ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 137

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝  արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը: Նա պատասխանել է 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում իր եղբոր՝ տնօրեն նշանակվելու մասին հարցին եւ հանդես եկել մանիպուլատիվ հայտարարությամբ՝ նշելով, որ իր եղբայրն ընդամենը ընկերությունների խմբի տնօրեն է եւ ոչ ավելին։ «Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում՝ 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում աշխատում է տնօրեն: Ես կարող եմ սեփական օրինակով ասել՝ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, եւ էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր, որովհետեւ դա, ըստ էության, ընկերությունների խումբ է, որն իրար հետ փոխկապակցված գործում է, եւ նման դեպքերում նախընտրելի է  ունենալ մեկ տնօրեն. մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»,- պատասխանել է  նա: Այս հայտարարությունից շաբաթներ առաջ «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել էր, որ, նախորդ տարվա ապրիլ ամսից սկսած, Նիկոլ Փաշինյանի եղբայրը դարձել է մի շարք ընկերությունների տնօրեն։ Համաձայն այդ տվյալների՝ «Գոու Թրեյդ» ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների եւ սարքավորումների վարձույթով եւ լիզինգով, «Մինա-Մայա» եւ «Արգիշտի-2» ՍՊԸ-ները՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ «Միթ Ագրո» ընկերությունը՝ մսի առեւտրով։ Այս ընկերություններից միայն երկուսն են իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված (էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Մինա-Մայա» եւ «Արգիշտի-2» ընկերությունները): Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ ստել  եւ մանիպուլացրել է իր եղբոր գործունեության մասին հայտնի դարձած տվյալները պարզաբանելիս:

 

 

 

 

«2020-ի դաժան պատերազմից հետո ես ՀՀ կառավարությանը շարունակ նամակներ եմ հասցեագրել եւ պահանջել ձեւավորել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողով: Ինչու՝ որովհետեւ անհրաժեշտություն կար, որպեսզի կոնկրետ մի մարմին զբաղվի գերիների եւ անհետ կորածների հարցով, այլ ոչ թե մե՛րթ ՊՆ-ն, մե՛րթ ԱԳՆ-ն, մե՛րթ ԱԱԾ-ն… Վերջին նամակը գրել եմ այս տարվա հոկտեմբերին, երբ հանդիպեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ: Ի պատասխան՝ վերջապես հայտնեցին կառավարությունից, որ պատերազմից 2 տարի անց ստեղծվել է այդ հանձնաժողովը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ ԱԱԾ տնօրենն է, որը նախօրեին հրավիրել է առաջին նիստը: Փաստենք, որ 44-օրյա պատերազմից ավելի քան երկու տարի անց նման հանձնաժողովի ստեղծումը անչա~փ ուշացած էր, հատկապես որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը, այս տարվա հունվար ամսից ադրբեջանական կողմն արգելել է Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել: Հավելենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմից հետո՝ առ այսօր, մոտ մեկ տանյակից ավելի անթաղ մարմին էլ կա:

 

 

 

 

ՀՀ հակակոռուպցիոն   կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը  մոռացել  է աղմկահարույց քրեական գործերը եւ ընկել է «մանր-մունր ձկների» հետեւից: Ուսումնասիրելով  Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքը՝ «Ժողովուրդ»  օրաթերթը նկատում է, որ  կոմիտեն  ընկել է ցածր կալիբրի չինովնիկների հետեւից՝ գերեզմանատան վարիչ, Կադաստրի կոմիտեի  պաշտոնյա,  Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձ եւ այլն։ Իսկ ո՞ւր մնացին «խոշոր ձկները», ինչո՞ւ է  նախաքննական մարմինը լռում: Ի՞նչ փուլում է գտնվում «Մարտի 1»-ի գործը, ինչո՞ւ է հակակոռուպցիոն կոմիտեն լռում «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի  մասով (որին մեղադրում էր քաղաքացուն  սպանելու համար), ի՞նչ եղավ ՀՀ նախկին  վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող առանձնատան  վաճառքի գործը: Ի վերջո, որտե՞ղ են  նախկին թալանչիները՝  ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը`Քեթրինի Միհրանը,  եւ այսպես շարունակ: Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ընկել է «մանր ձկների»  հետեւից՝ ցույց տալու համար, թե նորաստեղծ կոմիտեն կոռուպցիայի դեմ է պայքարում, մինչդեռ «խոշոր ձկները»  իրենց համար  լող են տալիս: Այսպես, ազատ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, որը, լինելով պաշտոնյա, 500 մլն դոլարով ԱՄն-ում տուն է գնել, աշխատում են պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք 100 դրամով երթուղայինով էին երթեւեկում մինչեւ 2018 թվականը, իսկ հիմա մեքենայի ու տան կամ տների տեր են դարձել… Բա կոռուպցիան հո պոզ ու պոչով մեծ կենդանի չէ՞…

 

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Նույն գործուղման շրջանակներում Մադրիդ է գործուղվել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը, բայց, ի տարբերություն ՔՊ-ականների, Գրիգորյանը Մադրիդ վաղը՝ նոյեմբերի 18-ին է մեկնելու: Եթե թե՛ Գրիգորյանը, թե՛ Քոչարյանն ու Ալեքսանյանը նույն նիստերին են մասնակցելու, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են տարբեր օրերի Մադրիդ մեկնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովում պատգամավորների մասնակցությամբ աշխատանքները  նոյեմբերի 19-ից են մեկնարկելու, մինչեւ այդ զուտ կազմակերպչական աշխատանքներ են մեկնարկելու, ինչի ժամանակ պատգամավորները պարզապես որեւէ անելիք չունեն: Ի՞նչ է ստացվում.  ՔՊ-ականները մի քանի օր առաջ Մադրիդ են մեկնել պարզապես շրջագայելու ու «աշխարհ տեսնելու» համար՝ ստանալով այդ շրջագայության համար օրապահիկ, եւ դա արել են պետության հաշվին, քանի որ, ըստ ԱԺ կայքում տեղադրված՝ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեն է հոգալու:

 




Լրահոս