Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում քննարկվելու է եկամուտների միասնական հայտարարագրման նախագիծը:

Այս մասին հայտնել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» փաթեթին: Փաթեթի համաձայն՝Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:

«Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:

Այն կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում և դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ դեկտեմբերի 6-ին մեկնարկող լիագումար նիստում:

Մինչև հանձնաժողովի նիստը կկազմակերպվի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև անկախ փորձագետներ:

Իսկ առաջին ընթերցումից մինչև երկրորդն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

Համակարգը ներդրվելու է 2023 թվականից, փուլային տարբերակով:
Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի սկզբին:

Նախագծերի փաթեթը և հիմնավորումները ներկայացված են e-gov.am կայքի՝ կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում (34-րդ կետ)»,-գրել է Բաբկեն Թունյանը:




Լրահոս