Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը:
Նախագահն ընտրվեց միության 17-րդ համագումարի ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Երեւանի պետական կամերային թատրոնում:
Հակոբ Ղազանչյանն ընտրվեց բաց քվերակությամբ:
Ղազանչյանի խոսքով՝ ավելի ճկուն կառավարման համար ցանկալի է միության քարտուղարություն ստեղծել, որում կընդգրկվեն երիտասարդներ, որոնք ուզում են աշխատել, որոնք կհամակարգեն հստակ ոլորտներ, անընդհատ կապի մեջ կլինեն իրենց բնագավառի ներկայացուցիչների հետ եւ ժողովներ, միջոցառումներ կկազմակերպեն: «Եթե սցենոգրաֆիայի բնագավառն է, ցուցահանդեսներ կկազմակերպեն, եթե թատերագիտության, դրամատուգրայի ոլորտն է, ընթերցումներ, քննարկումներ եւ այլն: Դա հիմնականում արվում է, որ միությունն ուղիղ աշխատի միության անդամի հետ, ոչ թե թատրոնների միջոցով: Եթե այդ կանոնադրությունն ընդունվի, հաջորդ համագումարին պատվիրակներ կընտրվեն կոնկրետ սեկցիաների ժողովներում, ոչ թե թատրոններում: Ես դա կարեւոր եմ համարում»,-շեշտեց Ղազանչյանն ու հավելեց՝ իր առաջարկով վարչությունն իրավասու է լինելու ընդունելու նախագահի հրաժարականը եւ ընտրելու նոր նախագահ մինչեւ հաջորդ համագումարը: Այդ դեպքում միության նախագահը, ըստ էության, կկոչվի վարչության նախագահ:
Թատերական գործիչների միությունն այս պահին ունի մոտ 620 անդամ: Վերջին տարիներին միության անդամների շարքերը համալրել են երիտասարդները: Այժմ եւս դիմումները շատ են:
«Տխուր է, բայց այն սերունդը, որի յուրաքանչյուր անդամ միության հենասյուն էր, եւ որը միության աշխատանքներին լծվում էր՝ անելով իրենից կախված ամեն բան, օր օրի պակասում է: Առաջիկա տարիներին գլխավոր ռազմավարական խնդիրը պետք է լինի սերնդափոխությունը: Մենք պետք է գտնենք երիտասարդների, պետք է նրանց ուղղորդենք, որ աշխատեն, սիրեն իրենց գործը: Երիտասարդները պետք է ուժ ունենան ընտրելու իրենց առաջնորդներին, որոնցից հետագայում, գուցե, ընտրվի միության նախագահը: Եթե այդ տարիքում սկսեն ամբիցիաների բախումներ, անցանկալի ընթացք կլինի»,-հավաստիացրեց Հակոբ Ղազանչյանը:
Խոսելով թատերական ոլորտի խնդիրների մասին՝ Ղազանչյանն ասաց՝ առաջ իրենց ձայնը տեղ հասնում էր, իսկ հիմա տպավորություն է՝ մի քանիսի պաշտոնական կարծիքը բավարար է խնդիր լուծելու համար: «Կցանկանայի՝ միություններն ավելի ներգրավված լինեին մշակութային քաղաքականությունը ձեւավորելու հարցում, եւ ինձ համար մինչ օրս անհասկանալի է, որ շուրջ 15 տարի խոսում ենք թատրոնի մասին, օրենքի մասին, որը դեռ չկա: Միությունը պետք է հետեւողական լինի եւ առաջարկներ անի: Չգիտեմ՝ կընդունվի, թե ոչ, բայց պետք է այդ հարցում ակտիվ լինել, քանի որ օրենքի բացակայությունը անընդհատ խնդիրներ է ստեղծում թատերական դաշտում»,-շեշտեց Հակոբ Ղազանչյանը:
Թատերական գործիչների միության նախագահի միակ թեկնածուն Հակոբ Ղազանչյանն էր:
ՀԱՅԿՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելես քաղաքում կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրո հավերժ երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված մեծ համերգ, որին ներկա կգտնվեն երգչի հարազատ ընկերներն ու մտերիմները:
Համերգի նախապատրաստական աշխատանքներից լուսանկարներ է հրապարակել դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Քրիստինե Պեպելյանը, Արմինկան, Արտավազդ Ամիրյանը եւ Ռազմիկ Ամյանը:
Ի դեպ, նշենք, որ համերգը կրում է «Սերը սիրուց հետո՝ կարոտով…» խորագիրը, այն տեղի է ունենալու Ալեքս թատրոնում:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը: ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում, ժամը 14.00-ին:
ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ ՀՈԼՈՎԱԿ
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Նարեի Dance! երգի հոլովակն այս պահին մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենադիտվածն է: Այն 406 հազար դիտում ունի: Dance! մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը եւ Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ՝ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են՝ Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է, «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ
Երեւանի կարճամետրաժ եւ ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձեւավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի եւ օտարերկրյա կինոգործիչների միջեւ, խթանել փորձի փոխանակմանը: Հինգերորդ կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում: Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ փառատոնը բաղկացած է միջազգային եւ ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում: Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները: Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել է 33 ֆիլմ 10 երկրից, որից 18-ը՝ ազգային ծրագրում, իսկ 15-ը՝ միջազգային ծրագրում: