Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորական երդում տվեց, ասում է, որ իր հայրենի Իջևանում (այդտեղից է նաեւ վարչապետ Փաշինյանը) Նիկոլ Փաշինյանին թե՛ սատարողներ, թե՛ քննադատողներ կան: ArmLur.am-ը պատգամավորի հետ զրուցել է մի քանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
-Պարոն Դանիելյան, առաջին օրն եք խորհրդարանում, թեպետ ավելի վաղ եք ստացել պատգամավորական մանդատը, Ազգային Ժողովի դահլիճ մտնելիս ի՞նչ զգացողություններ եք ունեցել, ի՞նչ մտորումներով եք եկել:
-Առանձնապես ինչ-որ զգացողություններ չունեմ: Նոր միջավայր, նոր մարդիկ, իսկ գալու նպատակն էլ հայրենիքին ծառայելն է:
-Արդյո՞ք պատգամավորական գործունեությունը հոգեհարազատ է Ձեզ:
-Այստեղ կան ընկերներ, որոնց վաղուց ծանոթ եմ, եւ նրանց հետ երկար տարիներ հարազատ եւ բարեկամական հարաբերություններ ունեմ:
-Այսպես ասած՝ լավ ժամանակներ չեն Ձեզ բաժին հասել, ընդդիմությունը փողոցում էր, հիմա վերադարձել է խորհրդարան, իշխանությունն էլ ասում էր՝ ինչպես գնացին, այնպես էլ խելոք հետ եկան խորհրդարանական աշխատանքին. ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ակտիվ ընդդիմադիր գործիչ եմ, մինչ այս պահը՝ առանց մանդատի, իսկ այժմ՝ մանդատով: Ինձ համար ոչինչ չի փոխվել: Ես պայքարել եմ փողոցում եւ պայքարելու եմ այստեղ: Պայքարելու եմ այն վստահության համար, որ մարդիկ մեզնից սպասում են, ամեն ինչ անելու եմ, որ խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք մարդկանց անհանգստացնում են: Ես ինքս Տավուշից եմ, եւ այնտեղ կան կենսական բազում հարցեր, որոնք թե՛ սոցիալական եւ թե՛ անվտանգային են, եւ ամբիոնը նման հարցերի համար չօգտագործելը չեմ կարծում, թե նպատակահարմար է: Մեզ համար առաջնայինը շեշտածս կարեւոր հարցերն են: Փողոցի պայքարի գաղափարը եւ Ազգային Ժողովի պայքարի գաղափարը պետք է համահունչ լինեն. մենք փողոցի պայքարը երբեք չենք դադարեցրել եւ չենք դադարեցնելու: Դրանք աննպատակ չեն. մեր բոլոր պայքարներն ունեն ստույգ նպատակ, որոնք ծրագրերի հետ առաջիկայում կներկայացնենք՝ ավելի թարմ մարտավարությամբ:
-Եթե չեմ սխալվում, դուք այն քաղաքից եք, որտեղից է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի ընկալումները այնպիսին են, որ պետք է իրեն սատարեն իր համերկրացիները, բայց ինչպիսի՞ն է հասարակության ընկալումը:
-Ես դրանով երբեք չեմ շարժվել: Ցանկացած հայ իմ համերկրացին է, տարբերություն չկա՝ որտեղից, բայց եթե իմ համերկրացին է, եւ սխալ է, չի նշանակում, որ պետք է սատարեմ իր ընտրությունը . դա սխալ կարծիք է:
-Իսկ ինչպիսի՞ն է քաղաքացիների տրամադրվածությունը:
-Տրամադրությունները տարբեր են: Մարդիկ կան, որոնք ավելի ռադիկալ են տրամադրված, մարդիկ էլ կան, որ համակերպվել են այս իրականության հետ եւ ապրում են այդ օրով ու իրենց ընտանեկան խնդիրներով: Մարդիկ կան, որ խնդիրներից խուսափելու համար անգամ իրենց կարծիքը չեն հայտնի, եւ կան այնպիսինները, որ բացառապես աջակցում են իշխանությանը: Ես ինքս պայքարել եմ՝ անգամ առանց մանդատի բացառապես, եւ եթե անգամ վաղը կամ մյուս օրը չունենամ մանդատ, կրկին պայքարելու եմ եւ ծառայելու եմ հայրենիքիս, ինչով որ կարող եմ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՄԱՆԻՊՈՒԼԱՏԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսից «Նիկոլ Փաշինյանը խաբել է» անվամբ շարք է սկսել, եւ ամեն օր օրաթերթի հերթական համարում ներկայացնում է վարչապետի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարություններն ու իրականություն՝ ապացուցելով, որ նա տարբեր առիթներով մանիպուլացնում եւ խաբում է քաղաքացիներին: Ի լրացումն այս շարքի՝ արդեն ArmLur.am լրատվական կայքում սկսել ենք մեկ այլ շարք եւ ներկայացնում ենք արդեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պաշտոնյաների կողմից՝ տարբեր ժամանակներում ասված կեղծ հայտարարությունները, քանի որ նման գործելաոճ ամեն դեպքում միայն վարչապետը չէ, որ ունի: Նման գործելաոճով աչքի են ընկել ոչ միայն կոնկրետ անձինք, այլ նաեւ գերատեսչությունները՝ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով: Մանիպուլյացիաների եւ կեղծ տեղեկությունների հարցում բացարձակ առաջատարը թերեւս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, որն այդ առումով մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:
