար, ինչպես միշտ եմ արել»,- ասել է Հումելսին: Հումելսը Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել 2014-ին։ Նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Ճապոնիայի եւ Կոստա Ռիկայի թիմերը։
ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է «Աստոն Վիլայի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում եւ իր վերադարձը Անգլիայի հավաքական։ Ռեշֆորդը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։ «Իմ նպատակն էր վերադառնալ ֆուտբոլային խաղը վայելելուն։ Հիմա կարողացել եմ հասել այդ մակարդակին եւ վայելում եմ ֆուտբոլը։ Միշտ հաճելի է «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելը. այս խաղում չորս գոլ խփեցին, երկուսը, երբ հետ էինք հաշվի մեջ։ Գլխավորը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Եթե այստեղ հասնում եմ ամենաբարձր մակարդակի, Անգլիայի հավաքականից էլ կնկատեն։ Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական, եւ անհամբեր սպասում եմ աշխարհի առաջնությանը, բայց մինչեւ այդ հույս ունեմ, որ կիրակի հաղթանակով կավարտենք առաջին կեսը»,- ասել է Ռեշֆորդին: «Աստոն Վիլայի» դեմ խաղում Ռեշֆորդն անցկացրել էր 82 րոպե եւ դարձել մեկ գոլի հեղինակ։