Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում, օպերատիվ տեղեկություն են իրացրել:
Ժամը 4-ին Դրոյի փողոցում մեքենայից գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարոչությունից՝ նշելով, որ մեքենայի սրահում՝ տոպրակի մեջ, մեքենայի հայելիներ են եղել:
«Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, սակայն, հավատ չէր ներշնչում, քանի որ ոստիկաններն ունեին բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն: Հարկավոր էր գտնել մեկ այլ մեքենա, այլ գործող անձերով, և հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասցնելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները դիմեցին մայրաքաղաքի պարեկների օգնությանը:
Պարեկները ճշգրտությամբ կատարեցին իրենց բաժին գործը: Ժամը 5.30-ին Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում նրանք նկատեցին կասկածելի մի մեքենա, կանգնեցրին «Օպելը», առանց շտապելու, հանգամանորեն ստուգեցին վարորդի փաստաթղթերը՝ մինչև տեղ կհասնեին Քանաքեռ-Զեյթունի գործընկերները:
Ձերբակալվեցին և, «Օպելով» հանդերձ, բաժին տեղափոխվեց Նոյեմբերյան, Ստեփանակերտ ու Իջևան քաղաքների երեք բնակիչ՝ 24, 27 և 35 տարեկան տղամարդիկ: Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանեցին, որ գիշերվա ժամը չորսին գողացել են Ռուբինյանց փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայլիները. այն նույն հայելիները, որ հայտնաբերվել էին «Աուդիի» սրահում:
Պարզվեց, որ չորսն էլ գործել են մեկ խմբի կազմում, իսկ երկու մեքենա օգտագործել են հանցափաստով չբռնվելու համար: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակ, որով, ըստ նրա հայտնածի, կտրել էր հայելիների մալուխները:
Չորսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Հաջողվել է պարզել նաև «Լեքսուսի» տիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ: