ՀԱՊԿ-ը 2 ամիս ուշացումով ընդունեց Հայաստանի տարածքների օկուպացիայի փաստը. Արևելյան գործընկերության պլատֆորմը պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին.

«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Երեւանում ս.թ. նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ:
Վերջին շրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքան և տարածաշրջանային զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ կողմից իրականացվող գործողությունները չեն արձագանքում այդ կառույցի անդամների անվտանգային մարտահրավերներին, փոխարենը հաճախ սպասարկում են որոշ երկրների ներքին քաղաքական օրակարգերը և ծառայում քաղաքական ռեժիմների վերարտադրման նպատակին։ Այդպես, ս.թ. հունվարին ՀԱՊԿ-ը Ղազախստանի հրավերով իր խաղաղապահներին գործուղեց այդ երկիր՝ իրականացնելու գործառույթներ, որոնք իրենց բնույթով խաղաղապահությանը չէին վերաբերում, մինչդեռ երբ 2021թ. մայիսի 12-ին, ապաեւ՝ ս.թ. սեպտեմբերի 12-14-ը Հայաստանը դարձավ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի ագրեսիայի թիրախ, եւ նրա տարածքներից շուրջ 150 քառակուսի կիլոմետր օկուպացվեց, իսկ հարյուրավոր զինվորներ եւ խաղաղ բնակիչներ զոհվեցին, վիրավորվեցին, գերեւարվեցին, խոշտանգվեցին կամգնդակահարվեցին, իսկ խոշտանգման և գնդակահարության դեպքերը նկարահանվեցին հենց ադրբեջանցի զինվորականների կողմից և տարածվեցին համացանցում, ՀԱՊԿ որեւէ երկիրչդատապարտեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, նրա տարածքների օկուպացիան եւ Հայաստանի քաղաքացիների հանդեպ կատարված ռազմական հանցագործությունները:

Միևնույն ժամանակ Հայաստանի սուվերենության և անվտանգության պաշտպանությանն ուղղված գործուն քայլերով աչքի ընկան մեր երկրի արեւմտյան գործընկերները՝Եվրամիությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ եւ Ֆրանսիան, որոնք այլ գործողությունների թվում նաեւ դատապարտեցին Հայաստանի դեմ ուղղված ոտնձգությունները: Հենց ԱՄՆ միջնորդությամբ կանգնեցվեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, իսկ Հայաստանի արեւելյան սահմանին տեղակայվեցին Եվրամիության քաղաքացիական դիտորդներ՝ զսպելու համար Ալիեւի ռեժիմի հետագա ագրեսիվ նկրտումները:
Մենք նաեւ բարձր ենք գնահատում ադրբեջանական հասարակության առաջադեմ այն ներկայացուցիչների կեցվածքը, ովքեր եւս դատապարտեցին Հայաստանի դեմ ագրեսիան եւ նոր պատերազմի սանձազերծումը, ինչը հույս է ներշնչում երկու ժողովուրդների միջեւ խաղաղ համակեցության հեռանկարի հանդեպ:

Մինչդեռ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի ներկայացուցիչը ս.թ. սեպտեմբերի 15-ին հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում միակն էր, ով փաստացի պաշտպանեց եւ արդարացրեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ տարածքների օկուպացիան՝ անվանելով դա«դելիմիտացիայի դժվարություններ»: Միայն Հայաստանի իշխանությունների հետեւողական պահանջներից հետո ՀԱՊԿ-ը 2 ամիս ուշացումով ընդունեց Հայաստանի տարածքների օկուպացիայի փաստը, սակայն դրանով հանդերձ՝ մերժեց ՀԱՊԿ վերջին առցանց նիստի ընթացքում ՀՀ վարչապետի առաջարկած ճանապարհային քարտեզը ընդունումը, որովսահմանվելու էր Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման մեխանիզմը: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնող Բելառուսի նախագահ Լուկաշենկոն բաց տեքստով հրապարակային հայտարարեց, որ ոչ մի նման ճանապարհային քարտեզ չի կարող կազմվել, քանի որ «Իլհամ Ալիեւը մեր մարդն է»: Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորված էր Կրեմլի հետ համատեղ եւ ողղված էր ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության, այլեւ նրա անկախության եւ ինքնիշխանության դեմ:
Միաժամանակ, ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանը եւ Բելառուսը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ 1991թ.-ից ի վեր երրորդ անգամ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի հարձակողական սպառազինությունների հիմնական մատակարարներն են: Մյուս կողմից՝Ռուսաստանը մինչ օրս հրաժարվում է կատարել 2020թ.-ին ՀԱՊԿ կարգավորումների ներքո իրենից Հայաստանի գնած սպառազինությունների մատակարարումները: Սրան պետք է ավելացնել նաեւ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ շնորհավորել են Ադրբեջանին 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ վերջինի ագրեսիայի ընթացքում «հաղթանակի» կապակցությամբ:

Բացի այդ, ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը չհրահրված եւ ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝ զավթելով նրա տարածքների զգալի մասը, սպանելով տասնյակ հազարավոր նրա քաղաքացիների, փախստական կամ ներքին տեղահանված անձ դարձնելով շուրջ 10 միլիոն մարդու, կատարելով բազմաթիվ այլ հանցագործություններ եւ պատճառելով Ուկրաինայի ժողովրդին բազմաթիվ տառապանքներ, ինչը դատապարտվել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի, նրա Հայաստանի ազգային պլատֆորմի ևբազմաթիվ այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եւ երկրների կողմից: Այս առումով անընդունելի ենք համարում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսի միջոցով Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերությունների կողմից այլատյացություն եւ պատերազմի քարոզչություն սփռումը, ինչն արգելված է ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով:

Հիմք ընդունելով վերը թվարկածը, ինչպես նաեւ համոզմունք ունենալով, որ Հայաստանի տեղը ոչ թե ավտորիտար ռեժիմներիակումբում է, այլ ժողովրդավարական երկրների Եվրոպական ընտանիքում՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է Հայաստանի կառավարությունից.
1. Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կատարելով՝ դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից.
2. Արգելել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերությունների՝ առաջին հերթին վերգետնյա հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով:
3. Ակտիվացնել բանակցությունները արեւմտյան գործընկերների հետ՝ ռազմական եւ անվտանգային համագործակցության խորացմանեւ մեր երկրի անվտանգության ապահովման նպատակով:
4. Վերսկսել Եվրամիության հետ բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալու նպատակով»:




Լրահոս