ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 136

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ հայտարարությունն է արել ու մանիպուլացրել հասարակությանը: Մասնավորապես՝ այդ օրը նա հայտարարեց, թե   Մադրիդյան սկզբունքների առաջին իսկ կետով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին։ Նա այդպիսի հայտարարություն արեց՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին: «Եթե Սանասար եւ ոչ Կուբաթլի, ապա ձեր լիդերներն ինչո՞ւ էին 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին՝ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին», – ասել էր նա: Իսկ ո՞րն է իրականությունը: 2007 թվականի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում»,- նշված էր փաստաթղթում։ Տարածքների վերադարձի մասին խոսվում է երրորդ կետում, ըստ որի՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ՝ փաստաթղթում նշված կարգով։ Ստացվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով հերթական անգամ խաբել ու մանիպուլացրել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առանց իր օգնականի որեւէ հանդիպման չի գնում: Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրն է հայտնում, այլ Հարությունյանի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերն են բացեիբաց խոսում այդ մասին: Երեկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի անդամների հետ հանդիպման նորից իր օգնական Հովհաննես Պողոսյանի հետ է գնացել: Վերջինս ոչ միայն ուղեկցում է Հարությունյանին, այլ նաեւ պարտադիր կերպով մասնակցում է բոլոր հանդիպումներին ու, որպես խիստ կարեւոր անձ ու դերակատար, նստում վերադասի կողքին: Իհարկե, անհասկանալի է, թե այդ երբվանից կամ պաշտոնական ինչ արարողակարգով է Հարությունյանի օգնականը պարտադիր մասնակցում բոլոր հանդիպումներին, բայց կառավարական կաբինետի մեր աղբյուրները փոխանցում են, որ նույն կարգավիճակով Պողոսյանը նաեւ արտասահմանյան գործուղումների ժամանակ տեղի ունեցող հանդիպումներին է ներկա գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովհաննես Պողոսյանը Արայիկ Հարությունյանի վարորդն է եղել վերջինիս՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ: Առավել քան տարակուսելի է, թե վարորդից օգնական դարձած Պողոսյանը ինչ հարցերում է կարողանալու օգնել Հարությունյանին, եւ որն է պատճառը, որ նա Հարությունյանի հետ ու նրա կողքին պարտադիր պետք է ներկա լինի բոլոր հանդիպումների, այցերի, գործուղումների ժամանակ:

 

 

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրակեղծիքների թեման դեռ շարունակում է եռալ։ Թեեւ կուսակցության ներսում գործած ընտրակեղծարարների խումբը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի անունից եւ կոնկրետ ցուցակ շրջանառել, թե ում պետք է քվեարկել՝ որպես վարչության անդամ, ամեն դեպքում, նաեւ այլ խոսակցություն է եղել վերջին նիստի ժամանակ։ «Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ անընդունելի է ոչնչի առջեւ չկանգնելով անել ամեն ինչ ՔՊ վարչության կազմում հայտնվելու համար։ Ավելին՝ հայտնել է, թե արդեն ուժայիններին հանձնարարել է վարչության ընտրությունների սրահի բոլոր տեսախցիկներն առգրավել՝ պարզելու, թե ով կամ ովքեր են եղել կեղծարարները։ Երեկ տեղեկացանք, որ տեսախցիկներն արդեն առգրավվել են, եւ արդեն պարզվել է մի խիստ ուշագրավ հանգամանք։ Պարզվում է՝ դուռը այն սրահի, որտեղ պետք է պահվեին քվեատուփն ու ցուցակները, պետք է փակ լիներ, ավելին՝ կապարակնքված, սակայն  ո՛չ դուռը, ո՛չ արկղը, ըստ տեղեկությունների, կապարակնքված չեն եղել։ Ստացվում է՝ ընտրակեղծիքներ կատարելու ճանապարհը բաց է եղել։ Հաշվիչ հանձնաժողովի անդամները պետք է պատասխան տան, թե ում հրահանգով կամ ինչ նպատակով են թույլ տվել այդ կոպիտ խախտումը։ Այլ կերպ ասած, ընտրակեղծիքների մեխանիզմը սկսել է բացահայտվել. հետաքրքիր է՝ դրա համար Նիկոլ Փաշինյանը կպատժի կեղծարարների խմբակին արդյոք, թե տխրահռչակ Արսեն Թորոսյանին, որը կասկածվում է ՔՊ կողմից բացահայտումներ անելու համար։

 

 

 

ՀՀ արդարադատության  նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նա ինչպես է աշխատում քաղաքական այս իշխանության հետ, երբ իր հայրիկին քաղաքական իշխանությունների հրահանգով քրեական հետապնդման ենթարկեցին,  մեղադրանք առաջադրեցին, եւ դեռ ավելին՝ հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: Ի պատասխան մեր այս հարցադրմանը՝ Գրիգոր Մինասյանն ասաց, որ անձնական այդպիսի  հարցերի չի պատասխանում:  Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս իր կարգադրիչ լիազորությունները բժշկական կենտրոնի շահերին հակառակ է օգտագործել՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 908 միլիոն դրամից ավելի գույքային վնաս: Առանձնապես խոշոր չափի՝ 45 միլիոն 402 հազար 392 դրամ, 27 միլիոն դրամից ավելի  վատնում կատարելու եւս  երկու դրվագ կա, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծիքի կատարում: Նկատի ունենալով, որ Մինասյանը թաքնվում է քննությունից, եւ պարզ չէ գտնվելու վայրը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2019 թվականին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի մասին մեղադրանքներ էր հնչեցրել, ինչի առթիվ Արա Մինասյանի փաստաբանը  դատի էր տվել առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին: Մինասյանի փաստաբանը դատարանում պնդել էր, որ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Մինասյանի հասցեին զրպարտիչ հայտարարություններ է արել: Դատարանը բավարարել էր այս հայցն ու պարտավորեցրել նախարարին հրապարակավ ներողություն խնդրել Մինասյանից:

 




Լրահոս