ՆՈՐ ԳՈՒՅՔ՝ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ-ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց եւ 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով: «Երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը փառահեղ ելույթ ունեցավ Համաշխարհային օլիմպիադայում եւ գրավեց երկրորդ տեղը, վարչապետն ընդունեց հավաքականին եւ խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի արդյունքները շարունակական լինեն: Շուտով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը կունենա շախմատի էլեկտրոնային ժամացույցներ եւ համակարգիչներ: Շատ վաղուց էլեկտրոնային ժամացույցներ ձեռք չէին բերվել, իսկ առանց ժամացույցի շախմատ չեն խաղում: Դրա հետ մեկտեղ, ձեռք են բերվելու գերհզոր համակարգիչներ, որպեսզի մեր շախմատիստները կարողանան իրենց վերլուծությունները հնարավորինս կարճ ժամկետում կատարեն: Դրանք շատ կօգնեն, որպեսզի շախմատիստները կարողանան բարձրացնել իրենց գիտելիքների մակարդակը, մարզավիճակը եւ նորանոր հաղթանակներ գրանցեն»,- ասում է Կարեն Գիլոյանը:

Ներկայում շախմատային վերլուծություններն արվում են հզոր սերվերների միջոցով, որոնք հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում մոնիտորինգի դիտարկման արդյունքներ եւ ամփոփ տվյալներ են գեներացնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ հայ շախմատիստներն այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն. «Հայաստանի կառավարությունը հոգացել է, որ այդ բավական թանկ հաճույքից եւս մեր ամենաուժեղ շախմատիստներն օգտվեն: Այսպիսով՝ մեր ուժեղագույններն այլեւս ժամանակի խնդիր չեն ունենա, կկարողանան ամենակարճ ժամկետներում կատարել իրենց տնային աշխատանքը եւ կազմ ու պատրաստ ներկայանալ մրցումներին»:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանի խոսքով՝ նախատեսվում է՝ ձեռք բերվող 10 համակարգիչներից 3-ը լինեն գերհզոր. «Դրանցով մեր հավաքականների անդամներն ու մարզիչները ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն, վերլուծություններ կանեն եւ կնախապատրաստվեն կարեւոր ստուգատեսներին: Մյուս 7 համակարգիչներով կհամալրվեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դասարանները, որոնցով մարզադպրոցի 16 մարզիչները կկարողանան կազմակերպել 5-7 տարեկան երեխաների ուսումնական գործընթացը: Մինչ այս շախմատի տուն-մարզադպրոցում համակարգիչներ չենք ունեցել, մարզիչներն իրենց անձնական համակարգիչներով էին իրականացնում պարապմունքները»,- նշում է Հրաչիկ Թավադյանը եւ հավելում, որ այս տարի 125 երեխա է ընդունվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային ժամացույցներին, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրենն ասում է՝ դրանք պետք է հաստատված լինեն Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից, հակառակ դեպքում ՖԻԴԵ-ն կարող է չճանաչել այն մրցաշարերի արդյունքները, որոնք անցկացվել են իրենց կողմից չհաստատված ժամացույցներով:

«Վերջին ժամացույցները՝ շուրջ 30 հատ, ստացել ենք 5-6 տարի առաջ, երբ Հայաստանում անցկացնում էինք Եվրոպայի առաջնությունը: Հավաքածուի մեջ նաեւ օնլայն տախտակներ եւ 100 հատ շախմատ էր ներառված»,- պատմում է Թավադյանը:

Նրա գնահատմամբ՝ այս տարվա ընթացքում պատանի, երիտասարդ եւ մեծահասակ շախմատիստները գոհացնող արդյունքներ են գրանցել. «Տղամարդկանց մեծահասակների հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում այս տարի հավասար միավորներով զբաղեցրեց երկրորդ տեղը, Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Գաբրիել Սարգսյանը կիսեց 1-2-րդ հորիզոնականները, մեր մարզադպրոցի սանը՝ Մարիամ Մկրտչյանը, դարձավ աշխարհի ու Եվրոպայի Մ-18 տարեկանների չեմպիոն, մյուս սանն էլ երրորդ տեղը գրավեց: Կարծում եմ՝ այս տարվա արդյունքներն իսկապես գոհացնող են, բայց, անկասկած, նոր համակարգիչների ու էլեկտրոնային ժամացույցների ձեռքբերման ծրագիրը կարեւոր նախաձեռնություն է ու անպայմանորեն նպաստելու է է՛լ ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կատարած ներդրումները միանգամայն արդարացված են եւ պետք է շարունակական լինեն. «Երբ գումար է տրամադրվում եւ կա արդյունք, մոտեցումն անպայման պետք է շարունակական լինի, որպեսզի արդյունքներն ավելանան: Հայաստանի կառավարությունն այսօր իր վրա է վերցրել սպորտային ծախսերի գրեթե ամբողջ մասը: Ինչպես տեսնում եք, արդյունքները տեսանելի են: Իհարկե, կան հատուկենտ մարդիկ, կազմակերպություններ, որոնք սիրում են սպորտն ու հովանավորում, աջակցում են հայկական սպորտին,  որը շատ շնորհակալ եւ կարեւոր գործ է: Ես անչափ շնորհակալ եմ նման մարդկանց, բայց դա տարերային եւ ոչ համակարգված բնույթ ունեցող գործընթաց է: Ոլորտի հիմնական խնդիրների նկատմամբ ամենակարեւորը պետական հոգածությունն է, որը կա»,- եզրափակում է Կարեն Գիլոյանը:

