ԵՐԿՈՒ ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի՝ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննությունների բաժինների աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից եւս մեկի ինքնությունը, ով օրեր առաջ ձերբակալված 32-ամյա տղամարդու ազգականն է՝ 41 տարեկան:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, ով տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք Է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու եւ գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրն ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից:

Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել եւ միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը եւ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին դաժան կերպով սպանության գործով ձերբակալվածները ինչ են պատմել իրավապահներին: Այսպիսով՝ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս պահին քրեական գործով դեպքի մասին իրավապահներին ողջ եղելությունը պատմել է ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանը: Նա նախաքննական մարմնում պատմել է, որ տուն է մտել գիշերը տան հիմնական դռնից, եւ տան դուռը բաց է եղել: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել:

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ քրեական հեղինակությանն է կալանավորել, որը Ստեփանավան քաղաքից է: Կոմիտեն հայտնել էր, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող եւ Էրո Տոմսկի մականվամբ հայտնի Էրիկ Ջաղինյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը:

Մասնավորապես՝ Էրիկ Ջաղինյանի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն եւ Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված, այսպես ասած՝ «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ եւ շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար եւ Է.Ջ-ի ցուցումի համաձայն՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից, այսպես կոչված՝ որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ, Ա.Ն.-ն 2022 թվականի ապրիլի 28-ից սկսած, Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչների շրջանում կազմակերպել է կանխիկ գումարների, ծխախոտի, սուրճի եւ թեյի հավաքագրման գործընթաց, ինչն ուղարկվել է ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրային քրեական հետապնդում, եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, եւ ահա այս նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 4-րդ անձը:

 

 

 

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից, ոստիկանության Էրեբունու բաժին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք:

Բերման ենթարկվածների թվում են եղել օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «կաբելի տղա», որը շուտով պետք է դառնար «օրենքով գող»:Եվ ահա, ArmLur.am-ին քիչ առաջ հայտի դարձավ, որ «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը կալանավորվել է:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼԻՍ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանը դիմել է դատարան:

Մեզ հայտնի դարձավ, որ նա, դիմելով վարչական դատարան, պահանջում է, որ դատարանը ստիպի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իր վերաբերյալ կազմված թիվ 228-05-2022 բարեվարքության եզրակացության կազմումը ոչ իրավաչափ ճանաչել եւ իր վերաբերյալ բարեվարքության դրական եզրակացություն կազմելուն պարտավորեցնել:

 

 

 

ԴԻՄՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Հակոբյանը դիմել է դատարան եւ պահանջել, որ դատարանը ստիպի նախարարությանը՝ 2022թ. հոկտեմբերի 19-ի հրամաններն անվավեր ճանաչել եւ որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ՝ բռնագանձել ամսական միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, 24.10.2022թ.-ից մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հայցվորին նախկին աշխատանքում վերականգնել:

 

 

 

ՓՆՏՐՈՒՄ ԵՆ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն այս պահին փնտրում են Ապարանի կրակոցներով երկրորդ անձի, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը. նա սպանության մեղադրանքով կալանավորված Արմեն Հովհաննիսյանի ընկերն է: Այս պահին քրեական վարույթով հարցաքննվել է մոտ 50 անձ եւ առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել եւ կանգնեցրել այն, այնուհետեւ մոտեցել են վարորդին եւ մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում:

Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս