Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում մեկնարկած ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստում ողջունել է գործընկերներին: Այս մասին տեղեկանում է ԱԳՆ կայքից:
«Վաղը տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: Մենք քննարկելու ենք շատ կարևոր հարցեր, կարևոր մեր երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ համար: Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո»,-հայտարարել էԱրարատ Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է՝ ՀԱՊԿ օրակարգում մոտ երկու տասնյակ փաստաթղթեր կան, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ: Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում, և առաջարկում եմ սկսել աշխատանքները»,-ասել է նա: