ՎԿԱՆԵՐԻՆ ԿՐԿԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին շարունակվեց մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը:
Այս անգամ հարցաքննվեցին թե՛ ամբաստանյալը, թե՛ մեղադրող կողմի միջնորդությամբ կրկին դատակոչված վկաները, որոնցից դատարանը հասցրեց հարցաքննել միայն մանկահասակների հարցաքննությանը մասնակցած մանկավարժին: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը վկաներին նորից հարցաքննելու հանգամանքը հետեւյալ կերպ բացատրեց. «Հարցաքննությունից հետո որոշ հարցեր մնացել էին չպարզաբանված: Միջնորդեցինք, եւ հարցաքննությունն ինչ որ պետք էր` տեղը բերեց»:
ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանն էլ ավելացրեց. «Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը մեկ անգամ եւս հիմնավորեց այն մեղադրանքը, որը ներկայացվել էր: Ցուցմունքը մեղադրող կողմի համար ավելի բարենպաստ էր»: Ամիրզադյանի խոսքով` մեղադրողին չի հետաքրքրել այն, թե մարդն ուրիշ ինչ գործունեություն է ծավալել. «Մեզ հետաքրքրում է միայն այն պահը, երբ սկսել է, ըստ մեր կարծիքի, հանցագործություն կատարել: Նա 50, 100 հոգու կարող էր բարեգործություն անել: Խոսքն այստեղ միայն մեկ բանի է վերաբերում` մանկապղծությամբ զբաղվե՞լ է, թե՞ ոչ: Բայց եթե դուք դրա տակ դիտարկում եք, որ քողարկված են եղել երկրորդական մտքեր, դրանք արդեն եղանակների կատարման ձեւերից են: Եկե՛ք չքննարկենք»: Ըստ Սարգսյանի` տուժողների մեջ եղել են սոցիալական խոցելի կարգավիճակ ունեցող տղա երեխաներ, ծնողազուրկ անչափահասներ, մոլորության մեջ ընկածներ, ինչպես նաեւ մանկահասակի անօգնական վիճակն օգտագործելու դեպք. «Դժվար է, երբ երեխային գայթակղում ես փողով: Վերջերս ռուսական մամուլում կարդացի մի պաստորի մասին, ով զբաղվել էր մանկապղծությամբ: Նա նաեւ բարերարություն էր արել մանկապարտեզներում ու ցածր դպրոցում եւ զբաղվել մանկապղծությամբ: Տուժողները 11-ն էին: Մանկապիղծը դատապարտվեց 13 տարի ազատազրկման` սպանության հոդվածին հավասար տարիներ են, արժանի պատիժ է: Տուժողի անօգնական վիճակն օգտագործելն այս դեպքում էլ նույնն է, դա հավասարազոր է բռնությանը»: Հովսեփ Սարգսյանն ասում է, որ մեղադրողն անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր մեղադրանքը վիճարկել, քանի որ այն հիմնավոր է: Արամ Ամիրզադյանն էլ կարեւորում է այն հանգամանքը, որ ամբաստանյալի` հասարակության մեջ զբաղեցրած դիրքը ստեղծել էր լարված իրավիճակ, որը եւ տուժողների վրա ազդեցություն էր ունենում: Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս