ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

 

-Պարոն Խաչատրյան, ընդիմադիր Ձեր գործընկերները արդեն վերադարձել են խորհրդարանական դահլիճ. նրանք  պնդում են, որ երբեք էլ չէին հեռացել: Իշխանությունը ինչպե՞ս է ընդունում նրանց վերադարձը:

-Ոչ թե պատրաստ ենք, այլ պարտավոր ենք ականջալուր լինել բոլորի քննադատությանը. դա կլինի քաղաքացու, պատգամավորի կամ մեկ այլ անձի կողմից: Քննադատությունը լսելն ու դրանից հետեւություններ անելը, դրանց հետ համաձայնելը կամ առարկելը մեր պարտականությունն է։

-Ընդդիմադիր ձեր գործընկերներն ասում են, թե Հայաստանի եւ Արցախի շուրջը օղակը սեղմվում է, դրա համար են վերադարձել խորհրդարան: Ըստ Ձեզ՝ դա՞ է իրական պատճառը:

-Խորհրդարան գործուղված պատգամավորի կողմից Ազգային ժողովում աշխատելու համար արված ցանկացած արդարացում անհեթեթություն է: Ընտրողը, իր քվեն կոնկրետ ուժի տալով, նրա ներկայացուցիչներին գործուղում է խորհրդարան ու լիազորում աշխատել, հարցեր բարձրացնել, լուծումներ գտնել, օրենսդրական փաթեթներ մշակել եւ այլն։ Օրենսդիր մարմնում պատգամավորը երեք ուղղությամբ է աշխատում: Առաջինը՝ գործադիր իշխանության  վերահսկողությունն է, երկրորդը՝ օրենսդրական գործունեությունն է (այսինքն, երբ օրենքներ է մշակում, ներկայացնում), երրորդը՝ ներկայացուցչական առաքելությունը (այսինքն՝ անմիջական կապը հանրության հետ, երբ բարձրաձայնում է նրանց հուզող բոլոր հարցերը)։ Այս ամենն է հենց պատգամավորի աշխատանքը,  ու որեւե մեկը չպետք է հիմնավորի, թե ինչու է  անում այդ ամենը: Շեշտում եմ՝ իր աշխատանքն է պարտավորեցնում աշխատել վերոնշյալ ուղղություններով: Խնդիրն այն է, որ մարդիկ չեն գիտակցում դրա կարեւորությունը եւ կարծում են, որ եթե ընտրվել են, ապա պետք է կամ կարող են կամակորի պես պահել իրենց, ինչը, բնականաբար, լուրջ մարդուն վայել չէ:

-Այսինքն՝ ընդդիմադիրները կամակորությա՞մբ են զբաղվել մինչեւ այս պահը:

-Կարծում եմ՝ իմ խնդիրը չէ գնահատել ընտրված պատգամավորին, քանի որ նրանք ունեն ընտրողներ, որ իրենց կողմից խորհրդարան գործուղվածների աշխատանքը տեսնում են, հետեւություններ են անում եւ գնահատական են տալիս այդ ամենին: Իսկ թե ինչպիսին է գնահատականը, դա կերեւա մի քանի տարի անց՝  հաջորդ ընտրությունների ժամանակ։

-Պարոն Խաչատրյան, հասարակությունը «խաղաղության պայմանագրի» մասին որպես չստորագրված, սակայն արդեն իրողություն դարձած երեւույթի մասին է խոսում: Բոլորը խոսում, քննարկում, արտահայտվում են այդ մասին: Իսկ վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որեւէ երաշխիք չկա, որ պայմանագիրը կկնքվի եւ հակառակորդը նոր ագրեսիայի չի դիմի: Ի վերջո ի՞նչ սպասել այդ պայմանագրից։

-Խոսքը «խաղաղության դարաշրջանի» մասին է, ինչի մի մաս կարող է կազմել «խաղաղության պայմանագիրը», ու մենք ունենանք մի փաստաթուղթ, որով կողմերը կպարտավորովեն չխոսել ուժի դիրքերից եւ կխուսափեն առկա խնդիրները ուժի գործադրմամբ լուծելուց: Ու որպեսզի նման բան տեղի չունենա, մենք մեր մասով ամեն ինչ կանենք: Բայց, սովորաբար, հակամարտող պետությունների միջեւ որեւէ փաստաթուղթ կնքվում է, երբ կողմերը որոշակի փոխզիջումների շուրջ համաձայնություն են ձեռք բերում։ Եթե մաթեմատիկական լեզվով ասենք, ապա «խաղաղության պայմագիրն» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Իհարկե, կարող է «խաղաղության պայմանագիր» կնքվել ու դրանից օրեր անց պատերազմ սկսվի. պատմությունն այդպիսի դեպքեր էլ է ճանաչում։ «Խաղաղության պայմանագիր» կնքելու ու իրական խաղաղության հասնելու բավարար պայմանները մեր հզորությունը, մեր բանակի հակահարված տալու կարողությունն ու հասարակության համախմբվածությունն են։ Մտածել, թե «խաղաղության պայմանգիր» կկնքենք եւ հաջորդ օրվանից խաղաղ կյանքով կապրենք, միամիտություն է: Այդպես պարզապես չի լինում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԳՐԱՎԻՉ ԱՌԱՋԱՐԿ՝ ԺԱՄԿԵՏԱՅԻՆՆԵՐԻՆ

Պաշտպանության նախարարությունը ժամկետային զինծառայողների համար նոր օրինագիծ է մշակում, ինչը նախատեսում է, որ 18-ամյա ժամկետային զինծառայողները բանակ զորակոչվելուց վեց ամիս անց կարող են պայմանագրային հիմունքներով ծառայության անցնել:

 

Այսինքն՝ ժամկետային զինծառայողը կարող է պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել ու ծառայության մնացած հատվածն արդեն որպես պայմանագրային զինվորական անցկացնել:

Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն է բացատրում՝ զինվորը կարող է ե՛ւ ծառայել, ե՛ւ աշխատել զինված ուժերում, դրա համար բարձր աշխատավարձ ստանալ՝ առնվազն 315 հազար դրամ։ Պաշտպանական գերատեսչության կողմից մշակված ու «Պաշտպան հայրենյաց» անունը ստացած ծրագիրն, անխոս, առաջին հայացքից կարող է գրավիչ թվալ, բայց պետությունը 18-ամյա երիտասրադին ինչպե՞ս է համոզելու իր հետ 5 տարվա պայմանագիր կնքել:

«Երկու տարի շարքային զինծառայող լինելու փոխարեն, – ընդգծում է Խաչատրյանը, – պետությունն առաջարկում է 6 ամիս պատրաստություն անցնել ուսումնական զորամասում, դառնալ պայմանագրային զինծառայող, անցնել ատեստացիայի գործընթաց ու առնավազն 315 հազար դրամ եւ ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Իսկ պայմանագրի ավարտից հետո՝ այսինքն 5 տարի անց, զինծառայողն առձեռն 5 մլն պատվովճար կստանա»:

Ըստ Խաչատրյանի՝ այս ծրագիրը բանակի նկատմամբ ունեցած գրավչությունը կբարձրացնի, պայմանագրային զինծառայողներն էլ պրոֆեսիոնալ զինվորականներ կդառնան:

Նախաձեռնության ամենակարեւոր հանգամանքն այն է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային միջին շեմը կնվազի՝ ներկա՝ ընդհուպ 50 կամ 60 տարիքային խմբից դառնալով 18- 25 տարեկան: «Իհարկե, – շեշտում է ՔՊ-ական պատգամավորը, – լավ օրից չէ, որ զինված ուժերում պայմանագրայինների տարիքը միջինից բարձր է, բայց ծրագրի կյանքի կոչվելուց հետո բանակի պայմանագրային զինծառայողների թեւը երիտասարդանալու է», – վստահեցնում է նա:

Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի՝ ծրագիրը սինթեզ է մինչեւ այս պահը բանակում գործող տարբեր ծրագրերի, ինչի արդյունավետությունը կարեւոր մի քանի հանգամանքներից է կախված: Առաջինը՝ զինված ուժերի բարոյահոգեբանական մթնոլորտն է, ինչը մեծ ազդեցություն ունի երիտասարդներին դեպի զինված ուժեր բերելու հարցում, երկրորդը՝ պետություն-զինծառայող փոխհարաբերություններն են ու մասնավորապես այն, թե կառավարությունն ինչքանով է աջակցում զինվորին ու կանգնում նրա կողքին:

Աբրահամյանը չի նկատում օրվա իշխանության՝ զինուժը երիտասարդների համար իսկապես գրավիչ դարձնելու կամքը: «Որպես նախագիծ, – ասում է, – «Պաշտպան հայրենյացը» կարելի է գնահատել, դրա դրական առանձնահատկություններն առանձնացնել, բայց հարցն այն է, թե ով է դրա իրագործողը»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԱ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

Արմեն Աշոտյանին երեկ առավոտյան արգելվել է մեկնել երկրից՝ մասնակցելու Լիսաբոնում կայանալիք ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ Աշոտյանը որեւէ գործում որպես մեղադրյալ ներգրավված չի եղել:

Այսինքն՝ նրա նկատմամբ կիրառվել է մոտեցում, որը կամայականության լրջագույն կասկածներ է հարուցում:

Գրություն եմ պատրաստում ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով համապատասխան պարզաբանումներ ՀՀ քաղաքացի Արմեն Աշոտյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Հիշեցնեմ՝ ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք։ Իսկ քաղաքական հրահանգով զանգովի արդարադատություն իրականացնելը մարդու իրավունքների աղաղակող խախտում է, որը խիստ դատապարտելի է»։

 

 

 

ԸՆՏՐՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում: Այս օրերին, երբ բոլորի ուշադրությունը Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» շենքն ու դրա ձեռք բերման պատմությունն է, ոչ պակաս աղմկահարույց այլ գործարքներ պարզապես ստվերվել են, կամ էլ, պարզապես, քաղաքական իշխանությունը դրանց հետեւից գնալու քաղաքական կամք ու ցանկություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երեւանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում: Շենքը, նշենք, պատկանել է «Արմֆարմացիա» ընկերությանը, որտեղ, նախարարի  վստահեցմամբ, մասնաբաժին նաեւ իր մայրն ունի: «Արմֆարմացիա» ընկերությունը նախկինում ակտիվորեն գործել ու շենք է ձեռք բերել զուտ միայն այն պատճառով, որ Ավանեսյանի մայրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տիկին Լյուդմիլայի մտերիմ ընկերուհին է: Եթե անգամ ընդունենք հանգամանքը, որ «Արմֆարմացիային» պատկանող շենքն այլեւս որեւէ կապ չունի Ավանեսյանի ընտանիքի հետ, ապա պատկան մարմինները, զուտ միայն արդարության ու ներքին բարոյականության սկզբունքից ելնելով, պարտավոր են նաեւ այս գործին ու պատմությանը հետամուտ լինել, պարզել՝ ԳԽ նախկին պատգամավորը, նախկին նախագահի տիկնոջ ընկերուհին ինչպես է տարիներ առաջ շենք ձեռք բերել. արդյոք վաճառքը արհեստական գործարք չէ՞:

 




Լրահոս