Նիկոլ Փաշինյանի հրամանգրերով՝ կառավարական կաբինետի ամենատարբեր պաշտոնյաներ առաջիկայում գործուղումների կմեկնեն կամ արդեն գործուղման մեջ են: ArmLur.am-ը պարզեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում գործադրի ղեկավարը մի շարք գործուղումների հրամանագրեր է ստորագրել:
Այսպես՝ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը դեկտեմբերի 5-7-ը Ֆրանսիա կգործուղվի: Նա Մարսելում «Միջերկրականի ապագան» համաժողովին կմասնակցի: Փոխմարզպետի գործուղման հետ կապված ծախսերը հրավիրող կողմն է հոգում:
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Խաչատրյանը նոյեմբերի 27-29-ն Ավստրիայի կմեկնի՝ Վիեննայում մասնակցելու Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի անդամ երկրների վեհաժողովի 11-րդ նստաշրջանին:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նույնպես Ավստրիա կմեկնի: Նա «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով համաժողովին կմասնակցի: Պողոսյանը, որի գործուղման ծախսերը հրավիրող կողմն է հոգալու, Վիեննայում 5 օր կմնա՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարՀակոբ Վարդանյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի է մեկնել: Նա այտեղ «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին կմասնակցի: Գործուղումը եռօրյա է, այցի հետ կապված ծախսերը հրավիրող կողմն է հոգում:
Վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը մեկ շաբաթից ավելի Գերմանիայում կգտնվի: Նա նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 3-ը Բեռլինում, Վիսբադենում ու Շպայերում կգտնվի: Հրավիրող կողմի միջոցներով ֆինանսավորվող գործուղումը ճանաչողական բնույթ ունի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նոյեմբերի 21-25-ը Լիտվա է գործուղվել: Նա մասնակցելու է Վիլնյուսում կազմակերպված «Աշխատանքային օրենսգիրքը և դրա վերանայման մեխանիզմները» միջոցառմանը: Սարգսյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հրավիրող կողմն է հոգում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ դեկտեմբերի 5-8-ը Շվեյցարիա է մեկնելու: Նա Ժնևում մասնակցելու է Պատվաստանյութերի և իմունիզացիայի համաշխարհային դաշինքի խորհրդի նիստին: Այցի ծախսերը հրավիրող կողմն է հոգալու:
Ս. Վ.