ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների։

 

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հույս է հայտնել, որ  քննարկման արդյունքում գործարարների ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի գործնական կդառնա: «Տեղյակ եք երեւի, որ, բարեբախտաբար, այս տարի Հայաստանում աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ են արձանագրվել, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք: Մեր տնտեսական բնույթի խնդիրներից կարեւորագույնն այն է, ինչ մասին մենք մի քանի անգամ խոսել ենք: Այսօր, ցավոք, կապիտալ ծախսերի մեր ծրագրերը չենք կարողանում լիարժեք իրականացնել մի պարզ պատճառով՝ Հայաստանում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որպեսզի նրանք կարողանան, այսպես ասած, իրացնել այն ամբողջ պոտենցիալը, որ մենք առաջարկում ենք: Խոսքը ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, պետական նշանակության այլ օբյեկտների կառուցման մասին է, եւ ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա:

Հաջորդը՝ կարծում եմ, որ իհարկե շատ բարդ աշխարհքաղաքական եւ միջազգային վիճակում ենք գտնվում, ամբողջ աշխարհը, եւ ինչպես տեսնում ենք, այդտեղ ունենք սպառնալիքներ, մարտահրավերներ, բայց մյուս կողմից նաեւ ունենք հնարավորություններ, այդ թվում՝ ներդրումային: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա: Իսկ թե որ ուղղություններն են ավելի հեռանկարային եւ հետաքրքիր ձեզ համար, թերեւս դուք ավելի լավ կարող եք որոշել:

Միայն մի արձանագրում կարող եմ անել, ինչի մասին թերեւս լսել եք, որ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու ամիս առաջ հրապարակված «Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում» 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը նշանակում է, որ աշխարհի 165 երկրների շարքում ներդրումային եւ տնտեսական գործունեության ազատության առումով Հայաստանը 11-րդ հորիզոնականում է: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության որեւէ արգելք եւ սահմանափակում չկա, սա նշանակում է, որ որեւէ մեկին ալգերված չէ որեւէ բան արտահանել կամ ներմուծել, եւ իհարկե, արգելքները կամ սահմանափակումները վերաբերվում են միայն նրան, ինչ վերաբերվում է բոլորին: Նկատի ունեմ՝ օրենսդրական որոշակի կարգավորումներ եւ այդպես շարունակ: Իհարկե, Հայաստանի պարագայում կան նաեւ լոգիստիկ որոշակի բարդություններ, բայց դժվարությունների հետ առերեսվում են բոլորը, եւ այստեղ այլընտրանքային մոտեցում ընդհանրապես չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարության ներքո գործում է ներդրումների աջակցման կենտրոնը, որի հիմնական խնդիրն է՝ Հայաստանում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող գործարարներին, տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերել: «Եվ մենք պատրաստ ենք լսել նաեւ ձեր կարծիքները, տպավորությունները, գուցե նաեւ ինչ-որ խոչընդոտների կամ դժվարությունների մասին, որոնց հետ առերեսվել եք Հայաստանում: Հետաքրքիր կլինի իհարկե իմանալ այդպիսի դեպքերի մասին, եւ բոլոր այն դեպքերում, երբ կտեսնենք, որ լուծումներ հնարավոր են՝ լուծումներ կտանք: Կարող են լինել նաեւ օբյեկտիվ դժվարություններ, որոնց լուծումն իրատեսական չէ, բայց ամեն դեպքում ամբողջական տեղեկատվություն ունենալը մեզ համար շատ կարեւոր է հետագա գործունեությունը հաշվի առնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ վարչապետը եւ հանդիպմանը մասնակից կառավարության մյուս անդամները պատասխանել են գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին եւ այլն:

Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է գործարարների հետ լինել մշտական կապի մեջ եւ կառավարության գործիքակազմների շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:

Կարեւորվել է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության եւ կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

 

 

ԲԱՐՈՅԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է եւ բարոյապես անընդունելի: Սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի եւ ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ:

Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հնագույն խաչմերուկ է՝ որպես կամուրջ Արեւմուտքի եւ Ասիայի սրտի միջեւ: Սակայն շատ հաճախ կայսերական նկրտումներ ունեցող բռնապետերը Հարավային Կովկասում ապրողներին զոհ են դարձնում՝ որպես օրինակ նշելով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական ագրեսիան հայերի դեմ: Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մոտ հարյուր հազար հայերի ստիպել է լքել Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Սենատորը խոսել է նաեւ էթնիկ զտումների սպառնալիքների մասին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը բավարար չի եղել, ահա, թե ինչու ինքն ավելի շատ առաջ է քաշել մարդասիրական օգնության հարցը՝ օգնելու տուժածներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Մենք փորձեցինք անձամբ նրանից պարզել իրականությունը, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Նշենք, որ Միքայել Արզումանյանի գործով առերեսումների գործընթացը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ: Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին եւ գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց եւ կոնկրետ հարցադրումներ արել:

Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը:

Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի՝ ԿԳԲ «պադվալում» վատացել է, եւ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկակական կենտրոն: Ավելին՝ նա այնքան վատ վիճակում է եղել, որ երեկ անգամ ի վիճակի չի եղել գնալ Հակակոռուպցիոն դատարան եւ մասնակցել նիստի:

Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով կալանքի տակ են ԱԱԾ-ն, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը: Իսկ ահա զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) ազատության մեջ է:

Հավելենք, որ Ստեփան Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 




Լրահոս