«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ «Իշխանություն 2» ֆիլմը: Ռեժիսորի խոսքով` ֆիլմը հայրենիքի, սիրո, կորստի, արժանապատվության, խենթերի ու բոլորի մասին է:

 

-Պարո՛ն Մկրտչյան, «Իշխանություն 2» ֆիլմի պրեմիերայից մեկ օր անց մեծ աժիոտաժ սկսվեց հանրության շրջանում, անգամ մի քանի քաղաքացիներ երեկ փորձեցին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ ֆիլմի: Ինչպե՞ս եք վերաբերում կամ արձագանքում այս ակցիաներին:

-Դուք իրավացի եք` մի քանի քաղաքացիների կողմից: Վերաբերմունքս դրական է, ֆիլմի համար դա գովազդ է:

-Ի՞նչ եք կարծում, այս մարդիկ հատուկ ուղղորդողնե՞ր ունեն, ինչ-որ մեկի կողմի՞ց են ուղարկվել:

-Ես դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ:

-Ի՞նչ սպառնալիքներ, վտանգներ եք տեսնում Ձեր անձի նկատմամբ, ինչպես նաեւ դերասանական անձնակազմի հետ կապված:

-Ես շարունակում եմ ապրել իմ ամենօրյա կյանքով, դերասանները՝ նույնպես:

-Ձեր ֆիլմը շատերը հարցականի տակ են դնում այն առումով, որ այն նկարահանվել է հատուկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լուսավոր քողի տակ ներկայացնելու համար. ունեցե՞լ եք նման՝ հատուկ միտում:

-Անիմաստ եմ համարում պատասխանել այս հարցին:

-Ո՞ւմ ֆինանսավորմամբ է նկարահանվել ֆիլմը:

-Իմ:

-Ինչո՞ւ որոշեցիք ֆիլմի երկրորդ մաս նկարահանել:

-Որովհետեւ պատմությունը անավարտ էր: Նրա մասին էր` ինչ է եղել: Ինձ նույնքան կարեւոր է` ինչ է լինելու:

-Պարո՛ն Մկրտչյան, շատերի կարծիքով «Իշխանություն 2» ֆիլմն ունի անորոշ ավարտ: Արդյոք շարունակություն կլինի՞:

-Ինձ համար այս պատմությունը ավարտվել է:

-Եվ վերջում՝ ի՞նչ արձագանքներ եք լսել ֆիլմի պրեմիերայից հետո:

-Ֆիլմի մասին խոսում են, դա ամենակարեւորն է: Վատ է, երբ պրեմիերան անցնում է աննկատ:

Ի դեպ, նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Լեւս Դավթյանը, Սիրանուշ Լազյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմինե Անդրեասյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ «Իշխանություն» ֆիլմի առաջին մասը մեծ էկրան բարձրացավ 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում: Ֆիլմը հեղափոխության, դրա քաղաքական հետեւանքների ու պատերազմի ավերածությունների մասին է:

 

 

«ԻՄ ԵՎ ԵՎԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ»

Շատ շուտով՝ նոյեմբերի 15-ին, հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու բոլորի կողմից այդքան շատ սպասված «Սյուրպրիզ» սիթքոմը: Այն բաղկացած է լինելու ընդամենը 16 սերիայից, իսկ վերջին սերիան նախատեսվում է ցուցադրել Ամանորի գիշերը:

 

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, ով առաջին անգամ է նկարահանվում նման հումորային նախագծում:

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումներն անցնում են շատ ջերմ մթնոլորտում. «Հավաքվել է շատ լավ դերասանական անձնակազմ: Անկեղծ ասած՝ այս տեսակ ֆորմատն ինձ համար անծանոթ էր, ես երբեք չեմ խաղացել սիթքոմում, բայց շատ հետաքրքիր էր ինձ համար:  Եվ եւս մի բացահայտում անեմ՝ սիթքոմում հանդես է գալիս նաեւ դերասանուհ Եվա Զոհաբյանը:

Մարմնավորում ենք երկու քույրերի, ինչի մասին ես եւ Եվան դեռ ուսանողական տարիներից միշտ երազել ենք՝ միասին խաղալ, եւ հիմա արդեն դա իրագործվեց, ինչի համար շատ երջանիկ եմ:  Կերպարս չեմ ցանկանում բացահայտել, թող անակնկալ լինի հեռուստադիտողի համար»,-նշեց դերասանուհին:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐՎԵԼ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն թիմի 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին դեռ չի վճարել սեպտեմբերի աշխատավարձը։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ ակումբից, եթե աշխատավարձի ուշացումները լինեն պարբերաբար։

Մբապեին զայրացրել է փաստը, որը արգենտինացի Լիոնել Մեսին ու Նեյմարը այդպիսի խնդիրներ երբեւէ չեն ունեցել փարիզյան ակումբում։

Նոր պայմանագրով Մբապեի տարեկան եկամուտը ՊՍԺ-ում հասնում է 70 միլիոն եվրոյի։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

 

 

 

«ՖՈՒՏԲՈԼԸ ՇԱՏ Է ՓՈԽՎԵԼ»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է ժամանակակից ֆուտբոլի առանձնահատկության մասին։

«Ֆուտբոլը շատ է փոխվել։ Հիմա ավելի բարդ է գտնել մի ֆուտբոլիստի, որ սովորական չէ։ Մանկուց ֆուտբոլիստներին պատրաստում եմ որոշակի մոտեցումներով։

Ֆուտբոլում հիմա մեծ է մարտավարության դերը։ Ամեն թիմ կարող է մեծ դժվարություններ ստեղծել մրցակցի համար՝ չունենալով շատ տաղանդավոր խաղացողներ, սակայն մարտավարության շնորհիվ հասնել արդյունքի»,- ասել է Մեսին:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Լեհաստանը, Մեքսիկան եւ Սաուդյան Արաբիան։

 

 

 

«ՍԽԱԼ» ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկն իրեն համարում է «բացարձակ ազատ խոսքի» կողմնակից։ Սա, իհարկե, տեսական մակարդակում, իսկ գործնականում Մասկն սկսել է աշխատանքից հեռացնել Twitter-ի այն աշխատակիցներին, որոնք հրապարակավ քննադատում են իրեն իր իսկ սոցցանցում, որը նա վերջերս է ձեռք բերել։ Այդ աշխատակիցներին չի փրկում նույնիսկ այն փաստը, որ իրենք ընկերության կարեւորագույն ինժեներներն են։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ներկայումս հայտնի է երկու նման կրճատումների մասին, որոնցից մեկի մասին հայտնել է անձամբ Մասկը՝ Twitter-ում։ «Քննադատության» համար աշխատանքից ազատված մասնագետներից մեկը եղել է Էրիկ Ֆրոնհոֆերը (Eric Frohnhoefer), որը ութ տարի աշխատել է Twitter-ի՝ Android օպերացիոն համակարգով աշխատող հավելվածի վրա։ Կիրակի նա վերահրապարակել է Մասկի թվիթերյան գրառումներից մեկը՝ մեկնաբանելով, որ Մասկը «սխալ» պատկերացում ունի Twitter-ի հավելվածի տեխնիկական մասի վերաբերյալ։

 




Լրահոս