«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Մենք խոստացել ենք, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կմեծացնենք ու կդարձնենք 35-40 տոկոս։ Այդ խոստումն ի կատար է ածվել. ամենաթարմ տվյալներով՝ մենք 2022 թվականի արդյունքներով՝ 2018 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամտային մասն ավելացնում ենք շուրջ 578 մլրդ դրամով, որը շուրջ 43 տոկոս է»: Այս մասին հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հենց այստեղ էլ թաքնված է Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը: Ուշադրություն դարձրեք, որ իր խոսքերում նա նշում է 1-2 տարվա ընթացքում իր խոստումն ի կատար ածելու մասին, սակայն որպես ժամանակահատված համեմատում է 2022 թվականը 2018-ի հետ, որն արդեն չորս տարի է անում:
Այսինքն՝ նրա խոստումը կատարվել է ավելի երկար ժամանակահատվածում, քան իրենք խոստացել էին։ Նրանք խոստացել էին բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով ավելացնել 1-2 տարում, ավելացրել են 4-5 տարում։ Եվ սա էլ իր հերթին վկայում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին եւ ներկայացրել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ կրում են մանիպուլատիվ բնույթ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։