ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հակակառուխցիոն կոմիտեի կողմից կաշառքի գործով ձերբակալված ՊՆ պաշտոնյան Շիրակի մարզի զորամասի հրամանատար Վահե Ավագյանն է:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար, Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափի կաշառք:
Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից վերադաս պաշտոնատար անձին 734.040 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է նույն զորամասի հրամանատար, իր մտերիմ Վ. Ա.-ին, ով իր հերթին համաձայնել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին, ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու:
Համաձայն նախապես ձեռք բերած պայմանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին Տ. Չ.-ն Վ. Ս.-ին է փոխանցել 1500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, ով իր հերթին այն փոխանցել է Վ. Ա.-ին:
Արդյունքում` Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնում, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, եւ Տ. Չ.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնին:
Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ եւ, նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այնուհետեւ Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, ով ընդունել է 906.520 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու:
Արդյունքում` Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը եւ մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում:
15.11.2022 թ.-ին Վ. Ա.-ն, Վ. Ս.-ն, Տ. Չ.-ն եւ Հ. Ա.-ն ձերբակալվել են: Նույն օրը Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, Վ. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, Հ. Ա.-ին եւ Տ. Չ.-ին` 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ա.-ի եւ Հ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻԵԴ-Ի ՆՈՐ ՎՃԻՌԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՄԻԵԴ-ը նոր վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը վերաբերում է Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործին:
ՄԻԵԴ վճռով հաստատվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել ոստիկանության բաժին անօրինական բերման ենթարկված Խալաֆյանին, խախտվել են կյանքի եւ խոշտանգումների արգելքի իրավունքները:
2010 թվականին գողության կասկածանքով 24-ամյա Վահան Խալաֆյանը տարվել էր Չարենցավանի ոստիկանության բաժին, որտեղ չի տվել ինքնախոստովանական ցուցմունք, ինչից հետո նրա նկատմամբ սկսել են բռնություն կիրառել։ Պաշտոնական վարկածում առկա տվյալների համաձայն՝ բերման ենթարկվելուց կարճ ժամանակ անց Խալաֆյանը ոստիկանական սենյակի պահարանից վայրկյանների ընթացքում վերցրել է խոհանոցային դանակը, բարձրացրել վերնահագուստը, իջեցրել տաբատը ու 2 անգամ հարվածել է իր որովայնին, ինչից հետո ընկել է հատակին։ Տեղում փորձել են ցուցաբերել օգնություն, կանչել են շտապօգնություն, 40 րոպե անց նա հիվանդանոցում մահացել է։
Դատարանը մեղավոր էր ճանաչել 2 ոստիկանի՝ լիազորությունները գերազանցելու հոդվածով, ընդ որում՝ նրանցից մեկը պայմանական է ազատազրկվել։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը գործը քննության չի ընդունել։
Խալաֆյանի մայրը եւ հարազատները վիճարկել են ինքնասպանության վարկածը, պնդել, որ բազմաթիվ ապացույցներ չեն հետազոտվել։
ՄԻԵԴ-ը կասկածի տակ է դնում նաեւ դատաբժշկական փորձաքննությունների օբյեկտիվությունը, քանի որ փորձագետները ինքնասպանության վարկածը դիտարկել են որպես հաստատված փաստ։ ՄԻԵԴ-ը նաեւ նկատել է, որ Խալաֆյանը, փաստորեն, իրականում մոտ ութ ժամ մնացել է ոստիկանական բաժանմունքում նախքան դանակահարությունը, սակայն իշխանությունները այդպես էլ ջանք չեն գործադրել պարզելու, թե նա այնտեղ ինչ վերաբերմունքի է արժանացել եւ իրականում ինչ հանգամանքներում է մահացել։
Կառավարությունը դիմումատուներին համատեղ պետք է տրամադրի 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՏԵԼ ԵՆ ԹԱՔՍՏՈՑԻՑ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Կ.Մ. անվամբ՝ քաղաքացի Հ. Շ.-ի կողմից բերված սառնարանը։
ԱՆ-ից հայտնում են, որ զննությամբ պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։ Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են եւ ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։ Արդյունքում՝ սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ եւ բջջային հեռախոսի 2 մարտկոց։
ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ Է
Քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու արդյունքում մեկ զինծառայողի մահվան եւ մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասներ ներկայացնելով:
Այսպես. նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը իր կողմից վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի արդյունքում մեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել են կայազորային զինվորական հոսպիտալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, ըստ ՊՆ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 09:50-ի սահմաններում, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետեւանքով մահացածը զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանն է (ծնված՝ 2000թ.), տուժել է նաեւ 7 զինծառայող: