ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երեւան քաղաքի՝ «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետեւ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երեւան քաղաքում եւ այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր:

 

Մասնավորապես՝

Երեւան քաղաքի Թամանյան 3 հասցում տեղակայված անշարժ գույք եւ դրան կից՝ նկուղային հարկում գտնվող միավոր

Մաշտոցի պողոտա 58 շենք, անշարժ գույք՝ 25

Չարենցի փողոց 4 շենք, անշարժ գույք՝ 129

Վարդանանց փողոց 26/1 շենք, անշարժ գույք՝ 35

Մաշտոցի պողոտա 6-րդ շենք, անշարժ գույքեր՝ 88 եւ 89

Վարդանանց փողոց 5Ա շենք, անշարժ գույք՝ 366

Տերյան փողոց 59 շենք, անշարժ գույք՝ 33

Սայաթ-Նովա փողոց 37/1 շենք, անշարժ գույք՝ 50

Թումանյան փողոց 38 շենք, անշարժ գույք՝ 52

Կողբացու փողոց 1 շենք, անշարժ գույք՝ 121

Իսրայելյան փողոց 39 շենք, անշարժ գույք՝ 1

Պուշկինի փողոց 58 շենք, անշարժ գույքեր՝ 52 եւ 53

Սարյան փողոցի 20/1 շենք, անշարժ գույք՝ 83

Մաշտոցի պողոտա 51 շենք, անշարժ գույք՝ 43

Խորենացի փողոց 47/1 շենք, անշարժ գույք՝ 121

Մաշտոցի պողոտա 40Ա շենք, անշարժ գույք՝ 100

Կորյունի փողոց 5 շենք, անշարժ գույք՝ 83

Պարոնյան փողոց 15 շենք, անշարժ գույք՝ 37

Խորենացի փողոց 43 շենք, անշարժ գույք՝ 96

Թումանյան փողոց 5Ա շենք, անշարժ գույք՝ 45

Տերյան փողոց 1 շենք, անշարժ գույք՝ 37

Արմենակյան փողոց 153 (հողամաս)

Սարյան փողոց 36/4 (հողամաս)

Էջմիածնի հին խճուղի՝ փողոց 28 (հողամաս):

Այնուհետեւ՝ նշված պաշտոնատար անձը, ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու եւ հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր հետքերը վերացնելու նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ մի շարք անձանց ներգրավմամբ, տարաբնույթ ձեւական գործարքներ իրականացնելու ճանապարհով, միջոցներ է ձեռնարկել հափշտակության առարկա հանդիսացող անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար:

Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաեւ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետեւանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար համարելով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը սեփական նախաձեռնությամբ 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Գ.Բ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 27 դեպքով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 25 դեպքով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով եւ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում):

Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչին՝ Գ. Բ.-ին մեղադրանք ներկայացնելու համար:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, պետության եւ համայնքի օրինական շահերը եւ խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Միաժամանակ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացմամբ, կձեռնարկի դատախազական ներգործության անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով:

 

 

 

ՉՈՐՍ ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար, Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:

 

Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել՝ այդ նպատակով նրա կողմից վերադաս պաշտոնատար անձին 734.040 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է նույն զորամասի հրամանատար, իր մտերիմ Վ. Ա.-ին, ով, իր հերթին, համաձայնել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու: Համաձայն նախապես ձեռք բերած պայմանանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին Տ. Չ.-ն Վ. Ս.-ին է փոխանցել 1.500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, ով, իր հերթին, այն փոխանցել է Վ. Ա.-ին: Արդյունքում` Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնին, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, որից հետո Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին: Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ, եւ նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այնուհետեւ, Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, ով ընդունել է 906.520 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու: Արդյունքում` Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը եւ մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ա.-ի եւ Հ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԴԱՆԱԿԸ ԶՆՆՈՒՄ ԵՆ

Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքը շարունակում է հանրության շրջանում դեռեւս մի շարք հարցեր առաջ քաշել, թե ինչու գողության համար բնակարան մտած անձինք այդքան դաժան վարվեցին ընտանիքի անդամների հետ:

Նախաքննական մարմինը հայտնել էր, որ ենթադրյալ հանցագործները դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել ընտանիքի անդամներին: Իսկ որտեղ է դանակը, որով կատարվել է սպանությունը. արդյո՞ք այն հայտնաբերվել է իրավապահների կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ դանակը, որով ենթադրվում է, որ սպանել են մորը եւ երկու երեխաներին, ոստիկանությունը հայտնաբերել է հենց նրանց տանը: Արդյո՞ք հենց այդ դանակով են սպանել նրանց. ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին դանակը տրված է փորձաքննության, եւ փորձաքննությունը ցույց կտա, թե տանը հայտնաբերված դանակով են սպանել մորը եւ երեխաներին, թե ոչ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի՝ Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին, եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, հանցանքը խոստովանել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՎՏՈՎԹԱՐ

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 22:04-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Գոլդ Սթար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ե. Ա.) եւ Volvo (վարորդ՝ Լ. Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ե. Ա-ն եւ ուղեւոր Վ Հ.-ն հոսպիտալացվել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

 

 




Լրահոս