Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-իին որոշում է ստորագրել ՀԱՊԿ նիստի պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու մասին:
Նա համապատասխան հանձնարարականներ է տվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ու ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին, ոստիկանապետին, տեսչական մարմիններին, ԱԱԾ-ին, ֆինանսների ու ՏԿԵ նախարարություններին, քաղավիացիայի կոմիտեին:
Որոշման մեջ ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի նոյեմբերի 22-23-ը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) ապահովել միջոցառումների կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցներում, ապահովել նրանց սնունդը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել պատվիրակությունների և միջոցառման կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավված այլ մասնակիցների թեստավորումը (ՊՇՌ մեթոդով), շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության` մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենին՝ իրականացնել անհրաժեշտ փորձաքննություններ, տրամադրել եզրակացություններ, ներկայացնել ամփոփ տեղեկանքներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներկայացրած հայտի։
6. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, փորձաքննություններ, տրամադրել եզրակացություններ և տեղեկանքներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներկայացրած հայտի։
7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
8. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման հետ կապված վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթների սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման վայրերում կատարվելիք կահավորման և նախապատրաստական այլ աշխատանքների, ինչպես նաև արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինը: