Յունիբանկի աջակցությամբ Պոլիտեխնիկում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկի ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա: Նորարար լուծումներով լաբորատորիան հնարավորություն կտա կազմակերպելու բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը, կնպաստի գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով բանկային համակարգի համար թվային նոր խելացի լուծումներ գեներացնելուն, ինչպես նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման մի շարք ծրագրեր իրականացնելուն և բանկային ոլորտը մասնագիտական կադրերով համալրելուն:

Լաբորատորիայի բացմանը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը պոլիտեխնիկական համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Յունիբանկին՝ ուսումնական կենտրոնը ստեղծելու, համագործակցության, բուհին աջակցելու, ուսանողական ու դասախոսական անձնակազմերին ժամանակակից միջավայրով ապահովելու համար։

«Պոլիտեխնիկը, լինելով տեխնոլոգիական համալսարան, նպատակ ունի բանկի հետ միասին այս լաբորատորիայում իրականացնել նոր մշակումներ, թվային տեխնոլագիաների և խելացի լուծումների միջոցով նոր հնարավորություն ստեղծել բանկային գործ մասնագիության, ինչպես նաև բանկերի գործունեության մեջ թվային տեխնոլոգիաների ինտեգրման գործում»,- ասաց ռեկտորը:

Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը, բուհում թվային լաբորատորիայի և ուսումնական կենտրոնի ստեղծումը, պատահական չէ, քանզի բանկը, արդեն իսկ, ոչ միայն «տնտեսագիտություն է», այլև տեխնոլոգիա։ «Ես համոզված եմ, որ այս լաբորատորիան թույլ կտա վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ինչպես բարձրագույն կրթություն ունեցող դիմորդների համար, այնպես էլ կհանդիսանա վերապատրաստման վայր, որտեղ նաև բանկի գործող աշխատակիցները կկարողանան նոր գիտելիքներ ստանալ՝ ավելացնելով իրենց հմտությունները տեխնոլոգիաների և ֆինանսների բնագավառում։ Վստահ եմ, որ այս լաբորատորիային սպասվում է հաջողություն, բազմաթիվ ուսանողներ և նոր դիմորդներ»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։

ՀԱՊՀ ռեկտորը հանդես եկավ առաջարկությամբ, նշելով, որ եթե Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնն ու Յունիբանկի մասնագետները՝ միավորելով երիտասարդներին և մասնագետներին, գեներացնեն այնպիսի գաղափար, որը հնարավություն կտա բանկային ոլորտում խելացի լուծում մտածել որևէ խնդիր լուծելու համար, Պոլիտեխնիկական համալսարանը մինչև 5 մլն դրամի չափով կֆինանսավորի այդ գաղափարը։ Մեսրոպ Հակոբյանն իր հերթին նշեց, որ Յունիբանկը ևս իր ներդրումը կունենա այդ նախագծում:

Համագործակցության հուշագիրը, որի շրջանակում իրականացվում են համատեղ մի շարք ծրագրեր, Յունիբանկի և Պոլիտեխնիկի միջև ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին:




Լրահոս