«ՊԱՀԱՆՋՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ». ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները 2022-ի գարանանից փողոցում ընթացող քաղաքական պայքարից հետո երեկ՝ հոկտեմբերի 15-ին, նորից Ազգային ժողովի նիստերի դահլիճ են վերադարձել ու հայտարարել, որ Հայաստանի ու Արցախի համար օրհասական այս պահին իրենց էլեկտորատի պահանջով ու դրդմամբ որոշել են իրենց գործունեությունն օերսդրում շարունակել:

«ՄիացյալՀայաստան» կուսակցությաննախագահ Երվանդ Թարվերդյանի գնահատմամբ՝ ընդդիմադիրների՝ խորհրդարան գնալը պահանջված քայլ էր: ArmLur.am-ի հետ զրույցում Թարվերդյանը նշում է, որ ինքը բազմիցս է հայտնել՝ եթե ժողովուրդը պատգամավորներ է ընտրել, ապա ժողովրդի կողմից ընտրվածները պարտավոր են իրենց գործը անել:
-Եթե իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», վատ նախագիծ է առաջ բերում, ու քանի որ ճնշող մեծամասնություն է, հետեւաբար, դա կարողանում է անցկացնել, ապա ընդիմադիրները կոնկրետ օրինագծերի վերաբերյալ պարտավոր են իրենց կարծիքը հայտնել: Հանրությունը պետք է հասկանա՝ նախագիծն ի՞նչ է ենթադրում, ինչի՞ մասին է ու, ամենակարեւորը, ի՞նչ թերություններ ունի: Շատ դեպքերում ընդդիմության առաջարկների կամ քննադատության հետ իշխանությւոնը հաշվի է նստում, քննարկում է դրանք ու որոշակի փոփոխություններ է մտցնում օրենսդրական փաթեթներում:
-Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն ԱԺ աշխատանքներով զբաղվի՞:
-Ոչ, նրանց ոք չի պարտադրում խորհրդարանով սահմանափակվել ու միայն այդտեղի աշխատանքը կատարել: Եթե նրանք ցանկանում են փողոցի պայքար մղել, իրենց գործուեությունն այդպես իրականացնել, ապա՝ խնդրեմ: Բայց, համենայնդեպս, խորհրդարանականի աշխատանքը նշանակում է մասնակցել Ազգային ժողովի՝ իրեն վարապահված աշխատանքներին:
«Պատիվ ունեմ» դաշինքը, օրինակ, հայտարարել է, որ կառավարության հարցուպատասխանին չի մասնակցելու: Դա նշանակում է, որ կա՛մ հարցեր չունի, կա՛մ իշխանությանը հարցեր տալ չի ցանկանում: Բայց Ազգային ժողովի աշխատանքների, օրենսդրական նախաձեռնությունների քննարկումների մասին պարտավոր են իրենց կարծիքն ասել, անգամ եթե հայտարարում են, թե՝ կարծիք չունենք, սա ինքնին արդեն կարծիք է:
-ԱԺ նսիտերին չմասնակցնելն ու խորհրդարան չգնալը, ասում են, քաղաքական բոյկոտ է, ինչն ամբողջությամբ տեղավորվում է խորհրդարանական գործունեության տրամաբանության մեջ:
-Այո, համաձայն եմ՝ քաղաքական բոյկոտ է, բայց ժողովուրդը, որ ընտրել ու խորհրդարան է գործուղել, ի՞նչ կապ ունի այդ բոյկոտի հետ: Նրանք փողոցում կարող են իրենց բոյկոտն արտահայտել, բայց ընտրողների քվեն պետք է ներկայացնեն խորհրդարանում: Եվ եթե շարունակեն խորհրդարանում իրենց աշխատանքները չկատարել, ապա դա պատճառ կլինի, որ հաջորդ ընտրություններին ժողովուրդը նրանց պարզապես չի ընտրի:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն իր կողմից առաջարկած հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության, ինչպես նաեւ՝ Սամվել Բաբայանի կուսակցության` քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնության հարցը սեպտեմբերին քննարկելու վերաբերյալ հայտարարության մասին վերջերս՝ մոտ 20 օր առաջ, Արցախի ԱԺ-ում էր հնչեցրել: Նրա հայտարարությունից հետո սակայն առ այսօր Բաբայանի կուսակցության կողմից որեւէ արձագանք դարձյալ չկա՝ ի վերջո քաղաքական կամք դրսեւորելո՞ւ են միանալու այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ:
Ու թեեւ Բաբայանն ու կուսակիցները հերքում են, թե նա Արցախի ներդրումների հիմնադրամից գումար չի ստացել, այնուամենայնիվ, Արցախի քաղաքական շրջանակները շարունակում են պնդել, թե «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդն այդ գումարը՝ 100 մլն դրամը, միջնորդավորված է ստացել:
Թեեւ մեզ որեւէ կերպ չի հաջողվում կապ հաստատել Բաբայանի հետ ու այս՝ թնջուկի նմանված պատմության հարցերն անձամբ իրեն ուղղել, բայց Ստեփանակերտից պնդում են նաեւ, թե վերոնշյալ հանձնաժողովը չի ձեւավորվում հենց այդ՝ 100 մլն դրամի պատճառով: Այսինքն՝ պետությունը առանց տոկոսի 100 մլն դրամ է տվել Բաբայանին, որպեսզի նրա կուսակցությունից եւ որեւէ մեկը հանկարծուհանկարծ չմիանա ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը, ու այդ հանձնաժողովն այդպես էլ չձեւավորվի:

ՈՒՄԻ՞Ց ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը, արդեն նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում են հսկում Նիկոլ Փաշինյանի անդորրը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները մուտք են գործել խորհրդարանի դահլիճ ու նստել ընդդիմադիր պատգամավորների գլխավերեւում: Խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ լուսաբանող լրագրողներս երբեւէ նման բանի ականտեսը չենք եղել: Եվ այժմ հետաքրքիր է, թե ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը, որ պատգամավորներին ոտքից գլուխ ստուգելուց, ապա նոր դահլիճ թողնելուց հետո, այժմ էլ որոշել կամ հրահանգել է՝ ՊՊԾ աշխատակիցներն ընդդիմադիրներին նաեւ ԱԺ նիստերի դահլիճում հսկեն:
ArmLur.am-ն այսօր նկատեց նաեւ, որ ՊՊԾ աշխատակիցներից ոմանք խորհրդարան քաղաքացիական հագուստով են եկել: Նման բան նույնպես նախկինում չի եղել. անվտանգության աշխատակիցները կա՛մ զինվորական հատուկ համազգեստով, կա՛մ կոստյումով են եղել:

 

 

 

ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանին արգելել են լքել երկիրը: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկացրել են, որ երկրից դուրս գալ չի կարող, քանի որ «ինչ-որ գործով մեղադրյալ է»:

Աշոտյանի փոխանցմամբ՝ մինչեւ այս պահն իրեն որեւէ մեղադրանք չի առաջադրվել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը: Մեզ հետ զրույցում Աթանեսյանն ասաց, որ այս պահին անգամ պարզ էլ չէ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:
Նշենք, որ ավելի վաղ Աշոտյանը տեղեկացրել էր, որ մեկնում է արտերկիր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին մասնակցելու։
Ավելի ուշ Արմեն Աշոտյանը այս թեմայով հանդես եկավ ասուլիսով.
«Երկրից ինձ դուրս թողնելու արգելքի հրամանը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը»:
Նա հիշեցրեց, որ մեկնում էր Լիսաբոն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ պետք է հանդիպումներ անցկացներ։
Աշոտյանը պարզաբանեց, որ իր ելույթների 99 տոկոսը նախատեսված էին Ղարաբաղյան խնդրի եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի թեմայով, եւ միայն 1 տոկոսը՝ Հայաստանում ստեղծված հակաժողովրդավարական իրավիճակի թեմայով։ «Մենք մեր կուսակցական կապերը միշտ օգտագործել ենք ի շահ պետության»,- հավելեց ընդդիմադիրը։ Նա դա անվանեց Փաշինյանի կողմից աննախադեպ աբսուրդ եւ «բեսպրեդել»։
Մենք հայց ենք պատրաստում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կապակցությամբ համապատասխան մարմինների ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործի հարուցման մասին։ Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա իշխանություններին կոչ արեց պատրաստվել դատին։ Աշոտյանը հիշեցրեց, որ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգման փուլում նրան արգելել են լքել Հայաստանը այն հիմքով, թե նա մեղադրյալ է ինչ-որ գործով։
«Հեռախոսահամարը, որն ինձ տվել էին եւ որով ես պետք է զանգեի, քննչական կոմիտեի քննիչին է պատկանում, որը քննում է քաղաքական սկանդալի վերածված բժշկական համալսարանի գործը», – նշեց նա։
ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ Հայաստանի ԱԱԾ աշխատակիցներն իրենց կոռեկտ են պահել՝ օրենքի շրջանակում։ Նրանք վստահություն են հայտնել, որ դա քննչական կոմիտե-գլխավոր դատախազություն դուետի աշխատանքն է։
«Ես մինչեւ հիմա ծանուցում չեմ ստացել, որ որեւէ գործով որպես մեղադրյալ եմ ներգրավված։ Իմ հանդեպ կիրառվել է երկրից չհեռանալու մասին ստորագրություն, բայց ես չեմ ստացել նաեւ այդ ծանուցումը։ Այսինքն՝ խափանման միջոցը նույնպես անօրինական է։ Եթե ես խոշոր հանցագործ լինեի, ուրեմն պետք է անձնագրային ստուգման ժամանակ ձերբակալվեի։ Սա նույնպես տեղի չունեցավ»,- ընդգծեց Աշոտյանը։
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ




Լրահոս