Արցախի գեներալ Միքայել Արզումանյանի գործով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Մենք փորձեցինք անձամբ նրանից պարզել իրականությունը, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Նշենք, որ Միքայել Արզումանյանի գործով առերեսումների գործընթացը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:

Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին եւ գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց եւ կոնկրետ հարցադրումներ արել:
Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը:
Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»:

Մանրմասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս