2022 թվականի հուլիսի 12-ին կառավարության կողմից հայտարարություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել է Հայաստանում նոր «ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր»։ Ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր նշել, որ կառավարությունը 2026-2027-ին նախատեսում է նոր ատոմակայան կառուցել։ «Դա նշանակում է, որ մինչեւ 2036 թվականը պետք է պատրաստվել եւ իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասել էր Սանոսյանը՝ հավելելով, որ կառուցման աշխատանքները կտեւեն 7-8 տարի։ Ուշագրավ է, որ մինչ այդ այլ հայտարարություններ են եղել. 2019 թվականի դեկտեմբերի 10-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին 2021-ի ապրիլին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ցանկանում է «քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները հերթական անգամ անում են մոլորեցնող հայտարարություններ, հերքում իրենք իրենց եւ դրանով խաբում ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ընտրակեղծիքները մերժող հեղափոխական երիտասարդները, պարզվում է, իրականում ընտրակեղծարարներ են, պարզապես դրա համար հնարավորություն չեն ունեցել: Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, բացահայտվեց նրանց՝ իրական կեղծարարների դեմքը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրություններում լուրջ կեղծիքներ են եղել, եւ որոշ անդամների ձայներ հայտնվել են այլոց անունների վրա: Հիմա պարզվում է՝ իշխանականները հայտնվել են հայրենի իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը սկսել է ուսումնասիրել բոլոր հրապարակումները, որոնք արվել են իշխող կուսակցության ներսում գրանցված կեղծիքների վերաբերյալ, եւ որոշել է գործի անցնել: Երկուշաբթի օրը իրավապահ կառույցներից մեկը որոշել է պարզել, թե ով, ինչ եւ ինչպես է կեղծել՝ ընտրությունների արդյունքների ցանկալի պատկեր ունենալու համար: Սա նշանակում է, որ առաջիկայում ՔՊ վարչության անդամ պատգամավորները, նախարարները եւ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ վարչության անդամ չընտրված թեկնածուները հերթով կկանչվեն ուժային կառույցներ՝ բացատրություն տալու: Իհարկե, գեղեցիկ է հնչում, որ իրավապահները մտնելու են ՔՊ՝ արդարություն վերականգնելու, բայց դա որ իրավունքով եւ որ օրենքով են իրագործելու, հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ առայժմ պարզել նաեւ, թե որ իրավապահ կառույցն է կոնկրետ որոշել քաղաքական իշխանության ներքին խոհանոցում բացահայտումներ անել: Գլխավոր հարցը այս պահի դրությամբ հետեւյալն է. արդյոք տարվող քննությունը մինչեւ վերջ կգնա՞, ու մեղավորները կպատժվե՞ն, թե՞ էլի ձեւական գործընթաց կլինի՝ հաշվեհարդարի միտումով: «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի իշխող կուսակցության ներսում թույլ տրված ապօրինության առիթով իրականացվելիք քննությանը:
Դատաիրավական բարեփոխումների անվան տակ այդ համակարգի անկախությունը վերջնականապես սպանած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է հետողորմյա անել ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ներդրած նորարարությունը, երբ կալանքի գործերը քննում էին առանձին դատավորներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը եւ եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձեւավորված դատարանը եւ տուն ուղարկել Աջափնյակի նստավայրում հավաքված «կալանք տվող» դատավորներին: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, եւ օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները: ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք ապահովելու հարցում: «Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, որպեսզի իշխանությունների սրտով որոշումներ ստանա, ու դրա համար Ազգային ժողովով փոփոխություն կատարվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում. պատճառաբանությունն այն էր, որ կթոթափվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը: Իրական պատճառը, սակայն, Ջհանգիրյանի ընտրած դատավորներով ցանկալի արդյունք ապահովելն էր: Օրինակ՝ Դավիթ Արղամանյանը, որը քաղաքական իշխանությունների հանրահավաքների ակտիվ մասնակից էր եւ թմբուկ էր խփում, ներկայումս կալանավորված Արուսյակ Ալեքսանյանին մեկուսացրեց: Ահա այս սկզբունքով էլ ընտրվեցին դատավորները, որոնցից որոշները «տուն կգնան» շուտով: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների հաղորդմամբ՝ միայն հայտնի է, որ այս շաբաթ մեկնարկող նստաշրրջանի օրերին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ չի մտնի՝ ընդդիմության 3 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով:
«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 4-ի համարում գրել էր, որ Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել. այս մասին պաշտոնապես հայտնել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի նոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանը երբ են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել ենք պատասխան, ըստ որի՝ Միսակ Հովակիմյանն ազատվել է 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում, իսկ Նարեկ Հովակիմյանը՝ 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում, այսինքն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ այն ժամանակահատվածում, երբ Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր էր: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ պետական պաշտոնյաները ազատում են իրենց որդիներին բանակից, իսկ խեղճուկրակ ընտանիքների երեխաները գնում են բանակ՝ որպես մսաղաց նյութ: Հիմա Նիկոլ Փաշինյանը մոռացել է նախկին խոսքերն ու խոստումները եւ աչք է փակում իր կողքի մարդկանց արարքների վրա, որոնց գործողությունները օր օրի ավելի լկտի եւ մերժելի են դառնում: