Դոլարի փոխարժեքի նվազումը շարունակում է անհանգստացնել ծրագրավորողներին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն ու ընկերություններն այս օրերին պետական տարբեր գերատեսչություններում հանդիպումներ են ունենում ու բարձրաձայնում՝ ամերիկյան դոլարի արժեզրկումը ֆինանսական լուրջ խնդիրներ է առաջացնում ոլորտում, ու ընկերությունները դժվարանում են աշխատակիցներին աշխատավարձ վճարել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ընկերություններից մեկում ծրագրերի իրականացման ղեկավար է այժմ աշխատում նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա այն համոզմանն է, որ ինչպես կորոնավիրուսի ու լոքդաունի ժամանակ է պետությունն աջակցել մի շարք ընկերությունների, այնպես էլ այժմ պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ եթե ոլորտը տուժի ու կազմալուծվի, ապա այն հետագայում վերականգնելը շատ ավելի բարդ, գուցև անհնար է լինելու:
Իսկ առաջարկվող լուծումներ այս պահին երկուսն են, դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձից գանձվող եկամտահարկն ուղիղ կիսով չափ՝ 50 տոկոսով վերադարձնելն է: Ինչն, ըստ Գորգիսյանի, հարցի համար ոչ թիրախային ու անարդյունավետ լուծում է: Մյուս տարբերակը ենթադրում է, որ պետությունը կկոմպեսացնի տարադրամի փոխարժեքի տատանումները, այսինքն՝ ոլորտի ընկերությունների համար բոլորովին այլ փոխարժեք սահմանվի:
Տեղեկատվական ոլորտի ընկերությունների համար բոլորովին այլ՝ տարբերվող, արտարժույթ սահմանելն, ըստ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի, նշանակում է, որ այդ տարբերությունը Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներն ու հարկատուներն են վճարելու. օրինակ՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչն ու 90 հազար դրամ ստացող դաստիարակը:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը IT ոլորտի համար հատուկ փոխարժեք սահմանելու մեջ սոցիալական անարդարության էլեմենտներ է նկատում: Համեմատության համար նշում է՝ անդադար նկատվող գնաճի պայմաններում թոշակառուների կենսաթոշակն ընդամենը 3000 դրամով է ավելանում, բայց մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց պետությունը պատրաստվում է մինչև 100 հազար դրամի աջակցություն տրամադրել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան