Պաշտպանության նախարարությունը հանձն է առել բարձրացնել զինվորականների աշխատավարձը, բայց դա միայն այն դեպքում, երբ Զինված ուժերում ծառայողը համապատասխան «որակների ու չափորոշիչների» կբավարարի։
Խոսքը զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու մասին է։ Այսինքն` զինվորականը հավելավճար կարող է ստանալ միայն ատեստավորում անցնելուց հետո։
Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ArmLur.am– ի հետ զրույցում ասում է, որ թեև թեստավորման կարգը սահմանելու է կառավարությունը, սակայն դեռ պարզ չէ, թե ըստ մասնագիտությունների, ծառայության առանձնահատկությունների, դրանց կիրառումը կհամապատասխանի «հողի վրա» ծառայության առաջնահերթությունների։
Նրա դիտարկմամբ` անհասկանալի է, թե ինչպես է վերահսկվելու գործընթացը։ «Իսկ եթե դա դուրս գա վերահսկողությունից, ապա կոռուպցիոն ռիսկեր կարող է ունենալ, ինչն էլ իր հերթին վնասելու է զինված ուժերին։
Իսկ եթե գործընթացը սխալ հիմքի վրա դրվի, ու այդպես էլ շարունակվի, ապա այն զանգվածային ազատումների պատճառ է դառնալու»,-ասում է Աբրահամյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ` նման համակարգ ներդնելուց առաջ անհրաժեշտ էր զինծառայողների բազային աշխատավարձն ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարը էականորեն բարձրացնել։
Ս.Վ.