ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տարածաշրջանում մի քանի երկրներ փորձում են իրենց շահերն առաջ տանել ու իրենց ազդեցությունն ունենալ: Հայաստանն այդ ամենի էպիկենտրոնում է, ու այստեղ են հատվում թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի շահերը, ինչը, միանշանակ, բարդ իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար»: Տեսակետն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանինն է: Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Հայաստանն ինչ-որ կերպ դեռ կարողանում է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել:

 

-Վերջին շրջանում Ռուսաստանի ազդեցությունը այս  տարածաշրջանում նվազեց, իսկ քաղաքականության, առավելեւս՝ գլոբալ քաղաքականության մեջ վակուում չի լինում: Այն, ինչ նահանջել է, դրա տեղը պետք է լրացնել, եւ էստեղ մի քանի թեկնածուներ կան զբաղեցնելու: Մի կողմից Թուրքիան է՝ ցանկանում է իր ազդեցությունը մեծացնել, Թուրքիային հակակշիռ՝ Իրանն է ուզում մեծացնել իր ազդեցությունը, Իրանին հակակշիռ՝ արեւմուտքը, Իսրայելը, փորձում են իրենց ազդեցությունն ապահովել: Այստեղ բախվում են գրեթե բոլոր բեւեռների շահերը, եւ դա բարդ իրավիճակ է ստեղծում, սակայն Հայաստանը, ինչ-որ կերպ, դեռ կարողանում է բալանսի մեջ մնալ: Շատ բարդ իրավիճակում ենք եւ պետք է շատ աշխատել, սակայն ոչ բոլորն են դա հասկանում: Սովորաբար, բարձր գոռացողները ամենաքիչն են հասկանում: Այսօր ինչ-որ բան ազատագրել են պահանջում, վաղը՝ Կարս մտնել են պահանջելու… Ամենակարեւորը՝ մեզ անհրաժեշտ է ադեկվատություն եւ զգուշավորություն:

-Պարոն Գորգիսյան, «Կարս մտնել եւ ազատագրել են ուզում» ասելով՝ Դուք ի՞նչ նկատի ունեք:

-Ցավոք սրտի, քաղաքական դաշտն այսօր շատ անադեկվատ է: Եկեք այսօր ոչ ոքի չանդրադառնամ, եթե ուշադիր լինեք, դուք ինքներդ կնկատեք:

-Պարոն Գորգիսյան, Դուք ասում եք, որ Հայաստանը այս ամենի կիզակետում է, իսկ  մեր իշխանությունների բռնած քաղաքական դիրքորոշումը, քաղաքական վեկտորը ճի՞շտ եք համարում, արդյո՞ք ճիշտ ուղղությամբ են գնում. ո՛չ Ռուսաստանից են պոկվում, ո՛չ էլ արեւմուտքին են ցանկանում նեղացնել:

-Բալանսավորված քաղաքականությունն ամենաճիշտն է այս ամենում, որն էլ մենք անում ենք հիմա: Արտաքին քաղաքականությունում մենք աջակցում ենք մեր կառավարությանը, քանի որ դրան այլընտրանք չկա: Ինչքան էլ որ կարծում ենք, որ Ռուսաստանը այսօր   վատ դաշնակից է, արդյո՞ք կա այլ դաշնակից, որը պատրաստ է Ռուսաստանի չափ լինել մեր կողքին եւ մեզ աջակից. կարծես թե մենք չունենք նման աջակից: Աջակիցները շատ են, բայց շուշափելի ոչինչ չկա, կան միայն խոսակցությունների մակարդակում: Այստեղ եւս գալիս ենք մեր քաղաքական դաշտի ադեկվատությանը, ամեն մեկը փորձում է տեսնել ցանկալին, բայց ոչ՝ իրականը: Քաղաքական  ոլորտում կան տարբեր կողմերի ընկալումներ. բարձրաստիճան պաշտոնյա է գալիս արտերկրից, ասում են՝ վերջ, ուրեմն մենք փրկված ենք, զորքերը կբերեն սահմանին կշարեն, եւ ոչ ոք մեզ բան չի ասի: Մյուս կողմը՝ զուտ ռուսամետները, ասում են՝ տեսեք՝ դուք նրանց բերեցիք, եւ Ռուսաստանը մեզանից նեղացավ եւ այստեղ այլեւս ոչինչ չի անելու: Երբ գալիս ենք իրական դաշտ, հասկանում ենք, որ բոլոր պետությունները ունեն իրական շահեր: Այդ շահերը կախված չեն նրանից, թե այդ երկրում ով է ղեկավարը, կամ ինչպիսի քաղաքական պրոցեսներ են ընթանում այդտեղ: Մեծ պետությունները  ամեն տարածաշրջանում ունեն իրենց շահերը եւ առաջնորդվելու են այդ շահերով:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

«Այսօր Հայաստանում աշխատող աղքատների տեսակարար կշիռը գնալով մեծանում է, այսինքն՝ մարդն աշխատում է, բայց այդուհանդերձ աղքատ է համարվում, որովհետև եկամուտների աճ չի սպասվում, դեռ ավելին՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գներն օր օրի են ավելանում», -ասում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

 

Ըստ տնտեսագետի՝ պետությունը որքան էլ պնդի, թե երկնիշ տնտեսական աճ ունենք, տնտեսությունն էլ թռիչքաձեւ զարգանում է, միեւնույնն է՝ մարդիկ ամեն օր իրենց կենսակերպում զգում են տնտեսական զարգացման բացասական հետեւանքները: Մարդկանց սառնարանները գնալով դատարկվում են, իրական գնողունակությունն էլ պակասում է. եւ այս պարագայում քաղաքացին ի՞նչ անի, ինչպե՞ս դիմադրի օրեցօր ահագնացող գնաճին: Հարցերին տնտեսագետն այսպես է արձագանքում. «Նման իրավիճակում հասարակության գնունակությունն ընկնելու է, հասարակությունը՝ աղքատանալու: Մենք էլ ակնհայտորեն տեսնում ենք, որ աղքատների տեսակարար կշիռը գնալով մեծանում է: Այսինքն՝ մարդը աշխատում է, բայց շարունակում է աղքատ մնալ, քանի որ երկրում եկամուտների ինդեքսավորում տեղի չի ունենում, եկամուտների աճ չի գրանցվում: Փոխարենը՝ խանութում հատկապես առաջին անհրաժեշտության իրերի գները բարձրանում են: Նման իրավիճակում, բնականաբար, երկրում առկա սոցիալական խնդիրներն է՛լ ավելի են սրվելու»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետն ասում է, որ որքան էլ, որ պետությունը պնդում է երկնիշ տնտեսական աճ ունենալու եւ տնտեսության թռիչքաձեւ զարգացման մասին, միեւնույնն է՝ մարդիկ իրենց կենցաղավարման մեջ ամեն օր զգում են տնտեսական «զարգացման» բացասական հետեւանքները: Ըստ նրա ՝ իրականում դիսոնանս կա հայտարարվող թվերի ու  տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների միջեւ: «Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այն տնտեսական զարգացումը եւ տնտեսական աճը, ինչի մասին անընդհատ խոսում են պատկան մարմինները, իրականում ոչ մի կապ չունեն տնտեսության զարգացման գործընթացների հետ: Դրանք պայմանավորված են դրսից Հայաստան եկող մարդկանցով ու նրանց կողմից կապիտալի ծավալի ավելացման հանգամանքով»,- շեշտում է մեր զրուցակիցը:

 

 

 

ԿԵՂԾԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները դեռ շարունակում են կրքեր բորբոքել: ArmLur.am-ը տեղեկացավ, թե ինչպես է բացահայտվել ներկուսակցական ընտրությունների թնջուկը: ՔՊ-ականները սկսել են միմյանց համակարգիչների մեջ մտնել:

Պարզվում է՝ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամությունում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի՝ Տրդատ Սարգսյանի համակարգչի վրա նկատել է այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա, ըստ մեր տեղեկությունների, լուսանկարել է շրջանառվող այդ ցուցակը, ինչ-որ գրագրություններ ու վերահաշվարկ պահանջել:

«Թորոսյանն այժմ հնարավոր բոլոր օղակներով բողոքում է ընտրությունների արդյունքներից։ Ընդհուպ՝ կուսակցական գործընկերոջ համակարգիչ է մտել, ով պատահաբար բաց էր թողել մի էջ, որտեղից Արսեն Թորոսյանը տվյալներ է հանել, որ կուսակցական ընտրությունները կասկածի տակ դնի:

Ավելին՝ ՀԿ սեկտորին է այս հարցին խառնել, որ կուսակցականների դեմ խոսեն: Այս պահին կուսակցությունում բոլորը լարված են Թորոսյանի դեմ: Մենք շատ լավ հիշում ենք՝ ամենաանհաջողակ նախարարն էր ու հիմա սրբի շորերը հագած՝ ընտրություններից, արդարությունից է խոսում»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:

Մեզ փոխանցեցին նաեւ, որ կուսակցական վարչության այդ խայտառակ ընտրությունները, որ ներկուսակցական մոլի գզվռտոցների պատճառ են դարձել, դեռ երկար է մնալու ՔՊ-ականների կոկորդին: Բոլորն արդարանում են եւ բղավում՝ «բռնեք գողին»: Իսկ բռնող դեռ չկա:

 

 

ՆԵՐԿԱ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր Ազգային ժողովում կմասնակցի աշխատանքներին: Թեեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները միասնաբար չեն հայտարարել՝ այսօր մեկնարկող քառօրյա նիստերի աշխատանքներին մասնակցելու են արդյոք, թե ոչ, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի հայտարարությունների ժամին ներկա են լինելու:

Պահն օրհասական է, ասում են ընդդիմադիր պատգամավորները, Արցախի ու Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է, ու Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում, թե՛ հնարավոր մյուս բոլոր հարթակներում պետք է շարունակել: Վստահեցնում են, որ այնպես չէ՝ ԱԺ շենք են մտնելու ու մոռանան փողոցի պայքարի մասին, պարզապես բոլոր հարթակները պետք է օգտագործել:

«Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին մասնակցելո՞ւ եք»,- հետաքրքրվեցինք ընդդիմադիրներից: Ի պատասխան մեր հարցին՝ թե՛ «Պատիվ ունեմ»-ից, թե՛ «Հայաստան» դաշինքից պատասխանեցին՝ դեռ հստակ որոշում չունեն:

 

 




Լրահոս