Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հսկող դատախազի նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչե Ղազարյանի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք է ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող թիվ 59103718 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով դատախազական հսկողությամբ իրականացվում են վարութային և այլ ապացուցողական գործողություններ:

Հիշեցում. 2012 թվականի հոկտեմբերի 1-ից Ս.Կ.-ն աշխատել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչե Ղազարյանին և նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում` որպես տնօրեն: Համալիրի գլխավոր հաշվապահն է հանդիսացել Ս.Ա.-ն:

2017 թվականի հունիսի սկզբին Ս.Կ.-ն աշխատակիցներից տեղեկացել է Ս.Ա.-ի կողմից հաճախորդներից ստացված որոշակի գումարներ ռեստորանի դրամարկղ չմուտքագրելու վերաբերյալ և այդ մասին հայտնել է Վաչե Ղազարյանին ու նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին, ովքեր որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ նույն ժամանակահատվածում Ս.Կ.-ն, Վաչե Ղազարյանն և Ռ.Բ.-ն շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, հիշատակելով Վաչե Ղազարյանի՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը՝ պահանջել են 40 մլն դրամ գումար, իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ:

Բռնություն գործադրելու սպառնալիքներով զուգորդված պահանջի արդյունքում՝ Ս.Ա.-ն հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը:




Լրահոս