Ն.Հ.

 

 

ՎՃԱՐՈՒՄԸ՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԲԱՆԿՈՎ

2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) նախատեսվում է վճարել անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով. «Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել են Ազգային Ժողովի կողմից։

 

Ներկայումս վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում են ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի միջոցով։ Սակայն անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենսդրությամբ՝ Ազգային օպերատորը 2023 թվականի փետրվարի 1-ից չի կարող կենսաթոշակներն (նպաստները) անկանխիկ եղանակով վճարել ներկայիս կարգով։

Ըստ այդմ, Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն (նպաստը) անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ կենսաթոշակի (նպաստի) վճարումը նախընտրած բանկի միջոցով շարունակելու համար։ Աշխատող քաղաքացիները կարող են դիմել նաեւ առցանց՝ www.socservice.am կայքէջի միջոցով, եթե դիմելու օրվա դրությամբ՝ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։

Մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը չդիմելու (Ազգային օպերատորի փոխարեն բանկ չընտրելու) դեպքում՝ փետրվար ամսվա կենսաթոշակի (նպաստի) վճարումն անկանխիկ եղանակով իրականացնելու համար համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) քաղաքացու փոխարեն կընտրի որեւէ բանկ։ Հիշեցնենք, որ քաղաքացին ցանկացած ժամանակ կարող է դիմել (աշխատող քաղաքացին՝ նաեւ առցանց) կենսաթոշակի կամ նպաստի ստացման եղանակը կամ բանկը փոխելու համար։

Միեւնույն ժամանակ կշարունակեն գործել կենսաթոշակը (նպաստը) կանխիկ եղանակով վճարելու՝ օրենքով սահմանված բացառություններն, այն է՝ քաղաքացու ընտրությամբ (դիմումի հիման վրա)՝ կենսաթոշակը (նպաստը) կարող է կանխիկ կամ անկանխիկ եղանակով տրամադրվել, եթե վերջինս առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է:

Ուստի, եթե քաղաքացին ցանկանում է փոխել պատահականության սկզբունքով ընտրված բանկը, կամ քաղաքացին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է եւ կենսաթոշակը (նպաստը) ցանկանում է ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով, ապա նա կարող է դիմել ՄՍԾ տարածքային բաժին (աշխատող քաղաքացին կարող է դիմել նաեւ առցանց)։

 

 

 

ՎՃԱՐՈՒՄԸ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող մայրերը հայտնվել են անհարմար դրության մեջ. արդեն մի քանի օր է, ինչ չեն ստացել իրենց հասանելիք 28 հազար 600 դրամը։ Ավելին՝ ArmLur.am-ին դիմած մայրերի խոսքերով՝ գումարն իբր փոխանցվելու է հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մինչդեռ նախորդ ամիսներին այս գումարը նրանք ստացել են յուրաքանչյուր ամսվա մինչեւ 10-ը։ Հարցին պատասխան ստանալու նպատակով ArmLur.am-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Համաձայն գործող օրենսդրության (Պետական նպաստների մասին օրենքի  28-րդ հոդված 8-րդ կետ)` մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստի վճարման ժամկետը մինչեւ տվյալ ամսվա ավարտն է։ Այս ամսվա վճարումները կկատարվեն նշված ժամկետը չխախտելով` բյուջետային միջոցների անհրաժեշտ վերաբաշխումների կատարումից հետո։ Սահմանված է, որ խնամքի նպաստը վճարվի տվյալ ամսվա ընթացքում, օրինակ՝ ամսի 10-ը, ֆիքսված վերջնաժամկետ չէ»: Թե ինչու է որոշվել այդ գումարները բաշխել այս ամսվա ավարտին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում են՝ նշելով, որ այս ամսվա վճարման օրվա փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ կարիք կա բյուջետային միջոցների վերաբաշխման։

Ս.Հ.

 

 

 




Լրահոս