Լուսանկարն արվել է Երեւանում
Թայֆունն ու իր խնամողը` տիկին Ալլան, նույն օրն են նշում իրենց ծնունդը։ Գետաձիուն ծնված օրից խնամել է տիկին Ալլան։ Թայֆունը երեկ դարցավ 14 տարեկան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ խնդիրներ է առաջանում ալիմենտ վճարել պարտավոր անձի՝ մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում:
Լուսինե Առաքելյան (24 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն անձը, որը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, կարող է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքել ընտանիքի այն անդամների հետ, որոնց նա օրենքով պարտավոր է ապրուստի միջոց տրամադրել` սույն օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 91-րդ եւ 92-րդ հոդվածներին համապատասխան։ Համաձայնություն չկնքվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան` ալիմենտի չափը կայուն դրամական գումարով որոշելու եւ ալիմենտը միանվագ վճարելու կամ ալիմենտի հաշվին որոշակի գույք տրամադրելու կամ այլ եղանակով ալիմենտ վճարելու մասին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինդեքսավորման նպատակով ալիմենտի չափը դատարանը սահմանում է նվազագույն աշխատավարձի չափի որոշակի թվի համապատասխանող կայուն դրամական գումարով։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս ներկայացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության ծանուցում:
Մելինե Նազարյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը, որոնք նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձեւերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման եւ հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը եւ կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
ՀՀ ֆինանսների նախարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: