Նոյեմբերի 18-ին, ժամը 01.05-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, Քանաքեռի գերեզմանատանն ընկել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Ժամը 01.20-ին ևս մեկ հաղորդագրոթյուն ստացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, համաձայն որի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ տանն ընկել է:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, սակայն, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները մարմնական վնասվածքները ստացել էին ժամը 00.30-ի սահմաններում Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Անհայտ անձը դանակահարել էր նրանց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.30-ին Քանաքեռի 6-րդ փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի:
Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել թաղեցիներին: 18-ամյա երիտասարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին: