Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը. ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին եւ հայտարարեց. «Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, դու՝ հայկական կողմ, ընդունում ես, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշելու»,- հայտարարեց Փաշինյանը: Նա այսպիսի հայտարարություն մեկ անգամ չէ, որ անում է: Օրինակ՝ նա նմանատիպ հայտարարություն արել էր 2021 թվականի օգոստոսի 24-ին եւ դեկտեմբերի 8-ին՝ ասելով, թե երբեք հստակ չի եղել՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն որ տարածքում է տեղի ունենալու։ Նրա այս խոսքերը, սակայն, չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ եւ՛ Մադրիդյան, ե՛ւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ հանրաքվեն, այսինքն՝ պլեբիսցիտը, պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը: Ադրբեջանը ընդդիմանում էր հանրաքվեին, քանի որ 1988-ի համամասնությամբ ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոսը, հայեր են եղել։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով հանրաքվեի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, եւ նա կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունները պատգամավորների համար միմյանց դեմ բողոքներ գրելու առիթ են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ օրերս ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանությունում դիմում է գրել՝ խնդրելով ուժային այդ կառույցից պարզել, թե ով է մամուլում հայտնված հրապարակումների աղբյուրը: Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի, այսպես ասած, 6-րդ վարչությանը տրված դիմումում, իհարկե, անուններ չեն գրվել, սակայն, նշվել է, որ անհրաժեշտ է շտապ պարզել, թե ՔՊ վարչության կեղծված ընտրությունների թեման ինչպես է հայտնվել մամուլում: Իսկ արդեն մտերմիկ զրույցի ժամանակ, ՔՊ պատգամավորը, նրան ուղեկցողները, ոստիկանության աշխատակիցներին հայտնել են, թե իրենք կասկածներ ունեն, որ մամուլին գաղտնի տեղեկություններ է տվել՝ մի կերպ ՔՊ վարչության անդամ դարձած պատգամավոր Արսեն Թորոսյանը: Ասել է թե՝ տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանն է լրագրողների նյութի գաղտնի աղբյուրը: Եվ հիմա ՀՀ ոստիկանության նախկին 6-րդ վարչության աշխատակիցները լրատվամիջոցների աղբյուրներին են փնտրում: Առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի, թե ով է հաղորդում տվող պատգամավորը եւ որ լրատվամիջոցների անուններն է տվել դիմումի մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ վարչության ընտրություններն անցել են խայտառակ ընտրակեղծիքներով: Սա արել են այն մարդիկ եւ այն քաղաքական լիդերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ իշխանության եկան ընտրակեղծիքները մերժելով:
Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 28-ամյա Կոստանյանն է հենց արտոնում ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապվող բոլոր տեքստերը, այդ թվում՝ թե՛ միջազգային գործընկերներին ուղղված արձագանքները, թե՛ մամուլի առանձին հաղորդագրությունները: «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական պատգամավորները, արտգործնախարարության աշխատակիցներն ու ընդհուպ՝ վարչապետ Փաշինյանի աշխատակազմը իրենց հայտարարությունները, տեքստերը այդ քննարկումների համար նախատեսված խմբում են տեղադրում, որ Կոստանյան Վահանն աչքի տակ անցկացնի, իր համաձայնությունը տա, ապա նոր հրապարակվեն դրանք»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Հետաքրքիր է՝ ում մտքով է անցել ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը որոշելու վճռորոշ հարցը թողնել գիտական թեզ պաշտպանելու պատրվակով բանակից 3 տարվա տարկետում ստացած, այնուհետեւ ասպիրատուրայից դուրս եկած ու բանակից բոլորովին այլ հիմքով ազատված Կոստանյանին. նա ո՛չ դիվանագետի կամ բանակցողի փորձառություն, ո՛չ էլ քաղաքական ցցուն ու արժանահավատ կենսագրություն ունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեում կադրային ջարդ է սկսել եւ պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում: Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սիմոն Հարությունյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի որոշման: Հարությունյանը Վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջում է, որ դատարանը ստիպի կոմիտեի նախագահին իր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարելու եւ մրցույթում հաղթող ճանաչվելու առկայությունը ճանաչվի, որպես հետեւանք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչվի ու, դեռ ավելին, միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 24.10.2022 թվականից, բռնագանձվի: Այսինքն՝ քաղաքացին անցել է պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ մրցույթի փուլը, ստացել ցանկալի «գնահատական», սակայն չի նշանակվում այդ պաշտոնում, եւ հիմա դատարանից պահանջում է ոչ միայն վերանշանակում, այլեւ հարկադիր պարապուրդի համար գումար: