«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականի հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին։ «Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ, չօգտագործվելու պատճառով, մաշվում են»,- նիստի ժամանակ հավելել էր Փաշինյանը։ Սակայն ինչպես հաճախ է պատահում, այս անգամ եւս պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ է եղել «Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրի քննարկմանը, ըստ որի՝ նախատեսվում էր այլ օբյեկտներից բացի նաեւ բազմաթիվ առողջապահական կենտրոններ վաճառել: Նա մանրամասնել էր. «Հանրության լայն շերտերի շահերը շոշափող կարեւորագույն օբյեկտների սեփականաշնորհումը տեղի է ունենում առանց հանրային խորհրդարանական պատշաճ մանրամասն լսումների», – նշել էր նա եւ հավելել, որ թեեւ մասնավոր հիվանդանոցների զուգարաններից գարշահոտություն չի գալիս, բայց հանրապետությունում գործում է առողջապահական օլիգարխների համակարգը եւ այդ հիվանդանոցներում ամենասովորական անալիզների համար աստղաբաշխական գումարներ պետք է վճարել։
Սակայն հեղափոխությունից հետո Փաշինյանը եւ իր թիմը ոչ միայն դեմ չեն , այլեւ նոր որոշումներ են ընդունում եւ ավելացնում՝ մասնավորեցման ենթակա գույքի քանակը: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը էլի խաբել է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։