2022 թվականի ապրիլի 6-ին «Առաջին ալիքի» «Հարցազրույց» հաղորդման ընթացքում Քերոբյանը մանիպուլատիվ հայտարարություն է արել, թե ընդդիմության կողմից առաջարկված նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագիծը մերժվեց, քանի որ բերելու էր նաեւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման։ Սակայն նա սխալվում է, քանի որ Հայաստանում պետական պաշտոնյաների աշխատավարձերը որեւէ կերպ կախված չեն նվազագույն աշխատավարձի չափից։ Դրանք սահմանված են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Ըստ այդմ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձի աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձի եւ տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված գործակցի արտադրյալով։ Վահան Քերոբյանն այս տարվա սեպտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը. «Օգտվելով առիթից, ուզում եմ նշել, որ սեպտեմբերի 8-ին հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքսում» Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը եւ հիմա գտնվում է 11-րդ տեղում՝ ամբողջ աշխարհում տնեսական ազատությունների ցուցանիշով»։
Սակայն նրան արձագանքեց «Լույս» հիմնադրամը՝ հայտնելով, որ թեեւ վերջիններս իրավացիորեն նշում են «Տնտեսական ազատության ինդեքսում» 165 երկրների շարքում 11-րդ տեղը զբաղեցնելու մասին, սակայն որեւէ կերպ չեն պարզաբանում, որ հրապարակված զեկույցը վերաբերում է 2020 թվականին: Ամիսներ շարունակ նախարարը խոստանում է հայկական կողմի գնած լաստանավերի գործարկումը: Նա վերջերս հայտարարեց, որ լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Սակայն դեռ նորություն չկա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՐ ԱՂՄՈՒԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
Հայաստանի տարբեր կալանավայրերում պատիժ կրող դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: Խնդիրն առնչվում է քրեական դատավարության նոր օրենսգրքին: Կատարված փոփոխություններից հետո նոր օրենսգիրքը նախատեսում է նախկինում ազատազրկման դատապարտված անձանց դատավճիռներում ինչ-ինչ համապատասխանեցումներ անել, որոնք շատ դեպքերում պատժի կրճատում են նախատեսում: Օրինակ՝ ավազակային հարձարկման եւ այլ հանցանքների համար ազատազրկման դատապարտված մի շարք անձինք քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններից հետո դիմել են դատարան, քանի որ ակնհայտ է եղել, որ այս փոփոխությունների արդյունքում իրենց պատժի չափը պետք է կրճատվեր կամ ինչ-որ չափող մեղմացում լիներ, սակայն դա չի կիրառվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ միայն Արմավիրի մարզի դատարան են դիմել մոտ 200 դատապարտյալներ, որպեսզի կարողանան օրենքի փոփոխությունից կամ, այսպես ասած, բարեփոխումներից օգտվել: Դատարանը, սակայն, 200 հոգու դիմումն էլ մերժել է: Դատապարտյալները ահազանգում են՝ նշելով, թե բարեփոխման անվան տակ ինչ-ինչ փոփոխություններ են արվում, սակայն իրականում գործընթացը միֆ է, եւ իրենք չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգը ստացել է Արմավիրի դատարանի դժգոհներից, բայց խնդիրը վերաբերում է բոլոր դատապարտյալներին:
ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ
«Ջերմուկում այս պահին դրությունը նորմալ է: Մեզ մոտ կրակոցներ չեն հնչել, քաղաքում ձայներ չեն լսվել, իսկ դիրքերի մասով ոչինչ ասել չեմ կարող, տեղեկություններ չունեմ»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Ջերմուկում քաղաքացիները փորձում են ապրել կյանքի բնականոն հունով, չնայած, որ մարդիկ դեռ վախեցած են:
Իսկ այն հարցին, թե քանի հանգստացող կա այս պահին Ջերմուկում մեր զրուցակիցն ասաց.« Այս պահին ավելի քան 100 հանգստացող կա, բայց լիահույս ենք, որ անվտանգության հարցերը կարգավորելուց հետո զբոսաշրջիկները եւ քաղաքացիները նորից կվերադառնան առողջարանային կնետրոններ»:
Նշենք, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: